HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փախստականները տուն ստանալուց հետո էլ են սպասում

Երեւանից մեկ կմ հեռավորությամբ գտնվող Քասախ գյուղում 2010-ի հունիսին, ավելի քան 700 հազար դոլար ծախսելով, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը փախստականների համար կառուցել է սոցիալական տուն` 20 բնակարանով: Շուտով կլրանա շենքը հանձնելու մեկ տարին, սակայն այն չի գործում, եւ հայտնի չէ, թե երբ փախստակաները կմտնեն իրենց հատկացված բնակարանները:

Սվետլանա Բաղդասարովան ու Նելլի Բաբայանը մայր եւ աղջիկ են, ապրում են Քասախ գյուղի նախկին գաղութի տարածքում` միահարկ կառույցի մի հատվածում: Նրանց ընտանիքը բաղկացած է 6 հոգուց` իրենք, Նելլիի ամուսինը եւ երեք աղջիկները, որոնցից կրտսերը 18 տարեկան է: Այս ընտանիքը Հայաստան է գաղթել 1988-89 թթ.` Բաքվի ջարդերի ժամանակ:

 Տիկին Նելլին պատմում է, որ դեռ 1985-ին գաղութում բունտ էր եղել, ինչից հետո քրեակատարողական հիմնարկը տեղափոխել էին այս վայրից: Երբ իրենք եկել են այստեղ, ամեն ինչ կիսավեր, կիսախարխուլ վիճակում է եղել, իրենց ընտանիքի բախտը բերել է գոնե նրանով, որ ներկայիս տունը տանիք է ունեցել: Մարդիկ իրենց ձեռքով են քիչ թե շատ կառուցել ու վերանորոգել շատ բաներ: Այժմ նախկին գաղութի տարածքում ապրում են Բաքվից, Սումգայիթից գաղթած փախստական ընտանիքներ, Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվածներ: Ըստ տիկին Սվետայի` նախկինում փախստականները բավականին շատ էին, հիմա մեծ մասը հեռացել է, գտել լավ պայմաններ: Նման որոշ ընտանիքներ շարունակում են ապրել Քասախում կառուցված քոթեջներում, որոնք բնակիչների շրջանում հայտնի են «Նոր Բաքու» անունով: Քոթեջ տեղափոխվելու առաջարկ է ստացել նաեւ Նելլիի ընտանիքը, սակայն հրաժարվել են, քանի որ 6 հոգով պիտի ապրեին մեկսենյականոցում: Այնուամենայնիվ, ասում է, որ տեղափոխվածները ավելացումներ են արել քոթեջներում, հողն էլ լավն է, վատ պայմաններ չեն:

Տիկին Սվետան ցույց է տալիս իրենց հյուրասենյակի պատի խոնավ մասը, որից ծեփը թափվել է: Ասում է, որ Նելլիի ամուսինը կարողացել է փոխել տան հատակը, սակայն հատկապես հարեւան սենյակում խոնավությունն ու բորբոսահոտն անտանելի են, եւ ինքն ամաչում է ցույց տալ այն: Նելլիի աղջիկներից մեկն ամուսնացել է, սակայն նորապսակները շարունակելու են ապրել այս տանը, քանի որ փեսայի ընտանիքը նույնպես բազմանդամ է ու նման վատ պայմաններում է ապրում:

Այսպիսին են նաեւ Առուստամյանների կենցաղային պայմանները: 1988-ին 7-հոգանոց ընտանիքը Սումգայիթից փախել է Հայաստան, տեղավորվել Սպիտակում, որտեղ 6 ամիս պանսիոնատում մնալուց հետո չորսսենյականոց բնակարան է ստացել: Երկրաշարժից հետո տեղափոխվել են Քասախ ու արդեն 22 տարի ապրում են նախկին գաղութի տարածքում` երկու փոքր սենյակում: Դրանցից մեկն այժմ զբաղեցնում է ընտանիքի տատը` 75-ամյա Ռաիսա Առուստամյանը, մյուսում տեղավորվել է տղայի` Ալեքսանդրի ընտանիքը` ինքը, կինը եւ 24-ամյա որդին:

 Ալեքսանդրի մի տղան մահացել է դեռ Սպիտակի պանսիոնատում ապրելիս` 3,5 տարեկանում: Հետագայում մահացել է նաեւ տիկին Ռաիսայի ամուսինը, աղջիկն էլ ամուսնացել է: Ծեր կինը, սակայն, իրեն հատկացված սենյակում չի ապրում, քանի որ այնտեղ շատ խոնավ է ու «կռիսանոց» է: Թոռն ու որդին այս պահին չեն աշխատում, գործ չկա, մնացել են հարսի ու իր 25.000 դրամ թոշակի հույսին:

«2006-ին մեզ փող տվին, որ գնանք տուն առնենք: Ինձ տվին 7000 դոլար, որ միսենյականոց առնեմ, իրանց էլ տվին 9000 դոլար: Մենք էլ ըստեղ երկուսենյականոց տուն էինք ճարել 25.000-ով, բայց 16.000 ունեինք, էդքանով ո՞վ տուն կտա ինձ,- ասում է Ռ. Առուստամյանը:- Սումգայիթում 34 տարի խանութում եմ աշխատել, լավ ունեւոր եմ եղել. Սպիտակի երկրաշարժը լրիվ տարավ, մենակ տեղաշորն ենք հանել»:

2009 թ. Ճապոնիայի կառավարությունը եւ ՄԱԿ-ի Մարդկային անվտանգության հիմնադրամը Հայաստանում ՄԱԿ-ի 5 գործակալությունների տրամադրեցին 2.484.900 դոլար: Այս գումարը գործակալությունները պետք է օգտագործեին` «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների եւ տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագիրը կյանքի կոչելու համար:

ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակին այդ գումարից հատկացվել է 762.910 դոլար, որով վերակառուցվել է Քասախի նախկին գործարանի արտադրական մասնաշենքը եւ վերածվել սոցիալական տան: Նախատեսվել է վերջինիս 20 բնակարանից 18-ը հատկացնել Քասախում եւ մերձակայքում բնակվող փախստական ընտանիքներին, իսկ 2-ը` Քասախի կարիքավոր ընտանիքներին: Երկհարկանի շենքի առաջին հարկում բացվել են նաեւ համակարգչային սրահ, կարի արտադրամաս, վարսավիրանոց, առեւտրի կետ, ինչպես նաեւ համայնքային նշանակության հանդիսասրահ:

Սոցիալական տան բացումը անցյալ տարի տեղի ունեցավ փախստականների միջազգային օրը` հունիսի 25-ին: Այս իրադարձությունը, որին մասնակցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախկին ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցներով: Իսկ արդյունքը եղավ այն, որ արդեն տեղափոխվելու պատրաստ ընտանիքները կրկին մնացին սպասողական վիճակում: Հատակը եղել է բետոնապատ, պատերին էլ ճաքեր են հայտնվել:

Նելլին ու Սվետան պատմում են, որ նախկին գործարանը վերակառուցելիս շենքի կմախքը պահպանվել է, եւ դրա վրա շարվել են նոր պատեր: Բացի դրանից` ըստ Նելլիի, այստեղով գրունտային ջրեր են հոսել, որովհետեւ երբ իրենք առաջին անգամ եկել են այստեղ, տարածքում հողը իջած է եղել, բացվածքներ կային: Դրա պատճառով էլ, Նելլիի կարծիքով, այժմ շենքը «նստել է»:

Շենքի վերակառուցման նախագծումն ու տեխնիկական վերահսկողությունն իրականացրած «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Հովասափյանը հաստատում է, որ կմախքը պահպանվել է, բայց հավաստիացնում է, որ այն «հոյակապ աշխատում է»: Իսկ ինչ վերաբերում է գրունտային ջրերին, ապա, ըստ մասնագետի, դրա մասին խոսելն առնվազն անհեթեթություն է. «Շենքի նստվածքները մենք ստուգել ենք. նման երեւույթ բացարձակապես չկա: Ցանկացած մարդ կարող է գնալ, տեսնել բացված փոսորակը ու համոզվել, որ այնտեղ գրունտային ջրեր չկան»: Իսկ փոսորակը բացվել է նոր մասնաշենքի հիմքի շինարարության համար: Այս նորի հին կմախքն այժմ քանդվում է, եւ շինարարությունը պետք է սկսվի զրոյից: Նոր շենքի նախագծողը նույնպես «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ն է, իսկ տեխվերահսկիչն այլ ընկերություն է: Նոր կառույցի հիմնովին շինարարությունը Վարուժան Հովասափյանն այսպես է բացատրում. «Երկրորդ փուլի կարկասի վիճակը շատ ավելի անմխիթար էր, քան առաջինինը: Ուսումնասիրությունն այդպես ցույց տվեց: Տեխնիկական եզրակացություն կազմողն առաջարկեց խուսափել երկրորդի կարկասն օգտագործելուց, եւ մենք դա բացառեցինք»:

Իսկ արդեն վերակառուցված երկհարկանիի պատերին ճաքերի առկայության մասին ՍՊԸ-ի տնօրենը նշում է. «Մեր տեխհսկիչը հետեւել է շինարարությանը: Հիմա էլ, երբ մենք շենքի ուսումնասիրություն ենք անում, շենքում որեւէ էական թերություն չի նկատվում: Քանի որ շենքի շինարարական աշխատանքները ձմռան ընթացքում են կատարվել, առաջացել են նաեւ որոշակի ճաքեր: Եվ կա նաեւ մի խնդիր, որը մենք հիմա կարգավորում ենք: 34 մետրանոց անընդհատ պատը չի կարող չճաքել. այն պետք է ունենա ջերմային կարաններ, որը մենք կավելացնենք: Դրանք կոսմետիկ միջամտություններ են, որոնք մենք անելու ենք: Խնդիրն այն է, որ էական կոնստրուկտիվ թերություններ շենքը չունի: Ասածս մոտ մեկ ամիս ուսումնասիրությունների արդյունք է: Մենք ստիպված էինք բոլոր հանգույցները չափագրել, ուսումնասիրել եւ հանգել ենք այդ եզրակացությանը: Շենքի սեյսմակայունությունը հաշվարկվեց նորից եւ հիմնավորվեց: Անշուշտ, շենքի բեռնվածքի պատճառով, բեռ դնելուց կրող կոնստրուկցիաների պարզունակները որոշակիորեն ավելացրել են իրենց ճկվածքը, որը, սակայն, գտնվում է նորմերի մեջ, թույլատրելիի սահմաններում է դա: Բայց ամեն դեպքում մենք որոշեցինք պարզունակների վրա լրացուցիչ ուժեղացում անել, որ հետագայում ապահովենք այլ երեւույթներից: Մենք ուժեղացումը լրացնելու մի փոքր նախագիծ ենք արել, որը կներկայացնենք ՄԱԿ-ին, որպեսզի մյուս աշխատանքների հետ դա արվի»:

Ճաքերի վերացման եւ պատերի ուժեղացման հետ պետք է նաեւ երեսպատվի շենքի բետոնե հատակն ու դրա շուրջը սալվածք արվի: «Շենքի շինարարական աշխատանքների որակը բավականին լավն է»,- ասում է Վ. Հովասափյանն ու նշում, որ այն գտնվում է շահագործման ենթակա վիճակում, ուղղակի պետք է հասցնել ավարտին: Իսկ թե ինչու է հատակը բետոնապատ մնացել, բնակիչներին հետեւյալն են ասել:

 «Ասում են` փող չկա, չի հերիքալ, դրա համար էլ պոլերն ըտենց են թողալ,- պատմում է տիկին Սվետան:- Մենք ասալ ենք` պոլերը չսարքեք` մենք չենք գնա: Գոնյա պոլերը… Էնպես մարդ կա, թոշակի յիրա են ապրում, կարող չեն դաժե կավրալիտ առնեն»: Նելլին ասում է, որ ոչ մի բնակիչ չի ուզում ցեմենտի վրայից գնալ նորից ցեմենտի վրա ապրել:

Ռաիսա տատն էլ հիշում է, թե ինչպես էին ուրախացել տեղափոխվելուց առաջ. «Մեր վեշերը կապոտել էինք: Ուրախացանք, եկանք, հավաքվեցինք, որ գնում ենք: Ու՞ր ա, մի տարի ա` հլա ստեղ ենք: Տանջեցին, տանջեցին, սարքեցին, էնքան գնացին-եկան, հիմա էլ սպասում ենք, նստել ենք թախտին, սպասում ենք բախտին: Ջրի նման գնում ենք, ավազի նման կանգնում»:

Շենքում կան լույս, ջուր, գազ, բնակարաններում էլ որոշ պարագաներ են տեղադրել, բայց ոչ ամբողջությամբ: Նելլիի ասելով` խոհանոցում միայն լվացարանն է, բաղնիքում ցնցուղ, լվացարան կան, «տուրբո» վառարան ունեն, երկու մահճակալ, մի պահարան, մի հատ էլ խոհանոցային սեղան: Մնացածը պետք է բնակիչներն իրենց հետ բերեն կամ գնեն: Բայց հարցն այն է, որ բնակարանները չնայած անհատույց ու անժամկետ են տրամադրվում, սակայն բնակիչներն իրավունք չունեն սեփականաշնորհել ու նոր մարդկանց գրանցել այդտեղ:

Մյուս կողմից, սակայն, կան միայնակ ծերունիներ, ու այս պարագայում 75-ամյա տիկին Սվետան դիպուկ հարց է բարձրացնում. «Վաղը, Աստված չանի, ես մեռնեմ, իմ առածը ո՞ւմ եմ թողնելու: Իմ հաշվին ա գնում, էժան չի լինի, մի 1000 դոլար պիտի էղնի, որ էն կալոնկան առնեմ, որ լողանամ, հետո գազի պլիտան: Եթե սոցիալական տուն ա, սենց չեն բաժանում. մենք էլ ենք գրագետ, մենք էլ ենք հաց ծամում: Տեսնում են, որ ժողովուրդը ստիպված արդեն հոգնել են գաղութում ապրելով, բոլորը հիվանդ են, ասում են` մեկ ա գնում են էլի»:

 Նելլիի տեղեկացմամբ` 1-3-հոգանոց ընտանիքներին հասնում է մեկսենյականոց, 4-5-հոգանոցներին` երկսենյականոց, իսկ 6 եւ ավել անդամ ունեցողներին` երեքսենյականոց բնակարան: Ռաիսա տատն էլ սրտնեղում է, որ իր եւ որդու մեկսենյականոց բնակարանները իրարից հեռու են: Ցանկացել է փոխանակել որդու հարեւաններից մեկնումեկի հետ, սակայն չեն համաձայնվել, քանի որ իր միսենյականոցն ավելի փոքր է` հյուրասենյակը 16 քառ.մ է, իսկ խոհանոցը` 10, այն դեպքում, երբ մյուսներինը համապատասխանաբար 18 եւ 12 է:

Ծեր կնոջն անհանգստացնում է այն, որ թոռն արդեն ամուսնանալու տարիքի է, բայց ծնողների հետ պիտի ապրի միսենյականոցում: Այնինչ իր հետ գրանցվելու դեպքում իր մահից հետո գոնե հարսի հետ հենց այդ բնակարանում կապրեն, այլապես իրենից հետո բնակարանը ուրիշի են տալու:

Սակայն չնայած նման որոշ հարցերի` իրենց բնակարաններին սպասող մարդիկ ասում են, որ վերանորոգված շենքում «ինչքան էլ վատ լինի, ըստեղից հարյուր անգամ լավ ա»: Նրանց ասելով` մոտ մի ամիս առաջ իրենք հանդիպել են նախարարության ու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչների հետ: Այդ ժամանակ էլ տեղեկացվել են, որ մի 10 օրից բնակարանամուտ կտոնեն, սակայն մինչ օրս սպասում են:

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանի տեղեկացմամբ` աշխատանքներն ավարտին հասցնելու խնդիրը ֆինանսական է, որն այժմ լուծման ընթացքում է: Նա հույս հայտնեց, որ ամռանն արդեն 20 բնակարանները կընդունեն իրենց տերերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter