HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական նիստ Ալավերդիում. տուժողը պահանջում իր բնակարանին հասցված վնասի փոխհատուցում

 Մայիսի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում կայացած Ախթալայի ԼՀԿ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանի, անվտանգության աշխատակից Էդգար Հախվերդյանի և Կարեն Խաչիկյանի քրեական գործի դատաքննությանը ամբաստանյալ Արսեն Չիթչյանի ծնողները որպես տուժողներ ցուցմունքներ տալիս չդատապարտեցին Կարեն Խաչիկյանի բնակարանում 2012թ. օգոստոսի 30-ին իրենց որդու կատարած արարքները:

Սակայն ամբաստանյալի հայրը` Բենիկ Չիթչյանը, իր ցուցմունքում ասաց, որ իրենց բնակարանի ապակիները ջարդելու համար Կարեն Խաչիկյանին բան չի ասում, բայց նա պետք է «չվերհատեր» իրենց ընտանիքի անդամներին:

Բենիկ Չիթչյան Նունե Չիթչյան

Նախորդ դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել դատարան չներկայացած վկաներ Իվան և Էդվարդ Ջաղինյաններին բերման ենթարկելու մասին: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը դատաքննության մասնակիցներին հայտնեց, որ ըստ ոստիկանության տեղեկանքների՝ Ջաղինյանները բացակայում են իրենց բնակության հաշվառման վայրից` Ախթալա քաղաքի Սպանդարյանի 48 հասցեից, և Ռուսաստանում են:

Դատարանը պետք է ապահովեր նաև մեկ այլ վկայի` քրեական գործով կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանի ներկայությունը դատական նիստին: Սուրեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Վազգեն Խաչիկյանը դատարան պետք է տեղափոխվի էտապի ենթարկվելու միջոցով, բայց դա ժամանակ է պահանջել, և հնարավոր չի եղել ապահովել: Մեղադրող Արմեն Շիրոյանը չպնդեց Վազգեն Խաչիկյանին դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը:

Դատավորն այնուհետև կողմերի քննարկմանը ներկայացրեց Իվան և Էդվարդ Ջաղինյանների ցուցմունքները դատարանում հրապարակելու և հետազոտելու մասին հարցը:

Սուրեն Բաղդասարյան Արմեն Շիրոյան

«Ես առարկում եմ դրան՝ այն նկատառումներից ելնելով, որ մեր պաշտպանյալը նախաքննության ընթացքում և դատարանում, պաշտպանության կողմը ընդհանրապես զրկված են եղել տվյալ անձանց հարցեր տալու իրավունքից»,- ասաց Արսեն Չիթչյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Էդգար Հախվերդյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանը միանցավ իր գործընկեր Երվանդ Վարոսյանին: Մեղադրող Արմեն Շիրոյանը և Կարեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը չառարկեցին դատարանում հանրապետությունից բացակա վկաների ցուցմունքների հրապարակմանը: Դատավորը հրապարակեց Իվան և Էդվարդ Ջաղինյանների նախաքննական ցուցմունքերը:

Սյուզաննա Հարությունյան

Այնուհետև դատարանն անցավ գործով ներգրավված տուժողների հարցաքննությանը: Տուժող Սյուզաննա Հարությունյանն ամբաստանյալ Կարեն Խաչիկյանի կինն է: Վերջինս հարևան Սամվելի պատշգամբի վարագույրի հետևից, ապա նրանց դռան դիտանցքից ականատես է եղել Արսեն Չիթչյանի և Էդգար Հախվերդյանի կողմից քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ծառայողական ավտոմեքենան ջարդելու և իրենց բնակարան ներխուժելու մանրամասներին:

«Արսենը դուռը ջարդեց, տուն մտավ, դրանից հետո Արսենը խփեց պահոցի դռանը և մտավ հյուրասենյակ: Էդգար Հախվերդյանը ոտքով հարվածում էր միջանցքի պատերին և ննջարանի դռանը: Հետո լսեցի իմ բնակարանի գույքը և սպասքը ջարդելու ձայները»,- ասաց տուժողը:

Սյուզաննա Հարությունյանը հայտնեց, որ իրենց բնակարանից Արսեն Չիթչյանը և Էդգար Հախվերդյանը միանգամից չեն հեռացել, նրանք նորից բարձրացել են քաղաքապետի ծառայողական մեքենայի վրա և շարունակել են ջարդել այն: Տուժողը հետո լսել է, թե ինչպես են նրանք մեկին ասել՝ «Փախի, թե չէ կկրակեմ»: Սյուզաննայի խոսքով՝ ինքը հետո իմացել է, որ դա իր ամուսնու եղբորը` Գարիկ Խաչիկյանին են ասել:

Տուժողը դատարանից պահանջեց նաև իր բնակարանին հասցված վնասի փոխհատուցում: Սյուզաննա Հարությունյանը հրաժարվեց իր ամուսնու` Կարեն Խաչիկյանի կողմից Չիթչյանների բնակարանում կատարված գործողությունների մասին պաշտպան Ռուբեն Հակոբյանի հարցերին պատասխանելուց՝ հայտնելով, որ դրա իրավունքը ինքն ունի:

Ռուբեն Հակոբյան Մհեր Դավթյան

Տուժող Բենիկ Չիթչյանը դատարանում ցուցմունք տվեց, որ 2012թ. օգոստոսի 30-ի երեկոյան աշխատանքից նոր էր եկել և հաց էր ուտում, երբ Կարեն Խաչիկյանը մտել է իրենց տուն, սկսել տան լուսամուտների ապակիները ջարդել:

«Հետո սկսեց ընտանիքիս ծեծելը, ես էլ ուզեի վրա պրծնեմ, Վաչիկ Խաչիկյանը հրեց ինձ, ընկա Կարեն Խաչիկյանի աղաքը: Նա ինձ խփեց: Ես էլ վեր կացա, հետևներից ընկա, ձեռս մի բան ընկավ, ուզեի խփեմ, հարսը խլեց ձեռիցս, չթողուց խփեմ, հետո հետևներից ընկա, իրենք դուրս պրծան, մաշինեն նստեցին ու փախան»,- ասաց Բենիկ Չիթչյանը:

Նրա խոսքով՝ Կարեն Խաչիկյանը ձեռքի ռետինե մահակով հարվածել է իր ընտանիքի անդամներին: Բենիկ Չիթչյանն ասաց, որ Կարեն Խաչիկյանի գործողություններն իր բնակարանում տևել են մոտ 5 րոպե: Տուժողը հայտնեց, որ Խաչիկյաններից պահանջ չունի: «Ինչ բողոք տեմ ունենալ: Ես բողոք-պահանջը էն ունեմ, որ իմ ընտանիքին չտեր ծեծիլ, շուշեղենը ջարդում էր ջարդի, բայց իմ ընտանիքին չպետք է վեր հատեր»,- ասաց տուժողը:

Իսկ թե ինչու է Կարեն Խաչիկյանը այդպես զայրացած եղել, Բենիկ Չիթչյանին չի հետաքրքրել: «Դուք Ձեր ցուցմունքում ասացիք՝ ինչ-որ մի բան ձեռս ընկավ: Էդ ի՞նչ բան էր»,- տուժողին հարցրեց Կարեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը: «Էն բա՞նը: Կացին էր: Կացինը վերցրել էի, որ վխացնեմ»,- ասաց Բենիկ Չիթչյանը:

Դատական նիստում ցուցմունք տվեցին նաև տուժողներ Նունե և Անուշ Չիթչյանները: Նիստը ընդհատվեց դատարանի շենքի էլեկտրականության անջատման պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter