HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացակայող 8 քվեաթերթիկի անհայտ ճակատագիրը և «քթամազություն» անող լրագրողը

Ներքին Շենգավիթի 11/34 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկից, ևս մեկ անգամ վերահաշվարկից հետո 8 քվեաթերթիկ պակասում էր:

Այս ընտրատեղամասում գրանցված 1964 ընտրողից ընտրության մասնակցել է 1247-ը: Ձայների վերաբաշխումը հետևյալ կերպ էր. ՀՀԿ՝ 823 քվե, ԲՀԿ՝ 256, «Բարեւ Երեւան»՝ 53, ՕԵԿ՝ 29, ՀԱԿ՝ 12, ՀՅԴ՝ 8, «Առաքելություն»՝ 0, անվավեր՝ 43, հաշվարկվեց նաև 15 չսահմանված նմուշի քվեաթերթիկ: Իսկ 8 քվեաթերթիկ պակասում էր, որպեսզի թվի ճշգրտությունն ապահովվեր:

Հանձնաժողովի անդամներն այդ մասին արձանագրություն չկազմեցին, այլ, միմյանց հետ համաձայնության գալով, որոշեցին այդ 8 քվեաթերթիկներն ավելացնել «անվավերների» թվին ու խնդիրն այդ կերպ լուծել՝ հայտարարելով, որ անվավերները 51 են: Այդ թիվն արդեն գրանցվել էր նաև մատյանում:

Հաշվարկի ողջ ընթացքում միացրած էր «1lur.am»-ի գրությամբ օպերատորի տեսախցիկը, սակայն նրան հանձնաժողովի անդամենրը խնդրեցին անջատել այն, որպեսզի 8 քվեաթերթիկի «խնդիրն» աննկատ վերացնեն:

Որպեսզի համոզվենք, որ խախտում չի եղել, և որ ծրարում իսկապես 51 անվավեր քվեաթերթիկ կա, հանձնաժողովի նախագահին խնդրեցինք անվավերների ծրարի պարունակությունը կրկին հաշվել: Այդ «ծանր պարտականությունը» ոչ ոք չէր ուզում ստանձնել, քանզի հայտարարված 51 անվավեր քվեաթերթիկ, բոլորն էլ գիտեին, որ ծրարում չկա: Ի վերջո, հանձնաժողովի անդամ ՀԱԿ-ի ներկայացուցիչը հանեց անվավերները և կրկին հաշվեց, այնտեղ 43 անվավեր քվեաթերթիկ կար:

Քվեաթերթիկները նորից վերահաշվարկելու ցանկություն ոչ ոք չուներ, արդեն կրկնակի վերահաշվարկ էր արվել և բոլոր թվերը ճշգրտվել էին: Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք կրկնում էին, որ հոգնել են և ուզում են տուն գնալ արդեն, և բոլորն էլ միմյանց հետ համակարծիք էին, որ մեծ հաշվով այդ 8 քվեն որևէ մեկին օգուտ չի տա: Հանձնաժողովի նախագահ Հմայակ Նավասարդյանն ու բոլոր ներկաները իրենց անելիքը չգիտեին: Այդ պահից սկսած լրագրողը «քթամազություն» անողի համբավ ձեռք բերեց: 

Հանձնաժողովի անդամները քիչ անց սկսեցին ինչ-որ տեղերից ծրարներ  «հայտնաբերել». մեկ ծրար «հայտնաբերվեց» քվեախցերի արանքից և կցվեց չսահմանվածներին, հաջորդը՝ ճղված (ինչպես ճղում են չսահմանված նմուշները, մեջն էլ քվեաթերթիկ չկար) դուրս բերվեց չհրկիզվող պահարանից՝ կրկին «ամրակցվեց» չսահմանվածներին: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Ֆենյա Նավասարդյանը փորձում էր համոզել մեզ, որ այս վերջինը «երևի ինչ-որ մեկը պատահաբար ձեռի հետ դրել է չհրկիզվող պահարանում»: Եվս 4-ը վերագրվեց ելունդերի սխալ հաշվարկին, մնացյալ երկուսի ճակատագիրն այդպես էլ մնաց անհայտ, որի մասին կրկին արձանագրություն չկազմվեց: Բայց մատյանում քարտուղարը ստիպված էր ջնջում անել և 51 անվավերները փոխարինել 43-ով: Չսահմանվածների ծրարի վրա հանձնաժողովի նախագահը 15-ի փոխարեն «սևացրեց» 17 թիվը, ծրարները ստորագրեց  և իր առաքելությունն ավարտված համարեց: Թե պակասող քվեաթերթիկները որ ուժի քվեներն էին, այդպես էլ մնաց անհայտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter