HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի հայտնի վեճի գործով հարցաքննվում են վկաները

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում շարունակվեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության պետ Արսեն Չիթչյանի, վերջինիս մորաքրոջ որդու, Ախթալայի ԼՀԿ-ի անվտանգության ծառայության աշխատակից Էդգար Հախվերդյանի և Ախթալայի բնակիչ Կարեն Խաչիկյանի գործի դատաքննությունը:

Դատարանը լսեց գործով ներգրավված երկու վկաների ցուցմունքեր: Վկաներից Հասմիկ Հայկազի Խաչիկյանը անչափահաս էր: Նա սովորում է Ախթալայի թիվ 2 դպրոցի 5-րդ դասարանում: Հասմիկ Խաչիկյանը դատարանին ցուցմունքներ տվեց մանկավարժի` Ախթալայի թիվ 2 դպրոցի տնօրեն Շուշանիկ Հոբոսյանի ներկայությամբ. «Ես Սյուզին, Նարեն և Նարեկը էդ օրը գնացինք Սոֆիկ տոտայենց տուն: Հետո Սյուզին գնաց պատուհանի մոտ կանգնեց, ու հանկարծ ասաց, որ Հայկի ավտոն ջարդում եմ, այսինքն՝ իմ պապայի: Ես միանգամից վազեցի պատուհանի մոտ: Տեսա, որ երկու տղամարդ պապայիս ավտոն, մեկը դուռը, մյուսը դիմապակին ջարդում են: Հետո բարձրացան մեքենայի վրա և սկսեցին թռվռալ: Նրանց մեքենայից հեռացան, Սոֆիկ տոտան ինձ, Նարեին, Նարեկին, Սյուզիին տարավ մյուս սենյակ, իսկ Սյուզին գնաց դռան մոտ կանգնեց: Դրանից հետո մենակ բաժակների չխկոցներ եմ լսել»,- ասաց վկա Հասմիկ Խաչիկյանը:

Մեղադրող Արմեն Շիրոյանի հարցին, թե չտեսա՞վ՝ ովքեր էին այդ տղաները, Հասմիկը պատասխանեց. «Երկու հոգի էին, մեկին ճանաչում եմ, մյուսին` ոչ: Իրա անունը չգիտեմ, բայց մականունը գիտեմ: Մականունը ասե՞մ: Բոդոլ: Ինքը Ախթալա քաղաքից է»:

Գործով վկա Վարդուհի Եգորյանը դատարանին հայտնեց, որ Արսեն Չիթչյանին մի 3 տարի առաջ իրենց տանն է տեսել: Իսկ ամբաստանյալ Էդգար Հախվերդյանին չի ճանաչում: Վկան, սակայն պատմեց, որ դեպքի օրը ամուսինը` Իվան Ջաղինյանը, ժամը 18:00-ից հետո, մեքենայի վրա գործ էր անում, երբ ուժեղ դնգդնգոցների ձայներ լսեցին. «Ամուսինս բարձրացավ վերևի շենք ու շատ շուտ հետ եկավ: Երբ հարցրեցի ինչու այդպես շուտ հետ եկավ, ամուսինս ասաց. «Շենք մտան, ձեռքներին զենք կար, Էդգարի ձեռքին է զենքը»»: Այնուհետև վկան դատարանին ասաց, որ ամուսինը դանակ է ուզեցել վերցնել, սակայն այն ընթացքում ինքը և տղան չեն թողել, որ նա տանից դուրս գա. «Մի պահ ես դուրս եկա մեր բալկոն, Խաչիկյան Գարիկը մեքենայով ուզում էր բարձրանալ շենքի դուռը: Այդ ժամանակ մեկը վերևից Գարիկին սպառնաց, որ վերև չգաս, կգյուլլեմ: Ասողն էլ Էդգարն էր: Գարիկը մեքենայով իջավ մեր տան հետևը: Անցել էր երևի մի 10 րոպե, տեսանք, որ մեր դարպասներին ուժեղ խփում են, էլի հայհոյանքներով և սպառնալիքներով: Ամուսինս մեզ ասաց, որ հանկարծ տանից դուրս չգանք: Ամուսինս դուրս եկավ բալկոն, նրանք 3 հոգի էին: Արսենը արդեն մտել էր մեր հայաթը, իսկ մյուսը բալկոնից էր ուզում ներս թռնել, ամուսինս չէր թողնում: Այդ ժամանակ ես կանգնած վարագույրի հետևից նայում էի: Այդպես հայհոյանքներ, սպառնալիքներ: «Պատասխան եք տալու»,- ասում էր Արսենը: Ամուսինս էլ ասում էր. «Արսեն հանգստացիր, հանգիստ խոսանք, ինչ պատասխան ուզում ես՝ քեզ կտամ: Բայց Արսենը չէր լսում: Նրանք հայհոյանքերով ուզում էին մեր տուն գալ, ամուսինս չթողեց: Հետո Արսենը քաշեց Էդգարի թևից, նստեցին մեքենա ու գնացին»,- դատարանին հայտնեց վկան:

Ի պատասխան մեղադրող Արմեն Շիրոյանի հարցի վկա Վարդուհի Եգորյանը պատասխանեց, որ իրենց տունը սեփական տուն է , իրենց տան առաջով էլ բարձրանում են Կարեն Խաչիկյանենց շենքը: Ըստ վկայի՝ ամբաստանյալների հայհոյանքները տևել են երևի 10-15 րոպե:

Ամբաստանյալ Արսեն Չիթչյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկային նախատեց. «Դուք նկարագրում եք գործողություններ, մեկ ասում եք՝ չեք ճանաչում Էդգարին, մեկ էլ գործողություններ եք նկարագում և ասում եք, որ Էդգարն է: Որտեղի՞ց տեղեկություն ունեք, որ իր անունը Էդգար է, և ինչու՞ եք դատարանում հակասական ցուցմունքներ տալիս»: Վկան պաշտպանին պատասխանեց, որ հակասական ցումունքներ չի տալիս. «Ամուսինս ասաց, որ զենքը Էդգարի ձեռքին է եղել, ես չեմ ճանչում, որ Էդգարն ինքն է»: «Դուք ասացիք, որ վերևից Գարիկին ասել են՝ մի արի, ասողն էլ Էդգարն է եղել, որտեղի՞ց եք լսել Դուք Էդգարի ձայնը»,- հարցրեց պաշտպանը: Վարդուհի Եգորյանը ասաց, որ այդ մասին իրեն Գարիկ Խաչիկյանն է ասել:

Պաշտպանը ամեն կերպ փորձում էր վկայից կորզել, որ նախաքննության ընթացքում նրան քննիչը ուղղորդել է. «Դուք դատարանին ասացիք, որ Արսենի, առավել ևս Էդգարի ազգանունը չեք իմացել, կարո՞ղ եք ասել՝ նախաքննության ընթացքում էլ չեք իմացել նրանց անունները»: Վկան պատասխանեց, որ Արսեն Չիթչյանի ազգանունը չի իմացել, սակայն գիտեցել է, որ նրան բոլորը Բոդոլ են ասում, առաջին քննիչը, ով իրեն հարցաքննում էր, ինքը ասեց` Արսեն Չիթչյան: «Այսինքն՝ քննիչն է Ձեզ հուշել, որ անունը գրես»,- կրկին հարցրեց պաշտպանը: «Քննիչը ասեց անունը, բա էլ ո՞վ պետք է ասեր ինձ»,- պատասխանեց վկան:

Պաշտպանին նաև հետաքրքրեց, թե ինչ էին ուզում ամբաստանյալները Ջաղինյաններից. «Անցյալ տարին գարնանը ԼՀԿ-ի բանվորները բողոքում էին արտահագուստ չտալու պատճառով, որ բողոքից առաջ՝ վերջին ամիսներին, բանվորները հաց էին ուտում ոտքի վրա, իրավունք չեն ունեցել նստելու»: «Ուրեմն եթե աշխատողները կանգնած էին ուտում, ուրեմն Արսենն էլ կանգնած էր ուտում, եկել էր՝ ի՞նչ աներ»,- վկային ընդհատեց պաշտպանը: Վկան դատարանից ջուր խնդրեց: Հետո դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանին. «Դուք ինձ ձեռք եք առնում»: Այնուհետև վկան փորձում էր բացատրել, սակայն պաշտպանը նրան զուգահեռ խոսում էր: «Հարգելի պաշտպան, թույլ տվեք՝ վկան պատասխանի ձեր հարցերին»,- պաշտպանին դիտողություն արեց դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

Վկայի բացատրությունից հետո էլ դատական նիստը հետաձգվեց` գործով վկա, մեկ այլ գործով մեղադրյալ Վազգեն Խաչիկյանին դատարան ներկայացնելու և գործով 2 այլ վկաների բերման ենթարկելու անհրաժեշտությունից ելնելով: Հաջորդ դատական նիտը տեղի կունենա մայիսի 3-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter