HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիր կա

«Վերջին տարիների ընթացքում անշարժ գույքի շուկան գրանցեց աննախադեպ գների աճ, գները հասանելի չէին շատ քաղաքացիների համար»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց սպորտի և երիտասարդության հարցերով փախնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանը:

Այժմ իրականցվում է երիտասարդ մասնագետներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Դիմողները պետք է լինեն մինչև 30 տարեկան, նվազագույնը 3 տարի աշխատանքային փորձ ունեցող և վճարունակ երիտասարդ մասնագետներ: Քարամյանը նշեց, որ դիմողներին առաջարկվում են արտոնյալ պայմաններ. բնակարանը լինելու է շուկայական գներից 2,1 անգամ էժան, 1 քմ-ն արժենալու է 185 հազար դրամ և միանգամից պատրաստ է լինելու բնակվելու համար: Մինչ այժմ եղել է 450 դիմում, սակայն բնակարաններով հնարավոր է լինելու ապահովել միայն 300-ին: Դիմել են 74 լրագրող, 104 մանկավարժ, մոտ 145 բժիկ, 9 մարզիկ, ինչպես նաև ԳԱԱ գիտահետազոտական 37 ինստիտուտներից շուրջ 242 երիտասարդ գիտնականներ:

Քարամյանը չբացառեց, որ դիմողների մեջ կլինեն նաև մարդիկ, ովքեր հետագայում կճանաչվեն անվճարունակ և ծրագրին չեն մասնակցի: Քանի որ դիմողների մի մասը բնակարանը ձեռք է բերելու վարկով, այդ պատճառով  Կենտրոնական բանկի հետ համատեղ անցկացվել է մրցույթ` որոշելու, թե որ բանկն է վարկեր տրամադրելու շահառուներին: Եթե բանկը որևէ շահառուի ճանաչի ոչ վարկունակ, ապա նա դուրս կմնա ծրագրից, և նրա փոխարեն ծրագրին կմասնակցի հերթի մեջ սպասող այլ դիմող: Վարկունակությունը որոշվում է ձեռք բերվող գույքի արժեքի համապատասխան:

Ըստ ծրագրի` շահառուն պետք է 10-օրյա ժամկետում վճարի 200 հազար դրամ կանխիկ, այնուհետև 10-օրյա ժամկետում նրա հետ կնքվելու է անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո նոր մրցույթում շահած բանկը գնահատելու է շահառուի վարկունակությունը: Եթե շահառուն ճանաչվի ոչ վարկունակ, ապա նրան հետ է վերադարձվելու նրա կանխավճարը: Իսկ շահառուի վարկունակության դեպքում վերջինս պետք է վճարի 20 % կանխավճար, 1 տարվա ընթացքում ձևավորվելու և տրամադրվելու է վարկը, և դրանից 7 ամիս անց շահառուն կարող է օգտագործել իր բնակարանը:

Ըստ ծրագրի պայմանների` պետք է լինի 9.5-10 % տարեկան տոկոսադրույք, միչև 20 տարի մարման ժամկետ և 20 % կանխաճար:

«Չի կարող էդպիսի բան լինել, որ շենքը չկառուցվի: Չի՛ կարող»,- հայտարարեց Քարամյանը: Նրա խոսքերով` մինչև այս շաբաթվա վերջ պարզ կլինի, թե որտեղ է կառուցվելու լրագրողների համար նախատեսված շենքը: Իսկ բնակարանների մուտքը, հարկը որոշվելու է վիճակահանությամբ:

Քարամյանը նկատեց, որ չնայած այժմ աշխատավարձերը ցածր են, բայց միաժամանակ կա որոշակի վճարողունակություն: Իսկ այն հարցին, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում երիտասարդների արտագաղթը կանխելու համար, Քարամյանը պատասխանեց, որ «այդ հարցերով տեղին չէ դիմել փոխնախարարին»: Բայց միաժամանակ այժմ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» դուստր ընկերությունը` «Նյու Թեքըն»-ը, աշնանը պայմանագիր է կնքելու «Կոյո» ընկերության հետ` Սպիտակ քաղաքում վերելակների գործարան հիմնելու համար: Վերջինս ճապոնական կապիտալով Շանհայում և Մալազիայում գործունեություն ծավալած ընկերություն է, որը 3 տարվա ընթացքում ներդնելու է 5 մլն դոլար: Նրան են պատկանելու բաժնետոմսերի 70 %-ը, մնացածը` «Նյու Թեքըն»-ին: Գործարանում նախատեսվում է ունենալ մինչև 130 աշխտատեղ` մինչև 160 հազար դրամ աշխատավարձով:

«Առաջին արտադրանքն ուզում ենք, որ 2012 թ.-ի մայիսին լինի»,- ասաց Քարամյանը:

Մինչև 2013 թ.-ի փետրվարը նախատեսվում է բնակարաններով ապահովել 1300 երիտասարդ ընտանիքի: Մինչև հիմա բնակարաններով ապահովվել է 315 ընտանիք` բոլորը Երևանում:

Քարամյանի փոխանցմամբ` 2008 թ.-ի դրությամբ ՀՀ-ում 6000 երիտասարդ ընտանիք նոր բնակարան ունենալու ցանկություն է հայտնել, որոնց մի մասը ոչ թե բնակարան չունեցող, այլ բնակֆոնդը բարելավել ցանկացողներ են:

«Նրանց գոնե կեսը հստակ, իրապես ունի բնակարանով ապահովվելու շտապ խնդիր»,- նշեց Քարամյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter