HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ընտրական կոտրած տաշտակի սինդրոմը, կամ եղավ այն, ինչ պիտի լիներ

Երևանը կրկին ՀՀԿ-ական քաղաքապետ կունենա, և դա անպայման կլինի նախկին քաղաքապետը: Երևանցին մայիսի 5-ին գնաց ընտրատեղամաս և քվեարկեց իր ներկա սոցիալ-կենցաղային պայմանների պահպանման, քաղաքն անծրագիր, զուտ իներցիայի ուժով կառավարելու օգտին: Եվ այդ ընտրությունը կատարելու հարցում, որքան էլ տարօրինակ թվա, նրան ՀՀԿ-ից առավել օգնեցին բոլոր այն մասնակից ուժերը, որոնք ընտրապայքարի մեջ մտան Երևանի կառավարման մասշտաբով գոնե իշխանությանը «մենաշնորհից» զրկելու կարգախոսով: Այլ կերպ ասած` այս ուժերն ավելի քիչ բան չարեցին Տարոն Մարգարյանին քաղաքապետ դարձնելու համար, քան ՀՀԿ-ն առանձին վերցրած:

Որպեսզի դա ավելի ընկալելի դառնա, պետք է պատասխանել ընդամենը մեկ հարցի. ի՞նչ էին նրանք առաջարկում երևանցիներին: Իսկ նրանք փաստացի առաջարկում էին ընդամենը մեկ բան. հավատալ, որ իրենք` ընդդիմադիր կամ իրենց այդպիսին հռչակող ուժերը, ունակ են լուծելու իշխանափոխության խնդիրը այնպիսի ներքին հակասություններ ունենալով, որոնք հնարավոր չեղավ հաղթահարել անգամ քվեարկությունից հետո: Այսինքն՝ ընդդիմությունն առաջարկում էր ձայնը տալ բացարձակ անորոշությանը և քաոսային իրավիճակին, որովհետև առավել քան ակնհայտ էր, որ փոխադարձ անվստահության և փոխբացառման այն ռեսուրսով, որով այս ուժերը մասնակցում էին ընտրություններին, երբեք հնարոր չէր լինի կազմել խոստացված հետընտրական այլընտրանքային դաշինքը:

Կամա թե ակամա, ընտրություններին մասնակցող ուժերի համախումբը առաջարկում էր ընտրություն կատարել ՀՀԿ-ի` «մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա» և ընդդիմության` «այդ մասին հաջոդ դասին» մոտեցումների միջև: Եվ օրվա ռեալությամբ դատող միջին ընտրողը նախընտրեց գոնե կայուն վատ, բայց որոշակիություն առաջարկող կողմի հետ կանխիկով գործարքի տարբերակը: 

Երևանյան և անցած նախագահական ընտրությունների համեմատությունը զուտ արդյունքների տեսանկյունից ցույց տվեց, որ իշխանության վերարտադրումը կանխելու միակ տարբերակը ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումն է կամ մրցակցության ապահովումը, այլ, կարծես թե, նրանց ինքնամեկուսացումը, մարգինալացումը: Փաստորեն, ստացվեց այնպես, որ երբ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն որոշեցին չմասնակցել ընտրություններին, իշխանությունը հաղթելու ավելի քիչ հնարավորություն ունեցավ ու ավելի շատ ցայտնոտի մեջ ընկավ, քան այն ժամանակ, երբ այս ուժերը մասնակցեցին գործընթացին: Սա նշանակում է, որ որքան ընտրությունների միջոցով ընդդիմադիր դաշտում ինքնադրսևորման խնդիր լուծող քաղաքական ուժերի շրջանակը մեծ է, այնքան ձեռնտու է իշխանությանը, որովհետև դրանով ոչ թե նոր գաղափարներ, հայացքներ, տեսլականներ են մտնում շրջանառության մեջ ու մեծացնում ընտրության հնարավորությունը, այլ ընդամենը ընդլայնվում է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները փոշիացնելու դաշտը:

Այս ընտրություններով Սերժ Սարգսյանը գրեթե ավարտեց իշխանությունը մոնոլիտ դարձնելու երկամյա օպերացիան: Դա նրան հաջողվեց ամբողջությամբ ու նվազագույն կորուստներով: Դրա առաջին ազդանշանները եղան ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի, ավելի վաղ՝ նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունները, ինչպես նաև Գյումրիում արյունալի բախումները կանխելուն ուղղված ոստիկանության աննախադեպ միջոցառումները:

Դրանք իրավապահ համակարգն իր բացարձակ իշխանության գլխավոր երաշխավորը դարձնելուն ուղղված քայլեր էին: Այժմ արդեն Սերժ Սարգսյանը կարող է և կասկած չկա` միանձնյա է որոշելու գործադիր իշխանության կաբինետը: Եթե նույնիսկ Կառավարությունը ձևավորվի կոալիցիոն տարբերակով, ինչի հավանականությունը չափազանց փոքր է, ապա դա լինելու է միմիայն Սերժ Սարգսյանի քաղաքական հաշվարկների արգասիք, բայց ոչ երբեք քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված լուծում:

Անգամ ՕԵԿ-ն այլևս ՀՀԿ-ին պետք չէ: Կարծես թե եկել է օգտագործված լաթի սինդրոմով այս կցորդին դեն նետելու ժամանակը: Համենայնդեպս, խախտելով պարիտետը, ՀՀԿ-ն այս անգամ ՕԵԿ-ին ոչնչով չօգնեց, ու վերջինս ավագանիում գոնե սիմվոլիկ տեղեր ունենալու իրավունք չստացավ: Չի բացառվում, սակայն, որ այդ լաթը ոչ թե դեն է նետվելու, այլ պահվելու է անհրաժեշտ դեպքերում ձեռքերը կեղտից մաքրելու համար: Չմոռանանք, որ այս ընտրություններից հետո սկսվում է մի բոլորովին նոր էպոպեա, որը պայմանականորեն կարելի է անվանել «ժառանգորդի փնտրտուք ու հասունացում»` 2018-ին իշխանության փոխանցումն անցնցում իրականացնելու համատեքստում: Սա նոր հարաբերակցությամբ ընդդիմադիր դաշտ ձևավորելու խնդիր է առաջադրում, իսկ այն առանց կեղտոտ ձեռքերի միջամտության լուծել հնարավոր չէ պատկերացնել:

Իսկ կարճաժամկետ հեռանկարում ամեն ինչ լինելու է առավել քան պրոզայիկ ու կանխատեսելի: Ընդդիմությունը, հատկապես «Բարև Երևան» դաշինքը, մի քանի փորձեր կանի՝ վիճարկելու ընտրությունների արձանագրված արդյունքները, բայց դրանք կրկին կմատնվեն անհաջողության: Որովհետև արդյունքի հասնելու համար ընդդիմությունից պահանջվելու է ապացուցել, որ խախտումները եղել են այնպիսի մասշտաբի, որ ազդել են վերջնական արդյունքների վրա, ինչին այն պատրաստ չէ ընդհանրապես. իրական խախտումները կատարվում են ոչ թե ընտրատեղամասում, այլ դրանցից դուրս ու մինչև քվեարկությունը: Մինչդեռ ոչ միայն դրանք բացահայտելու, մերկացնելու մեխանիզմներ չկան, այլև զգալի չէ այդ մեխանիզմները գտնելը պարտադրելու կարողությունը: Ու «Բարև Երևանը», ինչպես ողջ ընդդիմությունը, նստելու է կոտրած տաշտակի առաջ:

Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախորդ նման իրավիճակների՝ առջևում, մոտակա հեռանկարում նոր ընտրություններ չեն լինելու ու դժվար է ասել` ինչի հիման վրա և ինչպես է ընդդիմությունը կառուցելու իր գործունեությունը, պայքարը: Սա նշանակում է, որ առկա է ընդդիմության մարգինալացման խիստ իրատեսական վտանգ, թեև, մյուս կողմից, գուցե սա միակ ճանապա՞րհն է դաշտը թարմացնելու, որակապես փոխելու համար:

Ինչ վերաբերում է Երևանի կառավարմանը և ավագանիում ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» դերակարատությանը, ապա այստեղ ամեն ինչ  շատ ավելի տխուր է: Ընդդիմադիր այս երկու ուժերը, որոնք անգամ զուտ տեսականորեն միավորվելու դեպքում ոչ մի կերպ չեն կարող ազդել կայացվող որոշումների վրա, շարունակելու են փոխադարձ մեղադրանքների` վաղուց սկսած «փոխհրաձգությունը», իսկ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է դրանից իսկական «թամաշա» սարքելու համար: Ու քանի դեռ նրանք կփորձեն ինքնահաստատվել մեկը մյուսի հաշվին, Երևանը կկառավարվի և կկառավարվի «տարոնջանական» սկզբունքներով:

Լուս.՝ Սոնա Սիմոնյանի 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն չեմ,որ վիճակը այդքան պեսիմիստական/հոռետեսական է: Նախ՝ ինչպես ես եմ նկատում,Հայաստանում միշտ շատ ավելի շատ քննադատում են ընդդիմությանը. սա ինձ համար մի քիչ տարօրինակ է: Բայց սա այս պահին դեռ մի կողմ:.............................................. Երկրորդ՝ մի մոռացեք,որ Հայաստանում 1991-ից սկսած ԵՐԲԵՔ իսկական-դասական ընդդիմություն ՉԻ եղել: ԻՍԿԱԿԱՆ-դասական միակ ընդդիմութունը Հայաստանում եկավ/սկսվեց «Ժառանգությունով»,որը բավականին ոչ-քիչ, ՆՈՐ թափ ստացավ փետրվարի 18-ից հետո: 2-րդ փուլը «Նոր Հայաստան»/Բարև շարժումն է,որը, ԱՌԱՆՑ կասկածի, ՄԵԾԱՑՈՂ քաղաքական-քաղաքացիական շարժում է: Ինչպես արդեն գրել եմ,տակտիկան ՃԻՇՏ է: Հիմա պիտի սկսեն հնարավորին չափ շատ տեղեր ստանալ տեղական կառավարման մարմիններում և ստեղծեն հնարավորին չափ շատ տեղական կոմիտեներ (քաղաքական և քաղաքացիական ): Առաջին ՀԱՂԹԱՆԱԿՆ, անկասկած, (գուցե դեռ ոչ այնքան մեծ) Երևանի ավագանի մտնելն է: Քաղաքական ՓԱՍՏ է,որ ՆՈՐ/ապագա Հայաստանի քաղաքական ՀԻՄՔԸ լինելու է «Ժառանգության»/«Բարև»/«Նոր Հայաստանի» վրա. ԱՌՈՂՋ սերմը արդեն տնկված է-մնացածը սոսկ ժամանակի (և խնամքի) հարց է:......................................Երրորդ՝ Իշխանությունների/ՀՀԿ-ի համար Հայաստանյան քաղաքական իրավիճակն այսօր ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ է. ԱՄԵՆ ՊԱՀԻ Հայաստանում (զինված) հեղաշրջում կամ նման մի բան կարող է սկսվել,որովհետև. ա)իշխանություններից այլևս ՀՈՒՅՍ/սպասելիք չկա,բ) Հայը տաքարյուն,սև ու սպիտակ ազգ է. հենց մեջքը պատին է հասնում,ԼՐԻՎ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ/ անհնազանդ է դառնում.նայեք պատմությանը: Ամփոփելով երկար կոմենտս՝ ես լավատես եմ. 5 տարին քաղաքականության մեջ ՀՍԿԱ ժամանակ է:
ՀԱՅ
Տխուրն այն ե, որ քաղաքականությամբ չզբաղվող մարդն էլ շատ հստակ ըմբռնում է այն, ինչ ԴՈՒՔ ԳՐԵԼ ԵՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter