HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում բնակչությանը մատուցվող գյուղմթերքների սանիտարական վիճակն անվերահսկելի է

Էկոլոգիական լուրջ վտանգներ պարունակող Ալավերդի քաղաքում բնակչությանը մատուցվող գյուղմթերքների սանիտարական վիճակն անվերահսկելի է: Ալավերդիի գյուղական թաղմասերում վերջին շրջանում տարածված է խոզերի ժանտախտ և այլ հիվանդություններ: Մինչդեռ այստեղ բնակչությանը առաքվող խոզի մսի սանիտարական վիճակը  որոշում են ընդամենը մսավաճառները: Քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի մսավաճառ Գևորգ Ռամազյանն ասում է, որ մորթելուց առաջ խոզի առողջական վիճակը որոշում են կենդանու տաքությունը ստուգելով. «Եթե խոզը բարձր ջերմություն չի ունենում, ուրեմն առողջ է և մեր կողմից ենթարկվում է մորթի»,- ասում է մսավաճառը: 

Վերջին շրջանում Ալավերդիում  վաճառվող տավարի մսից եփելու ժամանակ  երբեմն դեղորայքի տհաճ հոտ է տարածվում: Մսավաճաներից Գևորգ  Ռամազյանը դրա պատճառը բացատրում է այն փաստով, որ անասնատերերը անասունին ժամանակին աղով չեն կերակրում, սակայն Գևորգ Ռամազյանը նաև չի բացառում, որ նման տհաճ հոտ կարող է գալ նաև սատկած տավարի  մսից: Ալավերդիում միսը վաճառվում է որտեղ պատահի և վաճառում է ով պատահի:

Մսավաճառները չունեն  սանիտարական գրքույկներ: Նրանք միսը որպես կանոն վաճառում են առանց արտահագուստի: Մսի վաճառատները  ապահովված չեն մշտահոս ջրով: Վաճառվող մսի սանատարիական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ պահանջելու դեպքում մսավաճառները խուճապի են մատնվում: Ալավերդու «Կատա» առևտրի կենտրոնի շենքում տեղավորված հանրահայտ մսավաճառ Զորիկի մսի խանութում վերջինիս կինը խանութում կուտակված հսկայական քանակությամբ մսի  սանիտարական  վիճակի մասին բժշկական  փաստաթուղթ ներկայացնելու մեր խնդրանքը ընդունեց ցավագին և խոսակցությունը վերածեց վիճաբանության: Մսավաճառի կինը խանութում կանգնած էր առանց սպիտակ խալաթի: Նույնանման իրավիճակ ստեղծվեց քաղաքի «Հայպետշին» թաղամասի  շուկայի մսավճառ Արմեն Գալստյանի հետ զրուցելուց:  

«Հետքի» հարցումներից պարզվեց, որ տարածաշրջանի անասնաբույժների կողմից անպատախանատու վերաբերմունք է դրսևորվում  անասունների մորթի և  շուկա մտնող  մսի սանիտարահիգենիկ  ստուգման նկատմամբ: Հակասանիտարական պայմաններում են գտնվում նաև Ալավերդու Հայպետշին թաղամասի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի առևտրականների կողմից վաճառվող կաթնամթերքը: Մածունի 1կգ տարողությամբ բանկաներն ու «ֆանտայի» 1լիտրանոց կաթով լցված կապրոնե շշերը հայտնի չեն,  լվացվել կամ ստերիլիզացվել են: Դրանք տեղադրված են  հենց գետնին, որտեղով հաճախ հոսում են կոյուղու վթարված գծերի կոյուղաջրերը: Այստեղ պանիրը հիմնականում վաճառում են վերավաճառողները: Վերջիններից ոչ մեկը իր ձեռքի տակ չուներ պանիրի որակի սանիտար-համաճարաբանական համապատասխանության մասին բժշկական փաստաթուղթ, սակայն նրանցից  շատերն ասում են, որ այդ փաստաթղթերը կարող են ձեռք բերել «բեզ պրոբլեմ»:

Ալավերդու  գյուղմթերքներ վաճառող առևտրականները տեղյակ չեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային տեսչության մասին, քանի որ տեսչության աշխատակիցները իրենց պաշտոնական պարտականություններով երբևէ չեն հայտնվում շուկայում:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքի» հետ զրույցում կարևորեց  քաղաքի բնակչության սննդի անվտանգության խնդիրները: Քաղաքապետի հետ զրույցից պարզվեց, որքան էլ կարևոր է խնդիրը, այդուհանդերձ, բնակչության գյուղմթերքների անվտանգության ապահովման գործում վերահսկող մարմինները ցուցաբերում են ոչ միայն պատշաճ համագործակցություն, այլ պարզապես անգործություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter