HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՀ ուսումնասիրություն. «Հանքարդյունաբերությունը հանգեցնում է աղքատության և եկամտի անհավասար բաշխման»

Երևան - Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հակոբյան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի հետ համատեղ իրականացրել է ուսումնասիրություն, համաձայն որի 2004-2010 թվականներին հանքարդյունաբերությունը Հայաստանում նպաստել է տնտեսական աճին՝ միաժամանակ հանգեցնելով եկամուտների անհավասար բաշխման և աղքատության:

Ուսումնասիրության գլխավոր հետազոտող և հեղինակ, դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը դիտարկել է տարածաշրջանային տվյալները և իր զեկույցում նշել, որ հանքարդյունաբերությունն ունի որոշակի դրական ազդեցություն տնտեսության աճի վրա:

«Սա համահունչ է հանքարդյունաբերության կողմնակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդմանը, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության աճի համար»,- ասաց ՀԱՀ-ի տնտեսագիտության դոցենտ Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանի վերլուծությունները, մյուս կողմից, նաև ցույց են տալիս, որ «...հանքարդյունաբերության արդյունքում սովորաբար մեծանում է եկամուտների անհավասար բաշխումը և խորանում է աղքատությունը մասնավորապես Հայաստանի այն մարզերում, որտեղ առկա է հանքարդյունաբերական ոլորտը»։

Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, թե այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում և առհասարակ երկրում ապահովում է միջինից մինչև երկարաժամկետ զարգացումներ։

Այս հակադրվող իրողությունները կարելի է բացատրել Հայաստանի տնտեսությունում գերիշխող մի շարք գործոններով:  

«Հանքարդյունաբերությունը, որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու համաշխարհային մետաղների գների բարձրացմանը զուգընթաց այն ավելի նշանակալի դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի մեջ»,- բացատրեց նա՝ նշելով, որ այս միտումը կշարունակվի, եթե տնտեսության մեկ այլ ոլորտ չսկսի թափ հավաքել:

Հանքարդյունաբերական ոլորտի մեկ այլ ազդեցությունն աղքատության աճն է, և սրանց փոխկապակցվածությունը, Գրիգորյանի կարծիքով, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

Հանքարդյունաբերության ունեցած ազդեցության այլ հետազոտություններ՝ կատարված ՀԱՀ-ի հանրային առողջապահության դպրոցի և Հակոբյան կենտրոնի կողմից, ցույց են տալիս հետևյալը․ որոշ բնակիչներ պնդում են, որ շատ սեփականատերեր ստիպված են շատ ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը: Ըստ Գրիգորյանի՝ այսպիսի դեպքերում, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, հանքարդյունաբերողները զրկում են գյուղացիներին այն կապիտալից, որը խիստ անհրաժեշտ է հարստություն ստեղծելու համար։

Ավելին, հանքարդյունաբերության կամ հանքային վերամշակման ոլորտում աշխատող մարդկանց չի տրամադրվում առողջական ապահովագրություն՝ մի փաստ, որը կարող է ընտանիքների ուսերին դնել առողջական լրացուցիչ ծախսեր և/կամ նվազեցնել նրանց աշխատանքային արդյունավետությունը:

Քաղաքականության դերը

«Եթե մենք ուզում ենք հանքարդյունաբերությունը դարձնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտ, ապա մենք պետք է նաև զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի դեպքում թե՛ անմիջական համայնքները, թե՛ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս»,- ասաց ՀԱՀ Հակոբյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Հանքարդյունաբերությունն ու արդյունահանող արդյունաբերությունները որոշ երկրներում նշանակալից դեր են խաղացել՝ ապահովելով երկարաժամկետ աճ, մասնավորապես՝ Նորվեգիայում, Ավստրալիայում և Բոտսվանայում։ «Այս երկրները հաջողությամբ օգտագործել են հանքարդյունաբերությունը և բարձրացրել իրենց բնակչության ճնշող մեծամասնության կենսամակարդակը, քանի որ նրանք մշակել և ներդրել են լավ հանրային քաղաքականություն»,- շեշտեց Ամիրխանյանը, ով անցած նոյեմբեր ամսին այս թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու զսպող լծակների Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է մի քանի հոգու, իսկ ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը զրկում է իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից։

Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը, իսկ ՀՆԱ-ի աճին նպաստել է մոտ 3%-ով:

ՀԱՀ-ը կազմակերպում է մեկ այլ միջազգային գիտաժողով «Բնապահպանական և մասնագիտական առողջության հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովին, որ նախատեսված է անցկացնել ապրիլի 22-23-ը, կմասնակցեն առաջատար մասնագետներ, որոնք Երևան են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունն անցումային տնտեսությունների վրա, ինչպիսին ունենք Հայաստանում: Նրանց ներկայացրած հետազոտությունները լուծումներ կառաջարկեն աշխատակիցների, համայնքների բնակչության և երեխաների մոտ աշխատանքի ու շրջակա միջավայրի ազդեցությամբ ի հայտ եկած առողջական խնդիրներին և կօգնեն այս հիմնախնդիրները լուծելուն ուղղված հանրային քաղաքականություն մշակել:

ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնը:

ՀԱՀ-ն և Հակոբյան բնապահպանական կենտրոնը նպաստում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգմանը՝ հետազոտության, կրթության ու համայնքային իրազեկման միջոցով: ՀԱՀ/ՀԲԿ հիմնական ոլորտները ներառում են՝ բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն ու պահպանություն, կառուցապատված միջավայրի կանաչապատում, մաքուր էներգետիկա և էներգախնայողություն, ինչպես նաև տեղեկատական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

ՀԱՀ-ի Բիզնեսի և Տնտեսագիտության քոլեջը տարածաշրջանի առաջատար բիզնես դպրոցն է, որը նպաստում է ձեռնարկատիրական, նորարարական և բարոյական առաջնորդության ձևավորմանն ու զարգացմանը: Վերջին 20 տարում այն սպասարկել է հայ և արտասահմանցի ուսանողների, կորպորացիաների և համայնքների:

Լուսանկարը վերցված է «Հետազոտական ֆոտոլրագրություն՝ հանուն մարդու իրավունքների և մաքուր միջավայրի» նախագծից և իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ ծրագրի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից:

Հոդվածի աղբյուրը անգլերենով՝ այստեղ

Թարգմանեցին Լիլիթ Ստեփանյանը և Աննա Աղլամազյանը

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ` [email protected]

Լուս.՝ հանքում աշխատողներն աշխատում են թունավոր, ծանր մետաղների հետ` առանց ձեռքերն ու շնչուղիները պաշտպանող ձեռնոցների և դիմակների: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter