HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասում են` ներում պիտի խնդրի

Հանրապետության հիմնադիր նախագահի թեկնածությանը վերապահումով վերաբերվող մարդկանց մի ստվար հատված ասում է, թե քաղաքականություն վերադառնալու եւ ժողովրդի քվեին արժանանալու համար Տեր-Պետրոսյանը պետք է ներում խնդրի։

Սա մեկն է հանրության մեջ տարածված այն մտակաղապարներից, որ մարդիկ կրկնում են անընդհատ՝ շատ հաճախ չկասկածելով իրենց ասածի իրավացիությանն ու արդարացիությանը։ Այսինքն՝ այսպես մտածողներն ուզում են, որ Տեր-Պետրոսյանն ընդունի մեկուկես տասնամյակի ընթացքում իր քաղաքական հակառակորդների կողմից շրջանառության մեջ դրված կասկածելի փաստերը՝ իրենց կողմից ոչինչ չանելով դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը պարզելու ուղղությամբ։

Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է։ Խավարի ու ցրտի տարիները կարելի է բարդել Տեր-Պետրոսյանի եւ նրա իշխանության վրա, եթե այն դիտարկում ես պատերազմի, շրջափակման իրողությունների եւ Խորհրդային Միության համակարգի մաս կազմող հայաստանյան տնտեսության փլուզման ենթատեքստից դուրս։

Աղքատությունն ու գործազրկությունն էլ կարելի է վերագրել առաջին նախագահին, եթե նկատի չունենաս, որ 1991-ի համաժողովրդական հանրաքվեով անկախություն ձեռք բերած Հայաստանը պետք է նորից սկսեր սեփական տնտեսության կառուցումը՝ միաժամանակ այն փոխադրելով պլանայինից դեպի շուկայական։

Ամենապոպուլյար վերագրումն, այսպես կոչված, մազութի գործն է, որը 1998-ի իշխանափոխությունից հետո դարձավ շահարկման առարկա, բայց այդպես էլ չբացահայտվեց։ Ի՞նչ էր «մազութի գործը», ի՞նչ պարզվեց ուսումնասիրությունների արդյունքում, հանրությունը չիմացավ։ Եւ այսօր ներկա իշխանություններից հաշիվ պահանջելու փոխարեն, շատերը շարունակում են այդ «մութ պատմությունն» անարդարացիորեն վերագրել նախկին իշխանություններին։

Նույնքան պոպուլյար է նաեւ «շրջապատի» հարցը, եւ այսօր էլ շատերը պատրաստ են ընտրել Տեր-Պետրոսյանին՝ պայմանով, որ նա հրաժարվի կամ իրենից հեռացնի նախկին շրջապատին։ Այս վերագրումը շրջանառության մեջ է դրվել անկախության առաջին տարիներին հիմնականում խորհրդային նոմենկլատուրայի կողմից։ Նրանք, ովքեր կուսակցական ու պետական ապարատների վերեւում էին, պատմական հանգամանքների բերումով կորցրին իրենց դիրքերը եւ, նոր ժամանակի ու նոր իրականության մեջ տեղ չգտնելով, վրեժ էին լուծում «նորերին» սեւացնելով։

Իրականում Տեր-Պետրոսյանը կանգնած էր աներեւակայելի դժվար ընտրության առջեւ։ Մի կողմում խորհրդային ղեկավարման համակարգի ներկայացուցիչներն էին, մյուս կողմում՝ շարժման ընթացքում որոշակի կազմակերպչական ունակություններ դրսեւորած մարդիկ։ Խորհրդային ղեկավարման համակարգի ներկայացուցիչներն, ունենալով բավականին մեծ փորձ, հեռու էին նոր ձեւավորվող շուկայական համակարգից, իսկ նոր մարդիկ, լինելով ազատ տնտեսության գաղափարի կրողներ, չունեին կառավարման բավարար փորձ։ Այսուհանդերձ, Տեր-Պետրոսյանին հաջողվեց ձեւավորել մի թիմ, որի անդամները, կառավարման հմտությունները յուրացնելուն զուգահեռ, կարողանում էին Հայաստանի համար դժվարին ժամանակներում կայացնել բավական բարդ ու պատասխանատու որոշումներ։

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ իշխանությունը ստեղծում էր նոր, մինչ այդ Հայաստանում չեղած կառուցվածքներ, ինչպես, օրինակ, հարկային եւ մաքսային գերատեսչությունները, պաշտպանության նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը (ՀԽՍՀ արդյունաբերության նախարարությունից տարբեր գործառույթներով եւ աշխատանքի ծավալով), արտաքին գործերի նախարարությունը, որը ոչ մի կապ չուներ մինչ այդ եղած նույնանուն ձեւական կառույցի հետ։

Նոր անկախացած Հայաստանի իշխանության համար բավական բարդ խնդիր էր խորհրդային ԿԳԲ-ի հայկական մասնաճյուղն ազգային անվտանգության գերատեսչություն դարձնելը։ Դժվարին խնդիր էր նաեւ դեսպանատներ ստեղծելն ու դիվանագետներ գտնելը, որոնք (նույնպես) բարդ պայմաններում պետք է յուրացնեին աշխատանքի նրբություններն ու տարբեր երկրներում ներկայացնեին Հայաստանը։

Այս իրավիճակում Տեր-Պետրոսյանին հաջողվեց հավաքել հին ու նոր կադրերից կազմված թիմ։ Խորհրդային ղեկավարներից նրա կառավարությունում աշխատեցին Վլադիմիր Մովսիսյանը (ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար), Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչ), Հրանուշ Հակոբյանը (ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար), Արտաշես Թումանյանը (ՀԿԿ շրջկոմի քարտուղար), Վիգեն Խաչատրյանը (ՀԿԿ շրջկոմի քարտուղար), Հուսիկ Հարությունյանը (ՀԽՍՀ ՆԳ նախարար), Կառլոս Ղազարյանը (ՀԽՍՀ ՆԳ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա), Սուրեն Աբրահամյանը (ՀԽՍՀ ՆԳ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա) եւ ուրիշներ։

Քիչ չէին նաեւ ոչ ՀՀՇ-ական պաշտոնյաները, ինչպես, օրինակ, Վարդգես Գնունին (կրթության եւ գիտության նախարար), Հակոբ Մովսեսը (մշակույթի նախարար), Ֆելիքս Փիրումյանը (քաղաքաշինության նախարար, Շիրակի մարզպետ), Գագիկ Մարտիրոսյանը (քաղաքաշինության, էներգետիկայի նախարար), Արա Բաբլոյանը (առողջապահության նախարար), Արտաշես Պետրոսյանը (կրթության եւ գիտության նախարար) եւ ուրիշներ։

Նշվածների հետ նույն թիմում աշխատում էին ՀՀՇ-ն ներկայացնող մարդիկ՝ Հրանտ Բագրատյան (վարչապետ), Վազգեն Սարգսյան (պաշտպանության նախարար), ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան (պաշտպանության նախարար), Վանո Սիրադեղյան (ՆԳ նախարար, Երեւանի քաղաքապետ), Դավիթ Շահնազարյան (Ազգային անվտանգության վարչության պետ), Սերժ Սարգսյան (ՆԳ եւ ԱԱ նախարար), Երջանիկ Աբգարյան (մաքսային վարչության պետ), Բագրատ Ասատրյան (Կենտրոնական բանկի նախագահ), Լեւոն Բարխուդարյան (ֆինանսների նախարար), Վահան Փափազյան եւ Ալեքսանդր Արզումանյան (արտաքին գործերի նախարարներ) եւ ուրիշներ։

Հիմնականում սա էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը, կառավարության քաղաքական թիմը։ 98-ի իշխանափոխությունից հետո, չնայած նշված եւ չնշված մարդկանց հանցավոր գործունեության մասին հյուսվող անվերջանալի լեգենդներին, ոչ մեկը չի հետապնդվել ներկա իշխանությունների կողմից, չի բացահայտվել ոչ մի գործ, չի եղել ոչ մի դատավարություն։

Բացառությունը Վանո Սիրադեղյանն է, ում դեմ սարքված գործի ցուցմունքների միակ հեղինակը, որ էր նաեւ իր վկայած հանցանքի կատարողը, Սիրադեղյանի հեռանալուց հետո ժամանակից շուտ ազատ արձակվեց եւ 2003-ի նախագահական ընտրություններից առաջ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանի տարածքային նախընտրական շտաբերից մեկը։

Մեկ հոդվածի շրջանակում ավելորդ եմ համարում թվարկել պետության կայացման համար անհրաժեշտ այն գործերը, որոնք կատարվեցին այս մարդկանց կողմից։ Բավական է փաստել միայն, որ 1991-98 թվականները Հայաստանում անցան առանց լուրջ քաղաքական ցնցումների, իսկ տնտեսական դժվարությունները հաղթահարվեցին ոչ թե օրվա լուծումներով, այլ՝ սկզբունքային բարեփոխումներով։

Այս կառավարության հակառակորդները մահացու մեղք էին համարում արդյունաբերական ձեռնարկությունների, այսպես կոչված, թալանը։ Այն, որ թալանի գործով նույնպես որեւէ բացահայտում չի եղել, թողնենք ներկա իշխանությունների պատասխանատվությանը։ Ես կարող եմ ասել միայն, որ տարբեր առիթներ եմ ունեցել լինելու «թալանվածների» ցուցակում հայտնված ձեռնարկություններում եւ չեմ տեսել դրա հետքերը։

Բացի այդ, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանի կառավարությունում վարչապետ աշխատած Հրանտ Բագրատյանը, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը սկսվել է 1998-ից, մինչ այդ սեփականաշնորհվել են առեւտրի եւ սպասարկման օբյեկտները։

Նրանք, ովքեր գտնում են, թե քաղաքականություն վերադառնալուց առաջ Տեր-Պետրոսյանը պետք է ներում խնդրի ժողովրդից, ոչ միայն չեն փորձում վերհիշել անցյալը, համադրել կամ հակադրել փաստերը, այլեւ չեն ըմբռնել նրա հրաժարականի բարոյական արժեքը։ Հանցագործության եւ մեղքերի մեջ թաղված ղեկավարությունը երբեք ինքնակամ չի հրաժարվում իշխանությունից։ (Պատկերացնո՞ւմ եք ներկա վարչակարգի ինքնակամ հրաժարականը։) Եւ ոչ միայն ինքնակամ չի հրաժարվում, այլեւ առանց «թերահավատ զանգվածների» հիշեցման ներում չի խնդրում։

Ասածս փաստելու համար բավարար է միայն մեջբերել Տեր-Պետրոսյանի հրաժարականի ելույթի վերջին տողը. «Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը» («Հայաստանի Հանրապետություն», 04.02.1998թ.):

Մնաց միայն Արցախի շահերին դավաճանելը՝ մահացու մեղքերից ամենակարեւորը։ Սրա լավագույն հերքումը Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ կրկին քաղաքական ասպարեզ վերադառնալու հայտ ներկայացնելն է։ Եթե մարդն Արցախի շահերին դավաճանած լիներ կամ դավաճանելու միտք ունեցած լիներ, 98-ի հրաժարականը փրկություն համարելով՝ կփակվեր էքս-նախագահի իր տանն ու երբեք չէր փորձի իր ուսերը նորից դնել հակամարտության կարգավորման ծանր բեռի տակ։ Բեռ, որի կրողն անցած տասը տարում չկարողացան լինել 98-ին Ղարաբաղի հարցի պատրվակով հրաժարական պահանջած քաղաքական այրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter