HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Մեծն Գեթսբին

Բազ Լուրման, 2013 թ. 

«Ավստրացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին», որտեղ գլխավոր դերում նկարահանվել է հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն, կբացի Կաննի 66-րդ կինոփառատոնը»: 

Նման վերտառությամբ բազմաթիվ տեքստերով էր ողողված վիրտուալ մամուլը նախորդ մեկ ամսվա ընթացքում: Կինոսերների մի մասն անհամբեր սպասում էր Սքոթ Ֆիջցերալդի հեղինակած՝ 20-րդ դարի ամենահայտնի վեպերից մեկիհերթական էկրանավորմանը, մյուսը առանձնապես ակնկալիք չուներ ռեժիսորից, բայց հետաքրքրությունը ֆիլմի շուրջ բավական մեծ էր: Մայիսի 17-ից  ֆիլմն արդեն ցուցադրվում է նաև Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնի էկրանին: 

Սյուժե


1927թ-իգարնանը  Նիք Քերուեյը  տեղափոխվում է Նյու Յորք՝ Լոնգ Այլենդ: Նա հաստատվում է ճոխ իր խնջույքներով հայտնի առեղծվածային միլիոնատեր Ջեյ Գեթսբիի պալատի  հարևանությամբ: Նիքի տունը գտնվում է իր զարմուհի Դեյզիի ու վերջինիս ազնվական ամուսին Թոմ Բյուկենենի շքեղ տան հանդիպակաց ափին: Այսպես Նիքը ներքաշվում է հարուստների աշխարհի՝ նրանց պատրանքների, ստերի ու խճճված սիրային արկածների մեջ: Նա ականատես է դառնում ու գրի առնում իդեալիստական սիրո, հույսի ու ամերիկյան երազանքի մասին Ջեյ Գեթսբիի կյանքի տրագիկ պատմությանը, որը քսաներորդ դարասկզբի բարքերի ուղղակի արտացոլումնէ: 

Սքոթ Ֆիցջերալդի ու Բազ Լուրմանի գեթսբիները 

Նախ՝ ֆիլմը քննարկել բացառապես վեպի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում, որովհետև վեպն էկրանավորելիս ռեժիսորն ինչ-որ տեղ վերստեղծում է վեպը սեփական մեկնաբանությամբ՝ հավատարիմ մնալով գրական ստեղծագործության հիմնական կառույցին՝ հերոսներ, տեղ, ժամանակ, ոճ, ձև: Իհարկե ռեժիսորը կարող է խախտել նաև նշածս կետերը, բայց այնուամենայնիվ այդ դեպքում էլ պետք է կարողանա հիմնավորելսեփական ձևափոխումները, հակառակ դեպքում ստացվում է ինքնանպատակ միջամտություն հիմնական պատմությանը կամ թերացած կատարում ու արդյունքում՝ վեպի չստացված մեկնաբանություն: 


Բազ Լուրմանի պարագայում ակնհայտ է, որ ռեժիսորը նպատակ չի ունեցել նույնությամբ վերստեղծել Ֆիցջերալդի Գեթսբիի կերպարը, այլ փորձել է ներկայացնել Գեթսբիի սեփական մեկնաբանությունն ու ընկալումը: Սակայն արդյունքում ստացվել է անհասկանալի ու «չբացված» սենտիմենտալ, տիպիկ հոլիվուդյան կերպար, ինչի արդյունքում ֆիլմի ավարտին անհասկանալի է մնում, թե ինչու՞ էր Գեթսբին «մեծն», դրակա՞ն, թե՞ բացասական կերպար էր, ինչի՞ հետևանքով էր դարձել այդպիսին, անհույս ռոմանտի՞կ էր, կույր սիրահա՞ր, թե՞ինչ: Այն էլ, ինչը հասկացվում է, շատ աղոտ է, հատկապես այն հանդիսատեսի համար, ով ծանոթ չէ նախորդ էկրանավորումներին կամ գոնե վեպին: 

3D 

Արդարացված չէր ֆիլմի հենց 3D ձևաչափով էկրանավորումը: Ակնհայտ է, որ դրա միակ արդարացումը կոմերցիան է: Ֆիցջերալդի վեպում առաջնայինը հերոսների էմոցիաները, ապրումները, երկխոսություններն ու հարաբերություններն են: Նման ֆիլմերի համար, որտեղ «շարժը» կամ միջավայրի ստեղծումը առաջին կամ գլխավոր պլանում չէ, ինչպես ասենք «Avatar», «The Hobbit», «Life of Pi», «Up», Սկորսեզեյի «Hugo» ֆիլմերում, 3D-ի հիմնական հիմնավորումը դառնում է կոմերցիան: 


Scorsese, Hugo 

Ֆիլմից տպավորություն ես ստանում, որ 3D-ն արդարացնելու համար ռեժիսորն ավելացրել էր մեքենաների ինքնանպատակ մրցավազքեր, վերևից ներքև թափվող տառեր, գերհագեցած դեկորացիաներ, որոնք, ի դեպ, ոչ միայն խնջույքներն ու հարուստ կյանքը ընդծելու համար են արված (ինչն արդարացված կլիներ), այլ նաև փողոցներում, բնության ու մյուս բոլոր տեսարաններում: Արդյունքում ստացվել էր գույներով, հագուստներով, մեքենաներով, ավտոմրցաշարերով, դեկորացիաներով, անշունչ առարկաներով աչք շոյող ու գերհագեցած մի ֆիլմ-կիտչ, որտեղ սյուժեն, պատումը ու հիմնական գործողությունները մնում էին երկրորդ պլանում: Տպավորություն է, որ ռեժիսորի նպատակը ոչ թեհերոսի պատմությունը ներկայացնելն է, այլ ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումների ցուցադրումը: 


20-30-ականների Ամերիկա 

Ֆիլմում ռասսայական խտրականության թեմայով մի քանի զրույցներից (որոնք ի դեպ բնագրի առավելություններն են) ու ինդուստրիալ քաղաքի գործարանների կամ երկաթուղու մի քանի տեսարաններից բացի որևէ այլ կերպ չի ընդգծվում գործողությունների տեղի ու ժամանակաշրջանի ազդեցությունը վեպի վրա, ինչը Ֆիցջերալդի ստեղծագործության հիմնական կետերից է: 

Եթե ուշադիր լինենք ֆիլմի սաունդթրեքերին, ապա այնտեղ զգալի է ռեպ երաժշտությունը, ինչի առկայությունը Ամերիկայի 20-ականների կոնտեքստում ռեժիսորը ևս չի հիմնավորում: 


Հերոսներ 

Բացի այն, որ ռեժիսորը չի տալիս գլխավոր հերոսի ամբողջական պատկերը, կիսատ են նաև մյուս՝ փայլուն խաղացող դերասանների մարմնավորած հերոսները: Կիսատ է Նիք Քերուեյի  կերպարը: Մինչ ֆիլմի վերջին տեսարանը, որտեղ հնչում են Նիքի այն խոսքերը, որ նրանք բոլորը ոչնչություններ են, և Գեթսբին միայնակ արժե այդ ամբողջ խումբը միասին վերցրած, տպավորություն է, որ ֆիլմում նրա դերը միայն Դեյզիի ու Գեթսբիի հանդիպումը կազմակերպելն ու այն հետագայում գրառելն էր: Մյուս կողմից՝ տիպիկ հոլիվուդյան ձեռագրով, պարբերաբար ցույց են տալիս Նիքին դեպքերից տարիներ անց՝ գրողի կարծրատիպային ռոմանտիկ կերպարում, որտեղ նա նստած է փափուկ բազմոցին, ունի սպասավորներ, տպագրական մեքենայով գրում է վեպն ու թղթերը շաղ տալիս հատակին:Դեյզիի ու Թոմի հարաբերությունները նույնպես անհասկանալի են մնում, ինչպես և Թոմի հարաբերությունները սիրուհու հետ: Ջորդան Բեյքերը կարծես միայն մեկ տեսարանի համար էր նկարահանվել ֆիլմում ու ավելորդ կերպարի տպավորություն էր թողնում, այնինչ վեպում նրա կերպարը ևս կենտրոնական է: 


Վերջաբանը

Ֆիլմում բացակայում է Գեթսբիի թաղման արարողության տեսարանը, որտեղ հնչում է հետևյալ հայտնի երկխոսությունը.

-Ես չկարողացա ժամանակին գալ,- թաղման ժամանակ Նիքին դիմեց Գեթսբիի ընկերներից մեկը:

-Ոչ ոք էլ չկարողացավ:

-Ի՞նչ եք ասում: Տե՜ր Աստված. ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մտնում նրա տուն: Խե՜ղճ տղա... 

Իհարկե՝ այս տեսարանի առկայությունը զուտ ռեժիսորի մոտեցման խնդիրն է, բայց այն ընկալելի կլիներ, եթե գոնե փոխարենը համարժեք վերջաբան ստեղծված լիներ: 

Բայց 

...հարգելի Բազ Լուրմանը ֆիլմի վերջաբան էր ընտրել...ոչ ավել, ոչ պակաս՝ հոլիվուդյան դասական ֆիլմերի բոլորիս ծանոթ վերջաբանները: Դի Կապրիոն իր ողջ հմայքով կանգնած է լողավազանի եզրին, մարդասպանը կրակում է հերոսի մեջքին և՞...ի՞նչ եք կարծում, դե իհարկե՝ Դի Կապրիոն բոլորիս հայտնի ժեստով շոշափում է կրծքից հոսող արյունը, խոշոր պլանով ցույց են տալիս նրա կապույտ աչքերն ու զայրութով լի հայացքը, զրնգում է հեռախոսը, նրա աչքերից հոսում է արցունքի ընդամենը մեկ կաթիլ, որին մենք ծանոթ ենք մի շարք այլ հայտնի ֆիլմերի ֆինալներից և...և ի՞նչ...իհարկե, սա դեռ ամբողջը չէ, նա արտաբերում է «Դե...յ...զի» բառը, ինչը ֆիլմը վերջնականապես վերածում է հոլիվուդյան սիրավեպի էկրանավորման, ու ընկնում է լողավազնի մեջ: 

Հ.Գ.  Ֆիլմի կատարումը ակնհայտորեն թերի է անգամ պոստմոդեռն դիսկուրսում մեկանաբանվելու համար, որովհետև խնդիրը ոչ թե ռեժիսորի կողմից ակնհայտ արդի մոտեցումը, ադապտացիայի փորձն ու վեպին հարազատ չմնալն է, այլ անգամ այդ դեպքում անհասկանալի դետալները, կիսատ հերոսները, վիզուալ էֆեկտների գերակշռումը հիմնական գաղափարին ու չհիմնավորված սյուժեն: 

Միակ դրական կողմը, որն ինձ համար կար այս ֆիլմի նկարահանման մեջ, այն է, որ ֆիլմի շուրջ բարձրացած PR աղմուկը Սքոթ Ֆիցջերալդի վեպը կրկին վերածել է բեսթսելլերի ու ավելի մեծ թվով մարդիկ են ֆիլմից հետո սկսում ծանոթանալ վեպին: Էնպես որ խորհուրդ եմ տալիս անհասկանալի ֆիլմի համար Մոսկվա կինոթատրոնում 2,000 դրամ ծախսելու փոխարեն գնալ մոտակա գրախանութ, ձեռք բերել վեպն ու կարդալ այն J 

Հաճելի ընթերցում

Մեկնաբանություններ (2)

GATSBY
It is not interesting to read an article about a shitty movie.
lg
Ավստրալացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter