HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վկային ոստիկանությունում խաբել են՝ ասելով, թե սպանվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը

Կարեն Եսայանի սպանության գործով երեկ կայացած դատական նիստը շարունակվեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի քրոջ` Մելանյա Սարգսյանի հարցաքննությամբ:

Դեպքի օրը վկան աշխատանքի է գնացել ժամը 11-ի սահմաններում: Առավոտյան ընտանիքի անդամներով, ինչպես միշտ, նախաճաշել են` իրենք սուրճ են խմել, Հարությունը` թեյ: Հետո մայրն ու եղբայրը դուրս են եկել տանից, հայրը գնացել է տանը կից խանութը բացելու: Վկան պատմեց, որ եղբայրը պիտի գնար Բավրայի անցակետ: Քանի որ այդ ամսին բավական ցուրտ է Աշոցքի տարածաշրջանում, ինքն եղբորը խորհուրդ է տվել հագնել սեւ, տաք «ջեմպրը» (առանց կոճակների եւ օձիքի հյուսած շապիկ - հեղ.) եւ կիսաճտքավոր կոշիկները:

«Իմ տանը գտնվելու ընթացքում Հարությունը չի վերադարձել»,- պնդեց վկան: Աշխատավայրում գտնվելու ժամանակ կեսօրից հետո զանգահարել է հայրը եւ խնդրել տուն գալ: Մելանյան ասաց, որ հայրն ուներ եւ հիմա էլ ունի առողջական խնդիրներ.շաքարային դիաբետի հետ կապված զարկերակային ճնշումը մշտապես տատանվում է: Անսալով հոր խնդրանքին` վկան ժամը 13-ի սահմաններում եկել է տուն, չափել հոր ճնշումը եւ մտածելով, թե կարող է վիճակը վատանա, աշխատավայր չի վերադարձել: Մեկ ժամ անց աշխատանքից տուն է եկել նաեւ մայրը, ով որպես ուսուցչուհի դասավանդում է Ցողամարգ գյուղի դպրոցում:

Այդ ընթացքում իրենց տուն մարդիկ են եկել, ովքեր հարցրել են եղբոր գտնվելու վայրը: Վկան նրանցից ճանաչել է նախկին քաղաքապետի եղբորը` Գեւորգ Ղուկասյանին: Հետո, երբ Բավրայից վերադարձել է եղբայրը, իրենց տուն են այցելել նաեւ ոստիկանության ներկայացուցիչները: Հարությունը եւ հայրը նրանց հրավերով գնացել են Գյումրիի ոստիկանություն: Նույն օրը երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Սարգսյանների տուն են եկել քաղաքացիական հագուստով մարդիկ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ եւ Մելանյային ու նրա մորն առաջարկել գնալ ոստիկանություն:

«Արդեն ոստիկանությունում ինձ ասին, որ սպանել են Վարդան Ղուկասյանի աղջկան, որ հավաքել են քաղաքի երիտասարդությանը, այդ թվում նաեւ իմ եղբորը: Այսինքն՝ փաստացի խաբեցին ինձ,- պատմեց վկան,- քննիչն ինձ ասեց, որ մի քանի հարցեր է տալու: Հարցնում էին ամեն ինչ մասին, ինձնից, իմ աշխատանքից, եղբորիցս, նրա զբաղմունքների մասին, ամուսնանալու մտադրության եւ այլն: Հետո արդեն երեւի ժամը 22-ի մոտ էր՝ ոստիկանության մոտ աղմուկ էր, միջանցքներով մարդիկ էին վազում ու իմացա, որ մեքենայի տակ է ընկել ու մահացել գործը քննող քննիչը` Բեյբության Վահրամը: Ինձ հարցեր տվող քննիչը խորհուրդ էր տալիս՝ ասեմ, որ իբրեւ եղբայրս խելագարի նման սիրահարված է եղել Վարդան Ղուկասյանի աղջկան: Ինձ բացատրում էր, որ սիրահարված տղան նման բան չէր կարող անել եւ կասկածն իրա վրայից դուրս կգար: Երբ ես ասի, որ դա սուտ է, որ Հարությունն անգամ չի ճանաչում այդ աղջկան, քննիչը դարձավ, թե «բայց դու ինչ անջիգյար քույր ես, դու չես ուզե փրկե քո եղբորը, ասա որ սիրահաված է եղել, ու գնա»:

Ապրիլի 12-ին տեղի ունեցած հարցաքնության ժամանակ վկան որեւէ գրավոր ցուցմունք չի տվել: Վկային ոստիկանությունում պահել են մինչեւ լուսաբաց: Այնուհետեւ հայտնել, որ պիտի նրան տանեն տուն` Հարությունի համար հագուստներ բերելու համար: Մելանյան հրաժարվել է մենակ հեռանալ ոստիկանությունից:

Ի վերջո, բերել են նաեւ վկայի մորը, եւ նրանք միասին` ոստիկանների ուղեկցությամբ, գնացել են տուն: Մելանյային հանձնարարվել է եղբոր հագուստներից վերցնել վերնազգեստ, շալվար, ներքնաշոր եւ կոշիկ: Երբ վկան մտել է այն աշխատասենյակ, որտեղ ամբողջ գիշեր պահել էին ամբաստանյալին, տեսել է եղբորը նստած աթոռին, բոբիկ, իսկ կոշիկները հանած եւ կողքին դրված: Նստելով սենյակում գտնվող բազմոցին` եղբորն ասել է, որ նրա համար հագուստ է բերել:

Երբ Հարությունը ոտքի է կանգնել, տեսել է, թե ինչպես է ցավից ծամածռվել եղբոր դեմքը: Հարցրել է. «Հարութ, քեզ ծեծե՞լ են»: Եղբայրը ձայն չի հանել, իսկ ոստիկանը տեսնելով, որ հարցեր է տալիս, իրեն հեռացրել է սենյակից: Մելանյան պատմեց, որ եղբոր հագին եղած սեւ գույնի «ջեմպրը» փոշոտված էր, երբ իրեն վերադարձրել են նաեւ տարած կոշիկները` ասելով, թե Հարությունի ոտքերն ուռած են, թող տնային հողաթափեր բերեն, ապա համոզվել է, որ նրան իրոք ծեծել են: Ծեծի հետ կապված հայտարարություն արել էր նաեւ ամբաստանյալը դեռեւս առաջին դատական նիստին` տալով Կարեն Բաբակեխյանի անունը՝ որպես դաժան ծեծի հեղինակի:

Ապրիլի 13-ին խուզարկել են Սարգսյանների բնակարանը: «Անհամար ոստիկաններ, որ տակնուվրա էին անում մեր տունը` սկսած նկուղից, վերջացրած տանիքով: Ես ու մայրս չէինք հասցնում անգամ տեսնել, թե որտեղ ինչն էին քանդում: Ստուգեցին նաեւ բակում կանգնած երկու մեքենան: Կատաֆալկեն փողոցում էր կանգնած, բանալին ուզեցին, տվեցի, դա էլ խուզարկեցին, անգամ ոստիկաններից մեկը պառկեց մեջը: Երբ ընկերները ծիծաղեցին, ասաց, թե ով էստեղ պառկի, երկար կապրի: Իրենց հետ տարան հագուստներ, բջջային հեռախոսներ, «նոթբուկը», ինչ որ հարմար գտան` վերցրեցին»,- պատմեց Մելանյա Սարգսյանը:

Նույն օրը կրկին հարցաքննելու նպատակով մորն ու դստերը տարել են ոստիկանություն: Մելանյային քննիչն ասել է, որ գրի այն, ինչի մասին նախորդ օրը բանավոր զրուցել են: Մելանյան փաստաբան է պահանջել, սակայն նրա պահանջը չի բավարարվել: Երկար ժամանակ համառել է` հրաժարվելով գրել քննիչների թելադրանքը: Հետո ոստիկաններից մեկի միջոցով լուր է ստացել մորից, որ գրի այն, ինչ իրենից պահանջում են:

Միայն դրանից հետո վկան իր ձեռքով ցուցմունք է գրել: Մելանյան դատարանում հայտնեց, որ իր հարցաքննությունը սկզբից մինչեւ վերջ մեկ քննիչ չի իրականացրել: Հարցաքննության ընթացքում անընդհատ ելումուտ է եղել: Իր գրած տեքստը պարբերաբր ընդհատել են, քննիչն ինչ-որ տեղ է տարել հարցաքննության տեքստը, հետո բերել է, ու դրանից հետո ինքը շարունակել է գրել: Վկան ոստիկանությունից դուրս է եկել հաջորդ օրը կեսօրին`մոր, հոր եւ քեռու ուղեկցությամբ, ում նույնպես բերել էին ոստիկանություն հարցաքննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելքոնյանին հետաքրքրում էր, թե ինչ կենդանիներ են պահում Սարգսյանները:

«Շուն ունենք»,- պատասխանեց վկան: «Իսկ այլ կենդանիներ, գիշատիչներ կամ կրծողներ չունե՞ք»,-հետաքրքրվեց Մելքոնյանը:

«Գիշատիչներ չունենք, իսկ կրծողներ կան»,- պատասխանեց վկան: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հետաքրքրում էր, թե ինչ միջոցով են պայքարում Սարգսյանները կրծողների դեմ: Մելանյան բացատրեց, որ առնետների առկայությունը պայմանվորված է իրենց տանը պատկից հացի փռի գործունեւությամբ: Ու քանի որ դեղամիջոցները չեն օգնում, իրենք կրակում են եւ վառոդի հոտի օգնությամբ մի որոշ ժամանակ ազատվում նրանց ներկայությունից:

Պաշտպանական կողմին զարմացրեց, թե ինչ կապ ունեն կրծողները քրեական գործի հետ եւ ինչու է 20 րոպե շարունակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցեր տալիս այդ մասին: Պարզվեց, որ կրծողներն այնքանով կապ ունեն գործի հետ, որքանով նրանց դեմ պայքարի միջոց հանդիսացող հրազենից օգտվել է նաեւ ամբաստանյալը: Վկան ասաց, որ տանը եղած որսորդական հրացանից ոչ հայրը, ոչ եղբայրը երբեւէ չեն օգտվել, կրակելու համար որսորդի են հրավիրել: Եղբայրը մեկ անգամ է այն ձեռքը վերցրել, երբ վերադարձել էր Ամերիկայից, եւ մայրը խնդրել էր կրակել առնետների վրա, քանի որ տան պահեստային մասում դրված հագուստը լրիվ փչացրել էին:

Վկան հայտնեց, որ այն, ինչ գրվել է նախաքննության ընթացքում, եղել է թելադրություն: Ճշմարտությունն այն է, ինչ ինքը պատմում է դատարանում:

«Ես հիմա ասում եմ ճիշտը, որովհետեւ այստեղ ինձ ավելի լավ եւ պաշտպանված եմ զգում, քան այնտեղ, որտեղ այդ օրը նստած էի ու չեմ ցանկանա, որ որեւէ մեկը հայտնվի այնտեղ»,- հայտարարեց Մելանյա Սարգսյանը:

«Ինչո՞ւ, այնտեղ ի՞նչ կար Ձեզ խանգարող»,- հետաքրքրվեց տուժողի ներկայացուցիչը: «Կրծողները»,- հեգնեց վկան:

Մելանյա Սարգսյանի 3,5 ժամ տեւած հարցաքննությունը դատավորը ստիպված էր ընդմիջել 15 րոպեով: Տեղացող կարկուտի պատճառով անհնար էր լսել վկայի ձայնը, կողմերի հնչեցրած հարցերն ու տրվող պատասխանները: Դատական նիստի ընթացքում միջադեպեր գրանցվեցին նախքան նիստը սկսվելը. դատավորը խնդրեց դահլիճից հեռանալ նախորդ օրը հարցաքննված վկա Ռազմիկ Եսայանին, իսկ վերջինս սկսեց գոռգոռալ, որ ոչ քննչական մարմինները, ոչ դատախազությունը մատը մատին չեն խփել մեղավորներին գտնելու համար, իսկ հիմա էլ դատարանն է շոու սարքել: Վերջինս հայտարարեց, որ անիրավական երկիր է Հայաստանը, ու ինքը թքած ունի բոլորի վրա: Մյուս միջադեպը եւս կապված էր սպանվածի հարազատների ներկայացուցիչների հետ: Այս անգամ, առանց կարգադրիչների միջամտության, խնդիրը չհարթվեց, քանի որ դահլիճում բջջային հեռախոսով զրուցող երիտասարդը չէր ցանկանում լքել զբաղեցրած տարածքը:

Մեկնաբանություններ (1)

ara
Yte Harutyun@ che ba ov e spanox@?????? Inchi petq e vostikanner@ anmex mardun mardaspani mexadranq kpznen. Xukasyanner@ hexinakutyuner en yev lav kaper unen, inchu chen uzum irnz pesayin spanoxin gtnel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter