HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Աքիլլես» ՀԿ նախագահ. «Վարորդները չգիտեն, թե կոնկրետ որ խախտման համար են տուգանվում»

«Հաճախ պատահող երևույթ է, երբ Ճանապարհային ոստիկանությունը նշում է, որ այսինչ վարորդը խախտել է, օրինակ, խաչմերուկների անցման կանոնները: «Խաչմերուկների անցում» բաժինը բաղկացած է 16 դիսպոզիցիայից, այսինքն՝ 16 կետից: Ոչ մի տեղ չի գրվում, թե կոնկրետ որ կետն է խախտել վարորդը: Տպավորությունն այնպիսին է, թե ՃՈ-ն չգիտի երթևեկության այդ կանոնները: Անգամ դատարանում չեն կարողանում հստակեցնել իրենց պահանջը: Միայն տուգանքի չափն են նշում»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Խոսելով ՊԵԿ-ի գործուներության մասին՝ «Աքիլլես»-ի նախագահը նշեց, որ գրեթե ոչ ոք չգիտի, թե ինչ գումար է որպես մաքսային տուրք վճարելու որևէ ավտոմեքենա Հայաստան բերելու համար, քանի որ այս հարցում նույնպես հստակ տեղեկություն ստանալ հնարավոր չէ. մարդիկ ստիպված են լինում հասնել Նորագավիթի մաքսատուն, որը միակն է ամբողջ հանրապետությունում՝ պարզելու համար մեքենայի մաքսային արժեքը:

«Այդտեղի աշխատողն իր սեղանի վրայի կոճակն է սեղմում ու ինչ-որ թիվ է հայտնում, իսկ թե որքան է վստահելի այդ թիվը, ոչ ոք չգիտի: Դեռ 5 տարի առաջ, երբ Ս. Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, ՊԵԿ-ի կայքում տեղադրվեցին այդ բոլոր թվերը՝ մաքսային արժեքները և մաքսային տուրքերը: Մեկ-երկու ամսից այդ ամենն անէացավ: Նորագավիթում այժմ պատահական ինչ-որ թիվ են ասում՝ առանց հիմնավորելու իրավական որևէ ակտով,- ասաց Էդուարդ Հովհհաննիսյանը և հավելեց,- այդտեղ կա մի հեռախոսահամար, որը, եթե ամիսներով էլ զանգեք, վերցնող չկա, իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իրենց կայքի հենց առաջին էջում գրել է, թե իրենք ամեն ինչ անում են, որ թափանցիկ լինեն հարկատուների առաջ»:

Այս ամենը՝ տուգանքերի, մաքսերի և տուրքերի իրական չափերի գաղտնի պահելը, ըստ բանախոսի, կոռուպցիոն ռիսկերի առկայության հատկանիշ է, և իրենք նամակ են նախապատրաստում ՀՀ Նախագահին, որում կարտահայտեն իրենց բողոքն ու առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter