HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Գիտենք, որ էդ դանդաղ գործող ռումբը գետնի տակ կա»,- ուրանի մասին ասում է լեռնաձորցի Վահրամը

«Աշխատանքներն այս պահին սառեցված-դադարեցված են, շարունակության մասին ոչ մի տվյալ չկա: Պարզ է, որ եթե այդ գործընթացները վերսկսվեն, դրա մասին տեղյակ կլինենք»,- ասում է Սյունիքի փոխմարզպետ Վաչիկ Գրիգորյանը` անդրադառնալով մարզի Լեռնաձոր համայնքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը:

Հիշեցնենք, որ դեռ 2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարությունն ու ռուսական «Ռոսատոմ» ատոմային էներգիայի գործակալությունը հուշագիր էին ստորագրել Հայաստանում ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության մասին: Դրանից շատ չանցած` ԲՆ-ն ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության հետ բաժնետոմսերի 50-50 հարաբերակցությամբ ստեղծեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որի նպատակը մեր երկրում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզում իրականացնելն էր:

Շուտով հետախուզական աշխատանքներ սկսվեցին Լեռնաձոր համայնքում: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի ներկայացմամբ, սակայն, Սյունիքի ուրանի հանքավայրն ընդգրկում է Կապանից Քաջարան ավտոճանապարհի Ողջի գետի աջափնյա եւ ձախափնյա տարածքները` ձգվելով դեպի գետի ակունքը` մինչեւ Դավաչի տեղամասը, Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հանքավայրի տարածքում են գտնվում Քաջարան քաղաքը, Լեռնաձոր, Ձագեձոր, Կաթնառատ, Փխրուտ գյուղերը, եւս չորս համայնք:

Աշխատանքների սկսվելուց հետո լեռնաձորցիները հանդես եկան բողոքի մի շարք ակցիաներով, նամակներ գրեցին նախագահին, կառավարությանը, ԱԺ խմբակցություններին, նախարարություններին, նորաստեղծ ՓԲԸ-ին, հանքի շահագործման դեմ արտահայտվեցին Կապանի, Քաջարանի, Լեռնաձորի ավագանիները, հավաքվեց ավելի քան 13.000 ստորագրություն, 2010-ի նոյեմբերին էլ անհայտ հանգամանքներում հրդեհվեց Լեռնաձորում հորատում կատարող մեքենան, որին շուտով փոխարինեց նորը:

Սակայն նույն տարվա դեկտեմբերին` 2010-ի համար նախատեսված հետախուզաորոնողական աշխատանքները կատարելուց հետո, «Աբվան» ընկերությունը հեռացավ Լեռնաձորից: Վերջինիս տնօրեն Յուրա Գեւորգյանը չէր բացառել, որ իրենք, հնարավոր է, տեխնիկայի հրդեհման պատճառով չցանկանան վերադառնալ որոնողական աշխատանքների: Նա նաեւ հայտնել էր, որ 6 ամսվա կատարած հետախուզական աշխատանքների ժամանակ 2 տեղամասերում արած հորատանցքերից ուրանի պաշար չի հայտնաբերվել:

«Չէ, երեւի չբացեն հանքը, բնական պաշարների ու էներգետիկայի նախարարն ասեց, որ հանքերը շատ թույլ են, պարունակությունը շատ քիչ ա,- ասում է 80-ամյա լեռնաձորցի Ռաֆիկ Ավետիսյանն ու հավելում,- եթե տոննայի մեջ մի կլիոգրամ ուրան լինի, անպայման կհանեն»:

«Ֆուկուսիմայի աղետը ՄԱԳԱՏԷ-ում խստացրեց ատոմակայանների, ատոմի, ճառագայթումների նկատմամբ մոտեցումները, համաշխարհային չափորոշիչները: Այդ խստացումները բերում են լրացուցիչ ծախսերի: Ըստեղ կարող ա էդքան պաշարներ չկան, տնայնագործական եղանակով միգուցե ինչ-որ ձեւով հանեին, բայց էդ բոլոր բաները հաշվի առած` արդեն մեծ ծախսեր ա պահանջվում: Ես ըտենց եմ կարծում: Դրա համար էդ ծրագիրը սառեցվել ա»,- իր հերթին նշում է Ռաֆիկ պապի որդին` Վահրամը:

Դեռ 1970-ականներին խորհրդային արշավախումբը ուսումնասիրություններ էր անցկացրել այս վայրերում: Տեղացիները պատմում են, որ ըստ տարածված շշուկների` այդ ժամանակ հետազոտողներից նույնիսկ մահացողներ են եղել, ինչից հետո հորատանցքերը փակել են բետոնով, իսկ ծրագիրը չի շարունակվել:

«Ուրան այստեղ կա, գոյություն ունի, եւ ոչ մեկը հիացած չէ այդ հեռանկարով: Ուրանը գիտեք, թե իրենից ինչ է ներկայացնում, դրա հետ կապված ֆոբիան էլ կա,- ասում է փոխմարզպետ Վ. Գրիգորյանը,- Լեռնաձորում հասարակական լսումներ են անցկացվել 2-3 անգամ, եւ այդ լսումների ժամանակ չկարողացան համոզել մեր ազգաբնակչությանը, բնապահպանական ՀԿ-ներին: Նրանց ոչ թե պետք է համոզենք, այլ հիմնավորենք, որ այդ հետազոտություններն անվնաս են, անվտանգ են: Այդտեղ մենք պաշտոնական դիրքորոշում չունենք, լիազոր ներկայացուցիչը նախարարությունն է, կա համայնք, որտեղ հետագայում պետք է լինի փաթեթ, թույլտվություններ: Մեր դիրքորոշումը քաղաքացիական տեսանկյունից, որպես պետական կառավարման կամ մարզային մարմին, այն է, որ մենք այդ պահին ցանկացանք ժողովրդի հետ միասին այդ հարցը բարձրացնել լիազոր մարմնին, նրանց դիմեցինք եւ առաջարկեցինք, որ ավելի լայն, հիմնավոր բացատրական աշխատանքներ տարվեն: Հետո մենք առաջարկեցինք նպատակահարմարության հարցը դիտարկել, քանի որ 1970-ականներին ցանկանում էին հանքը շահագործել, բայց նպատակահարմար չգտան»:

Եվ չնայած «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատու, ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի մի շարք հավաստիացումներին, թե ուրանը հետազոտության փուլում վտանգավոր չէ, այն սկսում է ճառագայթել միայն հարստացումից հետո, իսկ Հայաստանում հարստացում չի կատարվելու, տարածաշրջանի բնակիչներին դույզն իսկ չեն հանգստացրել:

«Եթե բոլոր կանոններով հանեն, կարելի ա: Բայց եթե իրենք նախնական հայտարարում են, որ էստեղ չեն վերամշակելու, նշանակում ա` էդ հանքաքարը բաց վիճակում ինչ-որ ձեւով ըստեղից տանելու են»,- ասում է Վահրամ Ավետիսյանը:

Իսկ Ռաֆիկ պապը հավելում է. «Ասենք թե քանդեցին, հանեցին, հանքում ինչ լինում ա, ժողովրդի վրա չի ազդում, բայց չէ՞ որ հարուստ ապարը տանում են, մնացածը թափում են պոչամբարը, նա էլ ա ճառագայթում առաջացնում»:

Ուրանի ծրագրի դեմ հանդես եկող ակտիվիստները անցյալ տարեվերջին հայտարարել էին, որ եթե հասարակության պահանջները չբավարարվեն, 2011-ին իրենք կրկին հանրահավաքներ են կազմակերպելու: Դրա կարիքն, իհարկե, չեղավ, սակայն Վահրամը չի կարծում, թե պատասխանատուները վախեցան ժողովրդից:

«Նախ` պաշտոնապես ես հերքում չեմ տեսել, որ էդ ծրագիրը դադարեցված ա: Հետո` կարծում եմ, որ դա ընդամենը կարող էր ստիպել ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, բայց ծրագիրը կանգնեցնելուն չէր կարա ազդեր, որովհետեւ էդ վառված հաստոցից հետո նորը էկավ, աշխատանքը շարունակվեց, հետո հանքաքարը գնաց լաբորատոր հետազոտությունների, հետո նոր եզրակացության եկան: Ոչ մի անգամ ես չեմ հիշում, որ ասեին. «Հաշվի առնելով բնակչության ստորագրահավաքը, բողոքները եւ այլն, եւ այլն` եկեք էս ծրագիրը սառեցնենք», դուք էդպիսի բան տեսա՞ք: Ես կարծում եմ, որ աշխարհը բավականաչափ հետ ա դառնում ատոմից, բայց դա հարուստ երկրների պրիվիլեգիան ա, ոչ թե մեր նմանների: Եթե երկընտրանք չունենանք, ստիպված պիտի լինենք օգտագործել: Մտահոգությունը միշտ էլ կա, գիտենք, որ էդ դանդաղ գործող ռումբը գետնի տակ կա»:

«Առաջ` Սովետի օրոք, որ մի մարդու դավաճան էին հանում, տանում էին ուրանի հանքում աշխատացնում, ինչքան կապրի` կապրի: Մենք, ի՞նչ ա, հանցագործներ ե՞նք, որ ըստեղ հանքը տալիս են, ժողովրդին թողնում ըստեղ,- բողոքում է Ռ. Ավետիսյանը,- չէ, երեւի չբացեն, բայց էս մոլիբդենի, պղնձի, ոսկու համար հանքեր տալու են շուտ թե ուշ»:

Լեռնաձորում ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի ուրանի այս պատմությունը: Մարդիկ չեն էլ իմանում, թե ինչ են անելու, եթե կառավարությունը չփոխի իր դիրքորոշումը: «Մտածում եմ, որ գյուղացիները կհարմարվեն, ով էլ կարող ա` դուրս կգա»,- ասում է երկու անչափահասի մայր Լիլիթը: «Բայց չենք ուզում հավատանք, որ ըտենց կլինի»,- անմիջապես էլ լավատեսություն է հայտնում նրա մայրը` տիկին Ռիտան:

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Բարոն յջն, էդ Վարազ Սյունուն ճանաչում ես? Կառաջարկեմ Ձեր հանդիպումը կազմակերպել Ամստերդամում: Երևի ինքն իրեն էնտեղ էնքան լավ է զգում, որ արտածում է իր երանելի վիճակը մերօրյա հոգսառատ իրավիճակի վրա, որոնք անընդհատ բարդ լուծումներ են պահանջում: Բարոն ջան, այդ թվում Վարազ Սյունի ջան, իրար հանդիպելուց ինձ էլ կանչեք, ես էլ կմիանամ, հասկանամ, Վարազ Սյունին Սյունեցի է, թե իսկական Ամստերդամցի:
Baron
Hargargan Varaz Syuni kardum em Dzer meknabanutyunner@ ev chgitem cicaxem te lacem... Nstel eq Amsterdamum u pilisopayum eq ayn harceri shurj voronc masin patkeracum chuneq. Verjin angam erb eq exel Syuniqum? Duq ho merorya Ulyanov cheq vor artasahmanic hexapoxutyun e xekavarum. Syuniqum azgayin azatagrakan payqari kanxatesumner eq anum, hetaqrqir e um dem e linelu ayd payqar@ umic petq e azatagrvenq? Es inqs syuneci em u hima porcum em haskanal te um dem piti krvem? Isk ayd payqarum dzer derakatarum@ vorn e linelu - finansakan ognutyun te payqari avangerdum klineq drosh@ dzerqnerit?)) Klineq Hayastanum urax klinem handipel kuzenayi tesnel merorya Syuniqi azatagrakan payqari herosin. PS. Hetaqrqir e mi 20 tari araj erb Syuniqum iskakan azatagrakan payqar er @ntanum vortex eiq sahmanum te Amserdamic taktikakan planner eiq mshakum Baqun gravelu hamar?
Varaz Syuni (Amsterdam)
Ete ays ուրանի tsragiry NORITS portsen, apa yes (tekuz MENAK) nayev (nsta)TSUYTS em anelu HAAGA (The Hague)-um: Hayastani DESPANATAN araj. Yes sa XOSTANUM em........................Isk HAAGA-um ka mot 100 despanatun yev mot 200 mijazgayin kazmakerputiun- usti voxch ashxarhy...................HIMA el Սյունիքը piti toxnenk vor veratsen AREVMTYAN Hayastani?
Varaz Syuni (Amsterdam)
Isk yes HAMOZVATS em, vor պատասխանատուները վախեցան ժողովրդից: Ayn el INCHPES. ժողովրդի ays HAXTANAKY arajinn er Oligarxayin Systemi DEM- verjin ays amboxch tarineri yntatskum. Yes inks SHAT HPART em ays haxtanakov (vory nayev huzich er)............................Yes nayev HAMOZVATS em, vor ուրանի shahagortsum Լեռնաձորում CHI LINELU. Hakarak depkum ուրանի ծրագրի դեմ paykary Syunikum ver e atsvelu AZGAYIN-AZATAGRAKAN paykari/krvi.
Varaz Syuni (Amsterdam)
Լեռնաձորում ուրանի shahagortsum ERBEK CHpiti lini. ERBEK......Vorosh mardik SA CHEN uzum HASKANAL......Kapanum arden tariner NUYNISK mi hat SOVORAKAN XMELU jri makrman harts CHEN karoxanum lutsel 21-rd darum. Inch mnats te ուրան. Ches imanum tsitsaxes te latses.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter