HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եւ ինչպե՞ս վեր հանել քաղաքական կամեցողութիւնը

Վերջերս գործնական այցով Հայաստան էր եկել Ֆրանսիայի Լորանի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը։

Մի քանի նախադասությամբ ներկայացնելով պրոֆեսորին՝ ասենք, որ նա ծնվել է Լիբանանում, դպրոցն ավարտելուց հետո գնացել է Ֆրանսիա, սկզբնական շրջանում աշխատանքն ու համալսարանում սովորելը համատեղելով՝ տարիների նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ այժմ տեսական ֆիզիկայի բնագավառում գիտական լուրջ արդյունքների է հասել։

Ինչ խոսք, արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից շատերն են գիտության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենում, բայց քչերն են, որ համագործակցության եզրեր են փնտրում ու գտնում հայաստանյան գիտնականների հետ՝ հազար ու մի ձևով օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկությամբ։ Տարիներ առաջ Ֆրանսիայի Մեցի համալսարանի Մոլեկուլային բախումների ֆիզիկայի լաբորատորիայի աշխատակից պրոֆեսոր Պետրոս Ջուլհակյանը նախաձեռնեց գիտական համագործակցություն ՀՀ ԳԱԱ Ճարատարգիտական կենտրոնի (ներկայում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի կազմում) տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի հետ։ Համագործակցությունն արդյունավետ էր, մի շարք համատեղ գիտական դրամաշնորհներ ստացվեցին և հաջողությամբ իրականացվեցին, կատարվեցին զգալի թվով համատեղ աշխատանքներ, որոնք տպագրվեցին ֆիզիկայի ոլորտի առաջատար միջազգային ամսագրերում։

2005 թվականին պրոֆեսոր Ջուլհակյանն առաջին անգամ այցելեց Հայաստան՝ մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակական հետազոտությունների ինստիտուտի «Լազերային ֆիզիկա» գիտաժողովի աշխատանքներին։  Այցի ընթացքում նա իր ֆրանսիացի գործընկերոջ՝ պրոֆեսոր Ժոսլան Հանսսենի հետ միասին մի շարք հանդիպումներ ունեցավ հայաստանյան կոլեգաների ու պետական պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ ու ակտիվ քննարկումներ եղան Ակադեմիայի նախագահի ու նախագահության անդամների, Կրթության և Գիտության նախարարի ու փուխնախարների հետ, ԵՊՀ-ի ռեկտորի հետ, Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանության՝ գիտատեխնիկական համագործակցության գծով կցորդի հետ։ Արդյունքում ձեռք բերվեցին տարատեսակ պայմանավորվածություններ ու կնքվեցին մի քանի համաձայնագրեր։ Դրանցից թերևս կարելի է առանձնացնել համատեղ ղեկավարությամբ ասպիրանտների պատրաստման մեխանիզմով երիտասարդ գիտական կադրերի պատրաստման եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԿԳՆ-ի ու Մեցի համալսարանի միջև։ Համագործակցույթան այս ձևը հետագայում թափ առավ, ընդլայնվեց և սկսեց լայնորեն կիրառվել։ Այսօր այս եղանակով արդեն բազմաթիվ բարձրակարգ կադրեր են պատրաստվել և ներկա դրությամբ կան նոր ասպիրանտներ։

Պետրոս Ջուլհակյանի երկրորդ այցելությունը Հայաստան տեղի ունեցավ այս հոկտեմբերին։ Կրկին՝ մասնակցություն «Լազերային ֆիզիկա» ամենամյա գիտաժողովի աշխատանքներին և հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ևս մեկ ասպիրանտի՝ Հրայր Ազիզբեկյանի թեկնածուական ատանախոսության պաշպանություն։ Բացի այդ, պրոֆեսոր Ջուլհակյանը պետական մանկավարժական համալսարանում հանդես եկավ սեմինարով: Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդվարդ Կոկանյանի բնորոշմամբ՝ «Պետրոս Ջուլհակյանի ներկայացրած թեման նորույթ է մեզ համար. Հայաստանում այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ չեն տարվում, սակայն վստահեցնում եմ, որ նրա ուսումնասիրությունները հետագայում կունենան գիտական լայն կիրառություն պլազմային ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և կենսաֆիզիկայի բնագավառներում»: Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆրանսիայի Լորանի համալսարանների միջև նախատեսված է կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականեցվեն դասախոսների, ուսանողների, ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաև՝ համատեղ գիտական աշխատանքներ: Պետրոս Ջուլհակյանը ընդունել է «Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի» առաջարկը՝ մեկ ամիս դասախոսություններով հանդես գալ Մանկավարժական համալսարանում:

Բացի բուն գիտական արդյունքների ներկայացումը, սեմինարն առիթ հանդիսացավ համադրելու գիտության ու կրթության կազմակերպման մոտեցումները Հայաստանում և Ֆրանսիայում։ Նա ներկայացրեց Լորանի համալսարանում մանկավարժների պատրաստման համակարգը, ինչն, ի դեպ, խիստ տարբերվում է հայկականից, ապա անդրադարձավ գիտահետազոտական լաբորատորիաների գործունեության առանձնահատկություններին, գիտական աշխատանքների կազմակերպման և գիտության ֆինանսավորման ձեռքբերման ընթացքին։ Տարբերություններն այստեղ հսկայական են։

Հայաստանում գիտության հանդեպ իշխանությունների, մեղմ ասած, ոչ այնքան սրտացավ վերաբերմունքն ու որպես դրա ապացույց՝ ֆինանսավորման անհավանական չնչինության չափը զարմացրել ու դառնացրել էր պրոֆեսորին։ Ուշագրավ է այն, որ նա, լինելով չափազանց զուսպ՝ նման թեմաների շուրջ տեսակետ բարձրաձայնելու մեջ, այնուամենայնիվ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում թողել է հետևյալ խոսուն մեկնաբանությունը՝

«Թերևս շատեր անպատշաՃ և յաւակնոտ նկատեն իմ այս մասնակցութիւնը իբր սփիւռքահայ բնագիտութեան գիտաշխատող և դասախօս, այս օրերուն հայաստանի մէջ տեղի ունեցող շարժումին, որ ահազանգ կը հնչեցնէ հայաստանի պետական կեցուացքին դէմ, որ երկրորդական հարց կը նկատէ գիտութիւններու պահպանումն ու զարգացումը, և կոյր է Հայաստանի գիտութեան սպառնացող վտանքին հանդէպ:

Անշուշտ, իմ գիտական մասնագիտութեան սահմաններեն դուրս են երկրի մը գիտական ծրագիրը և գիտական քաղաքականութեան հարցը: Ես մակերեսային չափով ծանօթ եմ հայաստանի իրավիճակին, սակայն ինչ որ կը լսեմ և կը տեսնեմ իմ յարաբերութիւններու ընթացքին հայաստանի գիտաշխատողներուն հետ, զիս կը մղեն արտայայտուիլ այս էջերուն վրան: Ես կը կարծեմ որ իմ պարտականութիւնն է չլռել և իմ աղի հատիկը աւելցնել այս շարժումին:

Ինչպէ՞ս կարելի է լռել

-տեսնելով իմ հայատանցի գիտական գործակիցներու հերոսական (այո հերոսական) ջանքերը ողջ պահելու համար Հայաստանի գիտական մակարդակը:

Ինչպէ՞ս կարելի է լռել

- տեսնելով որ ոչ մէկ կարելիութիւն կը տրուի երիտասարդ post-docներուն վերադարձին:

Ինչպէ՞ս կարելի է լռել

- Երբ գիտաշխատողները կը վերածուին անգործներու:

Ամէն աշխատանք արժանի է վարձատրանքի: Ինչո՞ւ ուրեմն Հայաստանի գիտաշխատողները չունենան պատշաճ եկամուտ, որ իրենց զերծ պահէ նիւթական մտահոգութիւններէն, որպէսզի կարենան նուիրուիլ ամբողջովին իրենց աշխատանքին:

Ես պիտի չթուեմ բոլոր դժուարութիւնները և Հայաստանի հարցերը այս առնչութեամբ: Այդ մասին կը գրեն ինծմէ աւելի տեղեակ աշխատակիցներ որոնք կառաջարկեն նաև լուծումներ: Ես կը հաւատամ որ միջոցները կան Հայաստանի մէջ դժուրութիւնները յաղթահարելու: Կը պակսի քաղաքական կամեցողութիւնը:    Պէտք է ուրեմն սթափեցնել պատասխանատուներուն կամեցողութիւնը»: 

Արդյո՞ք երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուներն ունեն կամեցողություն՝ լսելու հարգարժան պրոֆեսորի և հայկական գիտական հանրության ձայնը, ունե՞ն ունակություն՝ կատարելու համապատասխան հետևություններ, և արդյո՞ք ունեն ցանկություն՝ երկիրն ինտելեկտուալ աղետի չհասցնելու,  այլ գործելու, շտկելու վիճակն ու ապահովելու երկրի զարգացումը՝ հենվելով գիտության արդյունքների վրա, զարգացնելով երկրի ինտելեկտուալ պոտենցիալն, ու գիտատար ու գիտելիքահենք տնտեսություն ստեղծելով։ 

Մանե Հակոբյան

Մեկնաբանություններ (4)

aram
As an Armenian born in Lebanon, and now residing in Hayastan, I find Prof. Choolhagian's love and fearless dedication to the Mother-Fatherland commendable and hopefully contagious. It is also EXTREMELY enjoyable to read an Armenian article written in the classical spelling as St Mesrob, Khachatur Abovian, Daniel Varoojan, and.....would have done it
GB
If our political system change slightly, then we will see a stronger and better Armenia, for Armenian Nation!
tlkatintsi
@aram - Those portions of the article in traditional orthography are direct quotes from Prof. Joulakian, who was born in Lebanon. The rest of the article, written by Maneh Hakobyan, is in the reformed spelling.
Աննա Գևորգյան
Հարգելի aram և tlkatintsi, Այս հոդվածի արևմտահայերեն տարբերակն էլ կա` http://www.yerakouyn.com/?p=30500

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter