HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՎՏԲ-Հայաստան» բանկը սնանկացրել է Ծիլքար գյուղը

Գյուղացիների չմարած վարկերի դիմաց բանկը բռնագանձում է դպրոցին ու համայնքապետարանին պետբյուջեից փոխանցված գումարները

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի դպրոցի եւ գյուղապետարանի հաշիվների ու գույքի վրա արգելանք է դրված: Պետբյուջեից հատկացված դրամական միջոցները, որոնք փոխանցվում են համայնքապետարանի ու դպրոցի հաշվեհամարներին, բռնագանձում է «ՎՏԲ-Հայաստան» բանկը:

Երկու ամիս է`  գյուղապետարանի 10 աշխատակից աշխատավարձ չի ստանում: Դժվարությամբ եւ մարզպետարանի միջամտությամբ ուսուցիչների նախորդ երկու ամիսների աշխատավարձի հարցը լուծվել է:

Դեռեւս 2007 թ. ծիլքարցիները «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սպիտակի մասնաճյուղից վարկ են վերցրել, իսկ որպես երաշխավոր 12 գյուղացու համար հանդես են եկել դպրոցն ու գյուղապետարանը: Երաշտի ու եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաեւ վրա հասած ճգնաժամի պատճառով գյուղացիների մեծ մասը չի կարողացել վճարել: Քանի որ որպես երաշխավոր հանդես են եկել գյուղի դպրոցն ու գյուղապետարանը, գյուղացիների չվճարած պարտքի ու տոկոսադրույքների համար բանկը դիմել է դատարան` միջնորդելով արգելանք դնել դպրոցի ու գյուղապետարանի հաշիվների ու գույքի վրա:

«Երկու ամիս է` ոչ մի գործարք չենք կարողանում կատարել, ահագին պարտքեր ունենք դրսերում: Ջուրը քլորացրել են, չենք կարող տալ, թերթերին գումար ենք պարտք,- թվարկում է Ծիլքարի համայնքապետ Հակոբ Հակոբյանը,- 30 ուսուցիչ են, հեսա արձակուրդային էլ պիտի ստանան, չեն կարող ստանալ, դոտացիան նստում է թե չէ` տանում են: Ամսի 1-ին էլ դպրոցի դոտացիան նորից կնստի, դա էլ կտանեն»:

Ծիլքարի մասին Ապարանի տարածաշրջանում բոլորը գիտեն. երբ վարկերի մասին խոսակցություն է բացվում, անմիջապես հիշում են այս գյուղը: Ծիլքարի համայնքապետը մեր այցելության ժամանակ հաշվում էր դատարանից ստացված ծանուցագրերը. արդեն 12 գործ դատարանում է: Նոր ստացված ծրարներն է բացում, որ տեսնի, թե այս անգամ ում անվամբ է ծանուցագիր եկել, ում գործով պետք է գնա դատարան: Հուլիսի 1-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դպրոցի ուսուցիչ Հակոբ Մուրադյանի գործն էր նշանակված: 

«ՎՏԲ-Հայաստան» բանկն ընդդեմ ծիլքարցիների.  Ուսուցիչների ընտանիքը կարող է փողոցում հայտնվել

«ՎՏԲ բանկը մեր գյուղը սնանկացրեց: 10-15 ընտանիք կարող է մնալ բոմժի կարգավիճակում»,- ասում է Ծիլքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հակոբ Մուրադյանը: Նա եւ կինը, ով նույնպես նույն դպրոցի ուսուցչուհի է, այս բանկի վարկառուներ են: Ընդ որում` Մուրադյանների ընտանիքի երեք անդամին բանկը վարկ է տրամադրել: Գրավադրված է նրանց տունն ու 5 հա հողը: Կանգնել են փաստի առաջ` կարող են կորցնել ողջ ունեցվածքն ու մնալ անօթեւան: 

Համագյուղացի Ադամ Սարգսյանը տարեկան 20% դրույքաչափով եւ 2 տարի մարման ժամկետով 2 մլն դրամ վարկ է վերցրել` գրավ դնելով Հակոբ Մուրադյանի տունը: «Չես կարող մերժել, բոլորս էլ գյուղացիներ ենք, ուզում էինք, որ այդ տղան էլ տնտեսություն հիմներ»,- խոստովանում է Հակոբ Մուրադյանը: Միաժամանակ Ծիլքարի գյուղապետարանն ու դպրոցը երաշխավորության պայմանագիր են կնքել, որի կետերից մեկով սահմանվել է, որ երաշխավորը համապարտ պատասխանատվություն է ստանձնել պարտքը վերադարձնել ամբողջ ծավալով:

Ադամ Սարգսյանը գյուղատնտեսության զարգացման համար է վերցրել վարկը, անասուններ է առել, սակայն անասուններն անկել են, ձյունը շուտ է եկել, գարին չի կարողացել հնձել: Այլ կերպ ասած` Ադամ Սարգսյանն անցյալ տարի եկամուտ չի ունեցել: Վարկը մարելու համար Ա. Սարգսյանը վաճառել է տունը, հողերը եւ ընտանիքով տեղափոխվել Երեւան: Այժմ Երեւանում վարձով են ապրում եւ փորձում տարբեր աշխատանքներ կատարել: Ա. Սարգսյանը, իր գույքը վաճառելով, վարկի մոտ 1,5 մլն դրամը մարել է, սակայն 650 հազարի չափով չի կարողացել վճարում կատարել, վարկը ժամկետանց է դարձել, ավելացել են նաեւ տույժերի տոկոսները:

Նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում, ըստ պայմանագրի, մինչեւ վարկի ամբողջական մարումը սահմանվել է տարեկան 26% տոկոսադրույք, իսկ հաշվարկված տոկոսը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու համար սահմանվել է տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.2%-ի չափով:

Բանկը դիմել է դատարան`  նշելով, որ պարտապանը պարբերաբար խախտել է վճարման ժամկետը: Հակոբ Մուրադյանն ասում է, որ բանկը պետք է սկզբից գրավադրած առարկան վերցներ, սակայն չի վերցրել, այլ բռնագանձում է դպրոցի եւ գյուղապետարանի միջոցները: Հայցադիմումում բանկը հիմնավորել է, որ մինչեւ պարտքի գումարը դատական կարգով բռնագանձելու պահանջը, գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը ներկայացվել է արտադատական աճուրդային վաճառքի, սակայն գույքն աճուրդից հետ է վերադարձվել գնորդ չլինելու պատճառով:

Ընդ որում` աճուրդը կազմակերպելու ծառայությունը մատուցել է «Երեւանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա»  ՓԲԸ-ն, որի ծառայությունների դիմաց բանկը 25 հազար դրամ է վճարել, եւ այդ գումարը նույնպես պահանջում է բռնագանձել գյուղացուց` համարելով դա բանկին պատճառված վնասի փոխհատուցում:

Այդպիսով, Ադամ Սարգսյանի վարկի ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 1 մլն 115 հազար դրամ, բանկը դատարանից պահանջում է նաեւ փոխհատուցել դատական ծախսերը` շուրջ 23 հազար դրամ եւ վերոնշյալ 25 հազար դրամը: Որպես հայցի ապահովում բանկը միեւնույն ժամանակ միջնորդել է պատասխանողին, Ծիլքարի գյուղապետարանին եւ դպրոցին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնել` «հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գրավի առարկան անշարժ գույք է, եւ դրա մաշվածության արդյունքում կարող է չապահովել պարտապանի կողմից ստանձնած վարկային պարտավորությունները»:

Հիմա էլ` գյուղապետն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան» բանկի

Վարկառուների համար երաշխավորության պայմանագիրը ստորագրող ու կնքող դպրոցի տնօրենն ու համայնքապետն արդեն չեն աշխատում: Որպես իրավահաջորդ պատասխանատուն նոր գյուղապետն ու դպրոցի նոր տնօրենն են: Համայնքապետ Հակոբ Հակոբյանն ասում է, որ գյուղացիները խնդրել են դպրոցի նախկին տնօրենին ու գյուղապետին երաշխավոր դառնալ, որպեսզի կարողանան վարկ ստանալ, ինչին չպետք է համաձայնվեին նախկին տնօրենն ու գյուղապետը:

Մյուս կողմից էլ` ինչպե՞ս է բանկն ընդունել ոչ առեւտրային կազմակերպության երաշխավորությունը, հիմա էլ արգելանք է դնում պետական հիմնարկի գույքի ու հաշիվների վրա ու բռնագանձում պետբյուջեի գումարները:

«Հարցն այն է, որ, ասենք, գյուղապետն ու տնօրենը չհասկանալով կնքեցին, բանկը ո՞նց վերցրեց պետական դոտացիա ստացող հիմնարկին որպես երաշխավորող,- հարցնում է համայնքապետն ու ինքն էլ պատասխանում,- ինչի՞ չի վերցնի, կայուն ֆինանսական միջոցներ ունեցող հիմնարկ է, ի՞նչ է եղել որ»:

Հակոբ Հակոբյանն ասում է, որ Ծիլքարը տարածաշրջանի լավագույն գյուղերից էր, հիմա վարկերի պատճառով գյուղը սնանկացել է: Գյուղի ավելի քան 60 տոկոսը վարկ ունի:

Վարկեր տրամադրում են մի քանի վարկային կազմակերպություններ` «Արեգակ», «Ֆինքա» եւ այլն, սակայն առյուծի բաժինը «ՎՏԲ» բանկինն է: Այս բանկը անցած 5 տարիների ընթացքում վարկեր է տրամադրել գյուղին, եւ հաշվի չառնելով, որ ընտանիքում արդեն մեկ անդամի անունով վարկ կա ձեւակերպված, մյուս չափահաս անդամներին էլ է տրամադրել: Ստացվել է, որ ընտանիքում 3-4 անդամ վարկ պետք է մարի, ինչն էլ վարկային կարուսելի ֆենոմենով գյուղացիներին ծայրահեղ ծանր կացության մեջ է դրել:

Ծիլքարցիները նույնիսկ չեն կարողանում վարելահողերը մշակել. այս տարի գյուղի վարելահողերի մոտ 20% տոկոսն է ցանվել: Գյուղացիները 26 մլն դրամ հողի հարկի պարտք ունեն: 

Համայնքապետը հաշվարկել է, որ գյուղացիների վարկը մոտ 50 մլն է կազմել, որի կեսը գյուղացիները մարել են, մնացել է 25 մլն-ի չափով: Մոտ 50 հա հող է գրավադրված, ավելի քան 10 գյուղացու տուն, գյուղատնտեսական տեխնիկա:

«Մեր լեռնային գյուղերում մյուս բանկերը ոչ տներն են գրավ վերցնում, ոչ էլ` հողերը, էս բանկը վերցրեց: Հիմա էլ դատարանը որոշում է, որ արգելանք դրվի գյուղացու գույքի վրա, բայց մեր հաշիվներից էլ գումար են տանում, այլ ոչ թե գյուղացու դրած գրավն են վերցնում»,- ասում է համայնքապետը:

Ծիլքարցիները դիմել են վարչապետին, մարզպետին, փոխվարչապետին, սակայն որեւէ փոփոխություն այս գործում չի եղել:

Արդեն երկու գործով դատարանը վճիռ է կայացրել հօգուտ բանկի: Գյուղապետը նույնիսկ փաստաբան վարձելու միջոցներ չունի, ասում է, որ մարզպետարանի իրավաբանն էլ չի օգնել իրենց: Արդեն սեփական նախաձեռնությամբ հակընդդեմ հայցով մտել է դատարան: Նա պնդում է, որ օրենքի խախտում է  տեղի ունեցել. ոչ առեւտրային կազմակերպությանը` դպրոցին եւ գյուղապետարանին, բանկն իրավունք չուներ որպես երաշխավոր ներգրավել, քանզի որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություններ այս հիմնարկների ֆինանսական եւ գույքային միջոցները չեն կարող օգտագործվել որպես վարկային պարտավորության ապահովման առարկա:

Գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձը նույնպես չի կարող հանդիսանալ որպես վարկի ապահովման միջոց, ուստի, ի սկզբանե, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Սպիտակի մասնաճյուղը սխալ է թույլ տվել Ծիլքարի գյուղապետարանին եւ դպրոցին որպես երաշխավորող ու համապարտ ընդգրկելով:  Գյուղապետը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել երաշխավորման պայմանագիրը եւ ազատել բանկի նկատմամբ ունեցած որեւէ պարտավորությունից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից փորձեցինք ճշտել` արդյոք տեղյա՞կ են խնդրին, եւ որեւէ միջոց ձեռնարկվու՞մ է ուսուցիչների աշխատավարձի հետագա բռնագանձումը կասեցնելու ուղղությամբ: Նախարարությունից մեզ ուղղորդեցին Արագածոտնի մարզպետարան:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղյակ է խնդրին, ավելին, ըստ նրա` գործընթացներ են իրականացնում այդ արգելանքները հանելու համար. «Արդյունքում` դպրոցի աշխատակազմը ներկա պահին աշխատավարձի պարտքեր չունի»: Մարզպետը հույս ունի, որ համայնքապետարանի մասով էլ հարցը կկարգավորվի, քանի որ «գործընթացները ներկայումս էլ շարունակվում են», եւ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «ՎՏԲ» բանկի հետ քննարկումներ են գնում, որպեսզի այդ գումարները գանձվեն այն անձանցից, ովքեր որ վերցրել են դրանք: Ասեմ, որ դպրոցի այն տնօրենը, ով երաշխավորագիր է տվել, ներկայումս ազատված է իր պարտականություններից»,- պատասխանել է մարզպետը:

Հ. Գ. Գրավի պատճառով իր տնից կարող է զրկվել անձամբ համայնքապետ Հակոբ Հակոբյանը: Ինքն էլ համագյուղացու համար է վարկ վերցրել «Արդշինինվեստբանկ»-ից: Սակայն դա չնչին բան է համարում գյուղում ստեղծված իրավիճակի համեմատ:   

Մեկնաբանություններ (6)

Advokat
Комментарий ...isk HH qaxaqacin um e hetaqrqir aysor ,???
Kamo
Ete kan mardik, vor mexavor chen, drank naxkin gyuxapetn u naxkin dproci tnorenn en, ovker kangnel en irenc hamagyuxacineri koxkin, bayc ardyunkum darcel en anmex mexavorner
kamo
xaytarak vichakum haytnvec mi amboxch hamaynk,VTB banki Spitaki masnachyuxi anget u anbarexixch gorcuneutyan patcharov.arden 3-4 tari e,vor Cilkareciner@ ashxatum en,stexcum makarum en miayn VTB-i hamar.Amboxch harc@ kayanum e nranum, vor bank@ vark talu hamar kashark e vercrel gyuxacuc,yurakanchyuric voroshaki gumar,kaxvac varki chapic.Baci dranic, kexc storagrutyunnerov varker en tvel irenc mijnord mardkanc,ovker ayspes asac klientner ein apahovum bankin, meknabanutyunner@ toxnum enk cez...
Кареворчи
Начнем с того, что правительству Армении глубоко наплевать на проблемы народа, тем более на сельскую населению (они -эти кровососы, типа как доди гаго и сержик наьивают только свои карманы). Просто это бедный парень хотел как нибудь на хлеб насущный заработать (нЕ разбогатеть!!!) и попал впросак банка (как всегда и большинство незащищенные бедные люди которые в деревнях живут). мне этих парней очень жаль... а администрация, просто хотела как то помочь односельчанину, в отличии от высокопоставленных чиновников, которые и во сне тоже деньги считают и не думают о проблемах собственного народа). Во первых деньги нужны были ему (я так думаю....) чтоб пахать землю, сеять и собирать урожай... а когда град уничтожает все (в этих местах частое явление и особенно перед урожаем) об этом никто не говорит.... хотя бы одну станцию поставили бы - ради приличия и как всегда опять двадцать пять. Я думаю, надо простить это долг и бог тоже простит им (банкам, правительству)
Stepan
Inch vor hreshavor kerpoven nerkayacnum bankin isk en vark vercnogh giuxacun xexch u krak dzevov... Petke patjel henc vark vercnoghnerin, dproci naxkin tnorinutiany u karavarutian andamnerin shahuit hetapndelu u talani mech heto nor banki nerkayacucichnerin orenki xaxtumneri mech...
W. Wallace
Հոդվածի առաջին նկարում հիմա գյուղի անունով ցուցանակի փոխարեն պիտի ՎՏԲ-ի նշանը դրվի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter