HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լյուդմիլա Սարգսյանը վարչապետին մեղադրեց դատական համակարգի ոչնչացման մեջ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցրեց:

Պատգամավորը նշեց, որ եթե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացառում է պետռեգիստրի կողմից ապօրինությունների կատարման հնարավորությունը, ապա ինչո՞վ կարելի է բացատրել ՍԴՀԿ-ի նոր ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ կանոնադրական փոփոխությունների գրանցումը, եթե դա վարչապետի կողմից իջեցված պատվեր չէ:

Պատգամավորին հարցին պատասխանեց Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի` իրենք մեծ ցավ են ապրում, երբ տեսնում են, որ ավանդական կուսակցություններում կան խնդիրներ:

«Ցավում եմ, որ ձեր ներսում առաջացել են խնդիրներ եւ դուք հիմա փորձում եք քաղաքականացնել այդ խնդիրը` ներքաշելով մեզ այդ խնդիրների լուծման մեջ: Մենք չենք խառնվել եւ չենք խառնվելու ձեր ներկուսակցական խնդիրներին»,- ավելացրեց վարչապետը:

Նա նշեց, որ ինքը չունի որեւէ անձնական հարաբերություն պարոն Աճեմյանի հետ: «Գիտեք, մեր մեղքերն այնքան շատ են, մեր բացթողումներն այնքան շատ են, մեր մեղքերի մասին խոսեք, չեղած բանը ինչու՞ եք բարդում: Ես այդ մարդու հետ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ նպատակ ունեմ բիզնես անել, ոչ մի անձնական հարաբերություն չունեմ եւ չեմ էլ ունենալու, որովհետեւ քաղաքական դաշտի ներկայացուցիչ է եւ այդ դաշտում մրցակիցներ ենք»,- ավելացրեց վարչապետը:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իր մեղադրանքներն անհիմն չեն, եւ 3-4 տարի է՝ վարչապետը փորձում է պառակտել ՍԴՀԿ-ն:

«Ես պաշտոնապես մեղադրում եմ Ձեզ` դատական համակարգի ոչնչացման համար, քանի որ Դուք եւ Ձեր վերադասներն ամեն ինչ անում եք, որ դատարանը հնարավորություն չունենա անկախ եւ օրինական վճիռ կայացնելու»,- ավելացրեց պատգամավորը:

Նա նշեց, որ ցանկացել է հանդիպել արդարադատության նախարարի հետ, սակայն վերջինս խուսափել է` գիտակցելով, որ չի կարող արդարանալ:

Վարչապետը նշեց, որ պատգամավորի մեղադրանքներն անհիմն են, քանի որ ինքը չի կարող միջամտել դատարանի գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter