HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մրցակիցների առաջարկները երեւանյան տրանսպորտի վերաբերյալ (ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ)

սկիզբը

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը, անդրադառնալով տրանսպորտի ոլորտին, գրեթե միաբերան նշել են, որ պետք է զարկ տրվի էլեկտրական տրանսպորտին:

ՀԱԿ-ը նախ հայտարարում է, որ տրանսպորտային երթեւեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ եւ կվերանայվի Երեւանի տրանսպորտային երթեւեկության սխեման: Ուղեւորների համար այն կդարձվի առավել հարմարավետ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից տրանսպորտային միջոցներ, այդ թվում էլեկտրոմոբիլներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը: 

Ըստ ՀԱԿ-ի ծրագրի՝ կավարտվի մետրոպոլիտենի «Բարեկամություն»-Աջափնյակ հատվածը, ինչպես նաեւ կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղու կառուցումը: 

Վերգետնյա տրանսպորտի համար կստեղծվեն պատշաճ կահավորված կանգառներ:

Քաղաքային տրանսպորտը կհարմարեցվի  տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների պահանջներին:

Իր հերթին ՀՅԴ-ն առաջարկում է ձեւավորել Երեւանը օղակող, ինչպես նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան գնացող` բնակավայրից դուրս նոր ճանապարհային ենթակառուցվածքներ, բացի դրանից՝  կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ եւ կայարաններ:

ՕԵԿ-ի թիրախում նույնպես մետրոպոլիտենի, ավտոբուսային ու տրոլեյբուսային ցանցի ընդլայնումն է, նաեւ հեծանվային տրանսպորտի զարգացումը: Կուսակցությունը ուշադրություն է հրավիրում կայանատեղիների խնդրին եւ նրան, որ պետք է արագաչափերի ու տեսախցիկների ֆիքսած խախտումների արդյունքում հավաքագրված գումարների որոշակի մասը ուղղել դեպի Երեւանի բյուջե: ՕԵԿ-ը նշում է հետեւյալ քայլերը.

•          ավելացնել ավտոբուսների եւ տրոլեյբուսների քանակը, մշակել եւ իրականացնել հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման նպատակային ծրագիր,

•          ստեղծել պայմաններ էկոլոգիապես մաքուր`հեծանվային եւ էլեկտրոմոբիլային տրանսպորտի զարգացման համար,

•          շարունակել  ժամանակի պահանջներին  համապատասխան ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման գործընթացը,

•          հնարավորություն ընձեռնել վերսկսելու Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը,

•          բարեփոխել ավտոճանապարհների կառավարման, կառուցման եւ վերանորոգման համակարգի գործունեությունը,

•          երթեւեկության կանոնները հսկող արագաչափերի եւ տեսախցիկների կողմից արձանագրված վարչական տույժերի հավաքագրման արդարացի համաչափությունը ապահովելու նպատակով դրանց որոշակի մասը ուղղել քաղաքային բյուջե` ճանապարհաշինական կարիքները հոգալու նպատակով,

•          ներդնել ավտոճանապարհների շինարարության եւ վերանորոգման որակի ապահովագրման համակարգ:

ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում վերլուծության է ենթարկել տրանսպորտի ոլորտը եւ ըստ այդմ առաջարկել իր քայլերը:

«Երեւանում դեռեւս անբավարար է ավտոբուսային երթուղիներում ներգրավված միջին տեղատարողության, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների քանակը, ուստի անհրաժեշտ է առաջիկա երկու տարիների ընթացքում գործող տրանսպորտային համակարգը համալրել բավարար թվով ավտոբուսներով:

Երթուղիները սպասարկող կազմակերպությունների պատասխանատվությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողությունը, ուղեւորների սպասարկման որակին առնչվող կարեւորագույն հարցերը պետք է լինեն քաղաքային իշխանության մշտական ուշադրության կենտրոնում:

Նպատակահարմար ենք գտնում, որպեսզի մայրաքաղաքում առաջիկա տարիներին ընդլայնվի էլեկտրատրանսպորտի գործունեությունը, մասնավորապես՝ վերգետնյա էլեկտրատրանսպորտը եւ մետրոպոլիտենը: Անհրաժեշտ է էապես ավելացնել տրոլեյբուսներով ուղեւորափոխադորւմների ծավալը: Արդիական խնդիր է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը: Ուստի, անհրաժեշտ է մեծացնել դրա տարածքային ընդգրկվածությունը եւ ընդլայնել հնարավորությունները՝ բարձրացնելով շահագործման անվտանգության մակարդակը: ԲՀԿ-ն մշակել է մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային գործուն ծրագիր, նախատեսել է ֆինանսավորման աղբյուրներ:

ԲՀԿ-ն կարեւոր է համարում նաեւ հասարակական տրանսպորտի նոր կանգառների եւ հարմարավետ նոր ավտոկայանատեղերի շահագործման հիմնախնդիրների լուծումը: Հաշվի առնելով տրանսպորտային սպասարկման բնագավառում հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա չլուծված հիմնախնդիրները՝ անհրաժեշտ է կտրուկ ավելացնել այդ սպասարկումն ապահովող հատուկ հարմարություններով տրանսպորտային միջոցների քանակը: Անհրաժեշտ է հավուր պատշաճի բարեկարգել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները՝ դրանք ապահովելով համապատասխան երթուղիների չվացուցակներով:

Լուրջ եւ ահազանգող խնդիր են մնում խցանումները, որոնք մայրաքաղաքում ստեղծում են մշտական անհարմարություններ: Ուստի, մայրաքաղաքում տրանսպորտային երթեւեկության կազմակերպման հիմնախնդիրը պետք է համալիր լուծում ստանա եւ ներառի երթեւեկության բոլոր սուբյեկտների համար տեղեկատվական ապահովման համակարգի ներդրում, խաչմերուկների եւ քաղաքային ցանցի թողունակության եւ հնարավորությունների ընդլայնում, հետիոտն երթեւեկության ամբողջական համակարգի ստեղծում»:

Մայրաքաղաքը ղեկավարող հիմնական ուժը՝ ՀՀԿ-ն, ինչպես եւ մյուս բնագավառներում, այստեղ էլ ներկայացրել է 2009-2013 թթ. կատարած աշխատանքները եւ գալիք 4 տարիներին նախատեսվող ծրագրերը:

Ըստ այդմ՝ անցնող փուլում կատարվել է հետեւյալը.

• Թվով 380 նոր ավտոբուսների շահագործում

• Երևանի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի հաստատում

• Մետրոպոլիտենի արդիականացում

• Միկրոավտոբուսների շահագործման նվազեցում

• Տրանսպորտի տեխնիկական վիճակի եւ սպասարկման որակի բարձրացում

• Երթևեկության անվտանգության բարձրացում:

Երեւանի կառավարումը վերստին ստանձնելու դեպքում ՀՀԿ-ն պատրաստվում է իրականացնել. 

• Միջին եւ մեծ ուղևորատարողությամբ ավտոբուսների թվաքանակի էական ավելացում

• Երեւանի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ստեղծում

• Ավտոկայանատեղիների կարգավորում

• Մետրոպոլիտենի արդիականացում եւ նոր շարժակազմի թարմացում, ավելացում

• Տրոլեյբուսային պարկի թարմացում

• Հասարակական տրանսպորտում բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման ծրագրի իրականացում

• Տրանսպորտի երթևեկությունը կարգավորող եւ լուսացույցային նոր համակարգի, երթեւեկության նոր նշանների տեղադրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter