HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Էժան վարկերը պրծել են, եկեք թանկանոցից տանք»,- տաթեւցիներին առաջարկել են «Արդշինինվեստ» բանկից

Սվարանցի հարեւան Տաթեւ գյուղում վարկի կրկնակի մարման պահանջի մասին «սեւ թուղթ» «Սեֆ ինթերնեշընըլից» ավելի շուտ էր եկել: Համայնքապետ Մուրադ Սիմոնյանին հրավիրել էին Գորիսի առաջին ատյանի դատարան՝ որպես օրինազանց վարկառուի:

«Մեր վարկառուների խմբի ղեկավարը ես եմ եղել: 4 հոգով էինք: 2006-ին 1 մլն 400 հազար դրամ վերցրել ենք ու պարտաճանաչ մարել,- պատմում է Մուրադ Սիմոնյանը,- էն ժամանակ էնպես չէր, որ ուղիղ բանկային համակարգի հետ գործարք կատարվեր: Մենք ստացել ենք իրանց կաբինետից, իրանց կազմակերպությունից էդ գումարը եւ վճարել ենք Գորիսի մասնաճյուղի պատասխանատուին թե տոկոսները, թե մայր գումարը»:

Մուրադ Սիմոնյանն ասում է, որ վճարումների համար իրենց չեկեր են տվել, բայց հետագայում պարզվել է, որ դրանք «ֆալշ» են, այսինքն՝ կեղծ, ու հիմա այդ կեղծարարության համար պատասխան են տալիս իրենք` վարկառուները:

«Իրանք կամպյուտրից չեկ են տպել տվել, որ Մուրադ Սիմոնյանը, ասենք, էսինչ օրը մարում է արել: 5 հատ էդպիսի չեկ ունեմ` 2 ստացական ու 3 չեկ, որ մայր գումարը վճարված է, տոկոսներն էլ հետը: Իսկ հիմա էլ պարզվում է, որ մենք իբեւ թե էդ գումարները պարտք ենք մնացել «Սեֆին»,-պատմում է Մ. Սիմոնյանը,- դատարանն էլ դատն արեց ու վեճը լուծեց հօգուտ կազմակերպության: Դատի ժամանակ մեր գումարները վերցրած Նաիրի Շալունցը կանգնեց ու ասեց, որ էս ժողովուրդը բացարձակ մեղք չունի, ես գումարները վերցրել եմ, բայց տեղ չեմ հասցրել: Իրան դատեցին կարծեմ պետական գույքի հափշտակման հոդվածով, եթե չեմ սխալվում՝ 3 թե 4 տարի տվեցին, ու հիմի արդեն էդ մարդը պիտի բանտից դուրս գա, բայց մենք հլա էս պրոբլեմից չենք պրծել»:

«Սեֆ ինթերնեշընըլ» ունիվերսալ կազմակերպության հետ ունեցած դատական վեճի պատճառով տաթեւցի վարկառուները,  ինչպես սվարանցիները, չեն կարողանում օգտվել պետության կողմից սուբսիդավորվող ցածր տոկոսադրույքներով վարկերից: Վարկային կազմակերպություններից առաջինը «Արեգակն» է մուտք գործել 980 բնակիչ ունեցող Տաթեւ, որին տեղացիները «կանանց կազմակերպություն» անվանումով են հիշատակում:

Հետագայում տաթեւցիները սկսել են վարկ վերցնել «Սեֆ ինթերնեշընըլ»-ից ու ԱԿԲԱ-ից: Նվեր Բաղդասարյանին հանդիպեցի իր տան հարեւանությամբ գործող սեփական փոքրիկ խանութում: «Հիմա որ վիզս էլ կտրես, ես վարկ չեմ վերցնի,- ճանճ քշելու նման ձեռքերն է թափահարում Նվերը,- մի անգամ վերցրել ենք «Արեգակ»-ից, տակ ենք տվել, էլ վարկ անունը լսել չեմ ուզում»:

Նվերի կինը` տիկին Էմման, շարունակելով ամուսնու խոսքը՝ պատմում է, որ գումարը վերցրել են տան բակում վագոնատիպ շինության մեջ խանութ բացելու նպատակով:

«Փողը դրեցի ապրանքի մեջ, բայց դե գյուղացիք ապառիկ էին տանում ապրանքը: 2-3 մլն դրամ տակ տվեցինք, կեսը, հեռի մեզանից, մահանում են, տարիքով մեծ մարդիկ, կեսը թողնում- գնում են գյուղից, մեկ էլ մինչեւ իմանում ենք, չկան, իրանց պարտքն էլ է մնում իմ վրա,- ասում է Նվերը,- էս խանութը որ շինել ենք մեկ տարի առաջ, տղեքս գնացել Ռուսաստան աշխատել, փողն ուղարկել են, թե չէ ի՞նչ վարկ, ի՞նչ բան: Էդ վերցրած վարկից մենակ մարդու ներվերն է քայքայվում, օգուտը չենք տեսնում: Մարդ կա, որ հիմա 100-120 հազար դրամի պարտք ունի խանութին: Տաթեւում աշխատանք չկա, մարդկանց էլ մեղադրել չի լինի: Հարկայինին տամ, սոցիալականը տամ, տակը մնում է տաթեւցիների պարտքերը: Որ նաղդով առեւտուր անեն, մենք էլ մի բան կհասկանանք: Թե չէ՝ ասում եք վարկ, ի՞նչ վարկ, վարկն է մեղավոր, էլի, որ գյուղացիք էս օրին են, չեն կարողանում թե պարտքից աչք բացեն»:

Երեւանում բնակվող, բայց կապը ծննդավայրի հետ պահող Ռուդոլֆը շատ լավ գիտի տաթեւցիների խնդիրները: Հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն այն չեն կարողանում զարգացնել: Բանկից մեծ գումար վերցնելու դեպքում գրավի խնդիր է առաջանում, որ գյուղացին չունի:

«Օրինակ՝ իմ տունը ես ուզում եմ դնեմ գրավ, որ 3 մլն վեկալեմ: Տունս, բնականաբար, ավելի շատ արժի, բայց մեկա՝ չեն վեկալում: Տաթեւում կառավարության սուբսիդավորած վարկերից օգտվողներ կան, արդեն ստացել են, բայց թերհավատ են, ասում են՝ վերջում կերեւա՝ էդ սուբսիդիան պետությունը կտա՞, թե՞ էլի ժողովուրդն է փակելու,- ասում է Ռուդոլֆը,- Տաթեւում ստացած գումարները շատ չեն, մինչեւ 500 հազար դրամ: Եթե 1 մլն դրամը չի գերազանցում, գրավի խնդիր չի առաջանում: Ստանում են 3 հոգի երաշխավոր ունենալու դեպքում: 500 հազար էլ վեկալում են ախր ի՞նչ անեն, մեկա չի հերիքում»:

«Ես ունեմ տուն, որը որպես գրավ բանկը չի վերցնում, ասում են՝ Երեւանում տուն ըլնի, Ղափանում ըլնի, դե որ էդքանն ունենամ, էլ ինչի՞ եմ գյուղում ապրում,-հարցնում է Տաթեւ գյուղի մի բնակիչ, որ չի ներկայանում,- անասունը գրավ չեն վերցնում, միայն գյուղտեխնիկան, էն էլ հինը գումար չի բռնում, պիտի նորն ունենաս, որ վարկն էլ կարողանաս նորմալ վերցնել: Ասում են՝ քաղաքի տուն ունեցի, որ գրավ դնես, մենք էլ քեզ վարկ տանք, էդ եղավ քաղաքական վարկ, բա ես գյուղական վարկ եմ վերցնում, թող իրանք էլ գյուղի իմ ունեցածը գրավ վերցնեն: Էս էժան վարկերի համար էլ «Արդշինինվեստ» բանկին ենք դիմել, բայց մերժվել ենք: Մեզ բանկում ասին, թե, ճիշտ է, իրանց ասել են՝ տվեք, բայց դեռ հրաման չունեն, որ տան: Ասում են՝ էդ էժան վարկերը պրծել են, եկեք էն թանկանոցից կտանք, այսինքն՝ իրանց 24%-ոց վարկերն են առաջարկում»:

Առաջին լուսանկարում Նվեր եւ Էմմա Բաղդասարյաններն են                           

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
24%-ոց վարկեր Hayastanum MIAYN kortsanel karox en..............Gyuxerum yerevi sksen antsnel CO-OPERATIANERI: mianan irar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter