HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Բեռլինում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնական եկեղեցիներից մեկում` Marienkirche-ում, կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումը: Հայոց մեծ եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը սկսել է Գերմանիայի թեմի առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանը՝ եկեղեցում մատուցելով պատարագ:

Ոգեկոչման արարողությունը ներկա են եղել բեռլինաբնակ գրեթե ողջ հայերը: Հրավիրյալների շարքում էր նաև Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության փոխնախագահ Ցեմ Օզդեմիրը: Վեջինս, հարգելով նահատակների հիշատակը, իր խոսքում նշել է, որ հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ է ուղղված, ցավոք, դեռ թուրքական պաշտոնական դիրքորոշումը այս հարցում չի փոխվել, բայց այն պետք է ճանաչվի և դատապարտվի Թուրքիայի կողմից:

Միջոցառմանը ելույթ են ունեցել մի շարք գերմանացի հրավիրյալներ, ովքեր հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչ են արել, ինչպես, օրինակ, հոգևոր առաջնորդ Մաթիաս Ֆենսկին, քաղաքական գործիչ Սիբիլե Թելեն, ով 2010-ին հեղինակել է «Հայերի հարցը Թուրքիայում» գիրքը և այլոք:

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը իր խոսքում նշել է, որ աշխարհը ականատես է եղել մի շարք նման ողբերգական դեպքերի, որոնք ցեղասպանության դարաշրջանում չավարտվեցին:

«Տիկնա‘յք և պարոնա‘յք, հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ է, և այն ճանաչվել է բավականին շատ երկրների կողմից, մենք երախտապարտ ենք դրա համար: Ցավալի է միայն, որ հայոց ցեղասպանության հարցի ճանաչումն այժմ նեղ աշխարհաքաղաքական շահերից է բխում: Մենք թանկ ենք վճարել մեր աշխարհաքաղաքական դիրքի համար, այնուամենայնիվ, շատ փորձությունների դիմացել ենք: Այժմ պետք է կարողանաք մեր նահատակների հիշատակը հարգել, իրագործել մեր նախնիների երազանքը, նրանց երազած Հայաստանը և ստիպել ոճրագործներին պատասխան տալու ցեղասպանության համար: Համաշխարհային հանրությունը հաշվի առնելով, շատերը նաև ճանաչելով հայոց ցեղասպանությունը, արձանագրեց, որ անպատժելիությունը ճանապարհ է հարթում մարդկության դեմ սարսափելի հանցագործության կրկնման համար: Նման ողբերգությունները կանխելու համար հարկավոր է համարձակություն` եղածը ճանաչելու և դատապարտելու»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում հնչել են հատվածներ հայկական պոեզիայից, նաև Կոմիտասյան կատարումներ, հայկական դուդուկ, երգերով հանդես է եկել նաև Բեռլինի հայկական դպրոցի երգեցողության ուսուցիչ Արտակ Կիրակոսյանը:

Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները Բեռլինում կշարունակվեն ապրիլի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter