HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց միջադեպ եղավ ոստիկանների և զոհված զինծառայողների ու քաղաքացիական ակտիվիստների միջև: Զոհված զինծառայողների՝ բողոքի ակցիային մասնակցող մայրերը պահանջում էին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի ու պատասխանի իրենց հարցերին, թե ինչու են այսօր ոստիկանության, պաշտպանության նախարարության և ռազմական ոստիկանության աշխատակիցները փակել զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխող քաղաքացիների ճանապարհը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ազգականները, ի նշան բողոքի, այսօր որոշել են տղայի դին Մարտունուց տեղափոխել Երևան՝ Կառավարության շենքի դիմաց: Սակայն իրավապահները Երևան-Սևան մայրուղում փակել են վերջիններիս ճանապարհը և թույլ չեն տվել շարժվել առաջ:

«Մենք վարչապետին աշխատավարձ ենք տալիս՝ ոչ թե աշխատասենյակում նստելու, այլ քաղաքացիների հարցերին պատասխանելու համար: Թող գա պատասխան տա, թե զինվորներն ու ոստիկաններն ինչ իրավունք ունեն ճանապարհ փակելու»,- ասում էր բանակում զոհված զինծառայողի մայր Նանա Մուրադյանը:

Վարչապետի փոխարեն կառավարության շենքից դուրս եկավ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Նա հավաքվածներին համոզում էր իր հետ խոսել իրենց հուզող հարցերի վերաբերյալ, սակայն քաղաքացիները պահանջում էին վարչապետին: «Վարչապետն է որոշում, թե երբ իջնի»,- պատասխանեց կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը:

Տեսնելով, որ վարչապետն իրենց ընդունելու ցանկություն չունի՝ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, փորձեց մտնել կառավարության շենք: Նրա հետևից գնացին նաև մյուս ծնողները: Այդ պահին ոստիկանները հավաքվեցին և պատ կազմելով արգելեցին քաղաքացիների մուտքը կառավարության շենք:

Կառավարության շենքի ներսում հսկողություն իրականացնող համազգեստավորները ժպտում էին: Ծնողներից մեկը, տեսնելով նրանց արարքը, սկսեց կոշիկով ու պայուսակով հարվածել ապակեպատ դռանը և վանկարկել՝ «տականքներ, դուք էլ երեխաներ ունեք»:

Այդ պահին եկան ոստիկանական նոր խմբեր, որոնց աշխատանքը համակարգում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկանները պատ կազմելով քաղաքացիներին հրելով իջեցրին ներքև:

Նշենք, որ ոստիկանների օպերացիան նկարահանվում էին ոստիկանության օպերատորները: Ոստիկաններից մեկի ցուցումով օպերատորը նկարում էր միայն այն պահը, երբ քաղաքացիներն են ակտիվ, իսկ երբ ոստիկաններն էին հրում քաղաքացիներին, ոստիկանի ուղղորդմամբ նա տեսախցիկը թեքում էր:

Այս պահին դեռ մարդիկ հավաքված են կառավարության շենքի դիմաց:

Մեկնաբանություններ (1)

Anush
«Մենք վարչապետին աշխատավարձ ենք տալիս՝ ոչ թե աշխատասենյակում նստելու, այլ քաղաքացիների հարցերին պատասխանելու համար: Թող գա պատասխան տա, թե զինվորներն ու ոստիկաններն ինչ իրավունք ունեն ճանապարհ փակելու»,- ասում էր բանակում զոհված զինծառայողի մայր Նանա Մուրադյանը: Halal e... Bolore piti gitakcen sa!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter