HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Անգրագետը դարձել է օլիգարխ և աջ ու ձախ վայելում է, իսկ խելացի մարդը`Դոն Կիխոտ, եւ նրա պայքարը քամու հետ է»

Մարիետա Բադալյանը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, լրագրող,  օտար լեզուների մասնագետ: Նա նաեւ երգչուհի է եւ միջազգային փառատոնների, Հայաստանում անցկացված տարբեր մրցույթների դափնեկիր: Թեեւ հաջողությունների է հասել, սակայն չի դադարում դժգոհել իշխանությունների վարած քաղաքականությունից:

«Հետքի» հարցերին պատասխանում է Մարիետա Բադալյանը:

Այսօր մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ իրենց ավելի «ապահով» են զգում, երբ գովերգում են իշխանություններին: Դուք որդեգրել եք հակառակ ճանապարհը: Ինչու՞:

Ես չեմ կարող ինքս ինձ դավաճանել: Ասում եմ այն, ինչ տեսնում եմ, լսում եմ, զգում եմ: Ես տեսողությունից լավ եմ, լսողությունից` նույնպես, իսկ զգացողություն ինձ մոտ հավելյալ ձեւով զարգացել է հոգեբանություն ուսումնասիրելուց հետո, նաեւ իմ քսան տարվա դպրոցում աշխատելու փորձով:

Տեսնում եմ, որ մարդիկ քչփորում են աղբարկղերը, ոմանք` ամաչելով, ստիպված: Տեսնում եմ, որ քաղաքացիների թիվը ահռելի քանակությամբ քչացել է, մարդիկ լքում են Հայաստանը, այդ թվում եւ իմ դուստրն իր ընտանիքով: Ամուսիններով կարմիր դիպլոմով ավարտեցին բուհը, բայց աշխատանք չունենալու պատճառով լքեցին Հայստանը, իսկ այնտեղ` Մոսկվայում, նրանց սիրով առաջարկեցին աշխատանք, քանզի նման մասնագետները նրանց շատ են պետք: Ինչո՞ւ չպետք է այստեղ ունենային աշխատանք եւ աշխատեին:

Լսեցի մեր նախագահի այն ելույթը, որ ասաց` մոտեցեք քաղաքին, այնտեղ ե՛ւ գազ կա, ե՛ւ հարմարություններ…: Դա նշանակում է լքել ծայրամասային մեր գյուղերը, ինչո՞ւ:

Լսեցի նախագահի ելույթը, երբ պատասխանեց տավուշցի ծերունուն, թե արդյոք ե՞ս եմ մեղավոր, որ քո զավակները լքել են Հայստանը: Կարծում եմ, ոչինչ, ոչ մի բառ չեմ ավելացնում, իսկ ասածի հետեւանքը դարձյալ գյուղերի դատարկվելն է:

Տեսնում եմ եւ շփվում եմ դպրոցական ծրագրերի հետ, նայում եմ, թե ինչ նյութեր են զետեղված, պարզապես անթույլատրելի է: Ի՞նչ է, մեր սերունդը վա՞տ մասնագետներ է տվել, «հին» դասագրքերով: Մեր դպրոցի աշակերտներն այն ժամանակ ստանում էին հիանալի կրթություն,իսկ հիմա՞: Արդեն արեւմտյան երկրները օգտագործում են մեր կրթության հին սիստեմը, իսկ այստեղ կարծում են, թե նորն է լավը: Ահավոր դեբիլացնող դասագրքեր են մեր դպրոցներում:

Զգում եմ, որ մարդկանց մոտ տասնապատիկ ավելացել է չարությունը, դա էլ գալիս է անճարությունից: Տեսնում են` անգրագետը դարձել է օլիգարխ եւ աջ ու ձախ վայելում է, իսկ կրթություն ստացած, խելացի մարդը դարձել է Դոն Կիխոտ, եւ նրա պայքարը քամու հետ է:

Ընտրությունից  ընտրություն խոստանում են, որ Ձեր նշած խնդիրները կվերանան, եւ մարդիկ ավելի արժանավայել կապրեն, արտագաղթ չի լինի եւ այլն: Առաջընթաց նկատո՞ւմ եք:

Բոլորովին առաջընթաց  չկա, ընդհակառակը` հետընթաց է, նշածս օրինակները դրա վառ ապացույցն են: Կեղծ պայքար է գնում: Օրինակ` ծառահատումները դադարեցնելու խոստումներ են տալիս, բայց հենց մեր բակում մեկ տարվա ընթացքում վեց ծառ են կտրել:

Ի՞նչ է նշանակում արժանավայել: Այս բառն իմաստազրկվել է սովորական քաղաքացու կամ գյուղացու համար: Եթե բացեք բառարանը այդ բառիմաստը կարդաք, այնտեղ կնշվի`ունենալ բարվոք բնակարան, ապահոված լինել աշխատանքով, կարողանալ կատարել ամսական կոմունալ վճարներ, կարողանալ ամեն ամառ գնալ հանգստի` ինչպես առաջ էր, կարողանալ ընտանիքին ապահովել օրական եւ դրան էլ համապատասխան ամսական նորմալ սննդային չափաբաժնով, կարողանալ վճարել բուժսպասարկման, ուսման վարձերը, կարողանալ բողոքել ստացած վիրավորանքների համար, հիմա այդ ինստիտուտը բացարձակապես բացակայում է, եւ այլն: Սա արժանավայել բառի ընդարձակ բացատրությունն է, որը բացի մի քանի օլիգարխներից, ընդհանրապես բացակայում է սովորական ընտանիքների մոտ:

Այսինքն` ամբողջությամբ անհույս վիճա՞կ է, չկա՞ն ուղիներ այս վիճակից դուրս գալու համար:

Եթե արդեն Սյունիքի արոտավայրերն են տալիս պարսիկներին, էլ ինչի՞ մասին խոսեմ: Լավ, հո սա փուչիկ չի, որ տան պարսիկը խաղա եւ հետ վերցնեն, ջհանդամը, թե պայթած վիճակում չի լինի: Դա մեր հողն է, արդեն մեր քաղաքամայրում վխտում են պարսիկները, ամենուրեք խանութներ են բացել, ամենաընտիր տներն են գնել, քիչ-քիչ Հայստանը լցվում է մեր դարավոր թշնամիներով: Արդյոք հետեւո՞ւմ են նրանց, թե ինչով են զբաղված խանութի անվան տակ,ի՞նչ նյութերից պատրատված ապրանքներ են վաճառում: Ինչո՞ւ պետք է նրանք այստեղ տնավորվեն, ի՞նչ է, իրենց տարածքները փո՞քր են: Մեր աղջիկներին են գայթակղում իրենց կեղտոտ փողերով, վայելում են ռեստորաններում, այն դեպքում, երբ մեր ժողովրդի մեծ մասը երբեք չի կարող մտնել եւ օգտվել ռեստորանի վայելքներից: Ի՞նչ է, այդ թասիբ ասած բառը միայն բա՞ռ է: Որ փորփրեք օլիգարխ կոչվողների ծագումնաբանությունը, երեւի շատ էլ թասիբով պապեր ու նախնիներ ունեցած կլինեն, ո՞ւր կորավ այդ բառի իմաստը: Լավ, այդ փող կոչվող կեղտը այնքան ուժեղ էր, որ հաղթե՞ց հայի, հայավարի, մարդավարի ապրելու  բնազդը, վերացրեց մերը, հայկակա՞նը:

Այս ամբողջի մեղավորը իշխող օլիգարխիա՞ն է:

Ես կարծում եմ` այս ամենի մեղավորը արեւմտյան երկրներն են, որոնց շատ է հուզում Հայստան աշխահի ծագումը: Այստեղ ամենաառաջին հարցը տնտեսական հարցն է,  ինչո՞ւ պետք է նրանք թույլ տան, որ ինչ-որ Հայաստան համարվի աշխարի առաջին ազգը: Ապացույցներն ունենք, որ առաջին գրագիտություն ունեցղ ազգն ենք, դարձյալ ունենք ապացուցված մեր յոթ հազարամյա տառերի գոյությունը: Եթե սա պաշտոնապես հայտարարվի, Հայաստան կմտնի ահռելի քանակությամբ  մարդկային հոսք աշխարհի տարբեր երկրներից, իսկ դա հարյուրապատիկ, եթե ոչ հազարապատիկ կբարելավի Հայաստանի նյութական, տնտեսական վիճակը եւ այլեւս չի  լինի կախվածություն  արեւմտյան երկրներից, միջազգային բանկերից: Ինչո՞ւ պետք է թույլ տան, որ հայերը համարվեն խելոք ազգ: Եթե այդպես չէ, ինչի՞ համար են այդ չարաբաստիկ գրանտները, ինչի արդյունքում մեր լավագույն, փայլուն ուսանողներին «գողանում» են արտասահմանում կրթությունը շարունակելու պատրվակով: Ինչի՞ համար են այն բազմաթիվ «օգնության» անվան  տակ թաքնված կազմակերպությունները, ինչի՞ են ճնշման տակ պահում մեր պետությանը. փոքր ենք` դրա համար: Տեսնում եք, այքան փոքր լինելով վախենում են մեզանից, որովհետեւ մեր ազգի յուրաքանչյուր ծնված երեխա արդեն ուղեղով է ծնվում, մի նպատակային ծրագրով է ծնվում, աշխարհը վերափոխելու լավացնելու համար է ծնվում: Մեր ազգը անընդհատ տաղանդներ է ծնում, իսկ նրանք սպառել են իրենց: Կարծում եմ, միայն եւ միայն նրանց ճնշման արդյունքն է, դրա համար էլ նրանք մշտապես  ֆինանսապես  կախյալ վիճակում են պահում Հայստանին, եւ ինչպես իրենց է ձեռք տալիս, այդպես էլ վարվում են:

Լավ, ի՞նչ լուծում եք առաջարկում:

Ես այն մարդը չեմ եւ քաղաքականության մեջ չեմ թրծվել, որ լուծումներ առաջարկեմ, չնայած այդ ասպարեզից շատերին ճանաչում եմ եւ գիտեմ, որ նրանք էլ երկիր կառավարելու քաղաքականության դպրոց կամ ինստիտուտ չեն ավարտել: Կարող եմ նույնիսկ թվարկել այն անունները, որ չպետք է լինեին գոնե այդ ասպարեզում: Թող էլի ունենային իրենց բիզնեսը, էլի համարվեին ինչ-որ  մեծ կամ ահռելի  ունեցվածքների տերեր, կամ ինչպես դրսում են անվանում նրանց`«մագնատներ», կամ  «king»-եր, բայց եթե բիզնես եւ պետություն ղեկավարելու արանքում գոյություն ունի շահ, ուրեմն այդ շահն իր բուն նշանակությամբ քաղաքական գործիչ կոչվող անձի մոտ անպայման դառնում է հիմնականում կապիտալ ավելացնելու եւ մյուսների հետ  մրցման մեջ մտնելու ամենաանհրաժեշտ պայմանը, եւ երկրորդ պլան է մղվում քաղաքականությունը: Իզուր չէ, որ այլ երկրներում արգելված է նման համադրությունը, դրանք իրար հակադրող հասկացություններ են, բայց մեզ մոտ դարձել են մեկը մյուսին լրացնող կոմպոնենտներ, դրա համար էլ ոչինչ առաջ չի գնում:

Ինչ վերաբերվում է իմ առաջարկած լուծմանը, դա բոլորին էլ քաջ հայտնի է, ես հեծանիվի նոր կառուցվածք չեմ առաջարկում. աշխատացնել գործարաններ, նորից ունենանք աշխատավոր զանգված, աջակցել գյուղացիներին`ստեղծելով առաջվա պայմանները, այն, որ ունեինք սովետի ժամանակ: Եթե ես լինեի ինչ-որ մի կառույցի նախարար, անպայման կպարտադրեի այն մարդկանց, ովքեր այդքան հնարավորություն ունեն եւ օրօրի վրա քաղաքը լցնում են բազմահարկ անճոռնի շենքերով, իրենց շենքերից քսան բնակարան հատկացնել ժողովրդի այն մասին, ովքեր դեռ ապրում են 19-րդ դարի կավաշեն տներում:

Երկրորդ ամենակարեւոր քայլը` ամբողջովին վերականգնել Գյումրին: Ամոթ չէ՞, մինչեւ հիմա դեռ  մեր բառապաշարում պահում ենք «երկրաշարժ» բառն իր ամբողջ դառը իմաստային նշանակությամբ: Չվերականգնված Գյումրի, բա ամոթ չէ՞:

Միայն մի օր մեր ղեկավարները նայեն հայելու մեջ եւ Ռիչարդ 3-րդի նման զրույցի բռնվեն իրենց խղճի հետ, մի մեծ էքսկուրս կատարեն իրենց հոգու թաքուն խորխորատներում…:

Լուսանկարը` Մ. Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչքան է մեծացել Մարիետա Բադալյանը: Ինքը իմ երևի ամենասիրելի երգչուհին է: Մեծ տաղանդ է: Ես դեռ ունեմ 1990թ-ին հրատարակված իր շատ գեղեցիկ «Անանց կարոտ» (մեծ/ոչ կոմպակտ) ձայնասկավառակը: Ես շատ կուզեի նորից լսել իր «Ես կգամ,դուռդ կբանաս» երգը,որը, ցավոք, youtube-ում չգտա: Իսկ իր ասածներին համաձայն եմ:
Haj
ajo
PETROS
ճշմարիտ և խելացի մեկնաբանություն,սրտացավ վերաբերմունք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter