HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշատակի ծածկոց. մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր

Մայիսի 19-ին աշխարհի 115 երկրում 30-րդ անգամ կվառվեն մոմեր՝ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանց­ված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդա­մենը մի քանի հազար դեպք:

Միջոցառ­ման կազմակերպիչները մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Ամեն տարի այդ օրը բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցա­ռումներ ուղղված հասարակության, կառա­վարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»:

Մոմեր վառելով` արարողության մասնակիցները ոչ միայն հիշատակում են ՁԻԱՀ-ից մահացածներին, այլև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: Այս միջոցառումն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն:

Տարբեր համայնքներում այն յուրովի է ընթանում: Մեկ համայնքում արարողութ­յունը կատարվում է ընկերական նեղ միջավայրում, մեկ այլում հազարավոր մար­դիկ են դուրս գալիս երթի՝ վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթը» աշխարհում իրականացվող ամենամեծ հասարակական ծրագիրն է, որի նպատակը համաճարակի բացասական ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն է:

«Քվիլթ» նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի՝ նման ծածկոց, ի հիշատակ մահացածի, կարել են նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:

«Քվիլթը», որի յուրաքանչյուր կտոր նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի ծավալների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադ­րությունը, որոնք երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:

Կյանքը ցույց է տալիս, որ տեղեկատվական մեծ հոսքերի մեր օրերում անգամ շատերը չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչը համաճարակին արդյունավետ հակազդման խոչընդոտներից է:

Ուստի, ելնելով օրվա խորհուրդից, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման
հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանի տարածած այս հաղորդագրության մեջ ներ­կայացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի որոշ հիմնահարցեր:

ՄԻԱՎ-ը` մարդու իմունային անբավարարության վիրուսը, անցնելով օրգանիզմ, քայքայում է իմունային համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը չի կարողանում պայքարել բազմաթիվ վարակային և ուռուցքային հիվանդությունների դեմ: ՄԻԱՎ-ով պայմանավորված հիվանդությունը կոչվում է ՄԻԱՎ վարակ:

ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ իմունային համակարգը թուլանում է այնքան, որ ցանկացած վարակ կարող է դառնալ հիվանդի մահվան պատճառ:

ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային գործածման, դաջվածքներ կատարելու ժամանակ չախտազերծված ասեղներ, ներարկիչներ, գործիքներ օգտագործելիս, արյան փոխներարկման, օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ: ՄԻԱՎ վարակ ունեցող մորից վիրուսը կարող է փոխանցվել երեխային հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս:

ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել կենցաղային շփումների` ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, ջրի, սննդի, սպասքի միջոցով, լողավազանում լողալիս, շոգեբաղնիք, մարզասրահ հաճախելիս, հասարակական զուգարանից օգտվելիս, մոծակի կծելու միջոցով:

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և սոցիալական կարգավիճակից: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման հետևանքով:

ՄԻԱՎ-ով չվարակվելու համար հարկավոր է ունենալ անվտանգ վարքագիծ՝ մինչ ամուսնությունը ցուցաբերել ժուժկալություն, ունենալ միայն մեկ չվարակված, հավատարիմ զուգընկեր և փոխադարձաբար լինել նրան հավատարիմ, խուսափել ռիսկային սեռական կապերից, երբ չգիտես ՄԻԱՎ-ի նկատմամբ զուգընկերոջդ կարգավիճակի մասին, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միայն միանվագ օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ և ասեղներ:

ՄԻԱՎ վարակն ունի երկարատև (միջինը 8-10 տարի) թաքնված, անախտանշան շրջանով, որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ, ունենում է առողջ տեսք և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:

Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել՝ միայն անցնելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան:

Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է՝ անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, հարազատ ու սիրելի մարդկանց չվարակելու համար:

Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն պլանավորող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումները հնարավորություն կտան ՄԻԱՎ վարակ ունեցող կնոջը մինչև 99% դեպքերում ունենալու առողջ երեխա:

ՄԻԱՎ-ով վարակման վտանգ պարունակող վարքագծի ցանկացած դրսևորման դեպքում հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը պարզելու, հարազատ, մտերիմ մարդկանց չվարակելու, անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, ապագա երեխային վարակի փոխանցումը կանխարգելելու համար:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ օգտագոր­ծել են թմրա­մի­ջոցներ նե­րար­կա­յին ճանա­պար­հով, ունեցել են արտաամուսնական սեռական կապեր առանց պահպանակի, երբևէ հիվան­դացել են որևէ սեռա­վա­րակով, ունեն վիրուսային հեպատիտներ B, C, կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն պետք է անցնել հնարավոր վարակման պահից միջինը 3 ամիս հետո, երբ արյան մեջ արդեն առկա են լինում հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ:

ՄԻԱՎ վարակի արմատական բուժում դեռևս գոյություն չունի: Ներկայում բուժման համար կիրառվում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղեր: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի ընթացքը, հետաձգել ՁԻԱՀ-ի փուլի զարգացումը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդ­ների շրջանում մահացությունը:

Դրա շնորհիվ այսօր ՄԻԱՎ վարակն անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ ընթացքով հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: Նաև արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն՝ այդ բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ժամանակակից բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասա­նելի է և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխար­գել­ման հանրապետական կենտրոնում (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): Հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն: Հետազոտության և դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:

ՄԻԱՎ վարակին առնչվող հարցերի պատասխաններ կարելի է ստանալ նաև «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության միջոցով՝ 61-08-20 ամեն օր՝ ժ. 09.00-18.00-ն՝ բացի հանգստյան օրերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter