Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները աջակցում են
Վերջին օրերին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակից ստացվող լուրերը խորը մտահոգության տեղիք են տալիս: Մենք՝ Հայաստանի քաղաքացիական ակտիվիստներս, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք Թուրքիայում պայքարում են հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության: Մենք դատապարտում ենք խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը, որը հանգեցրել է մահվան դեպքերի, տասնյակ վիրավորների և հարյուրավոր ձերբակալությունների:
Ժողովրդավարությանն այլընտրանք չկա′: Մարդու իրավունքները սահմաններ չե′ն ճանաչում: Մենք կոչ ենք անում հարգել քաղաքացիների` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, միևնույն ժամանակ պահանջում ենք խնդրի քննարկում Եվրոպայի Խորհրդում և համանման միջազգային այլ կառույցներում:
Համոզված ենք` մեր սերունդը Հայաստանում, Թուրքիայում և այլուր կկառուցի ժողովրդավարական հասարակություններ, ինչն էլ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մարդակենտրոն, դինամիկ և համաչափ զարգացման միակ երաշխիքն է: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարին:
Քաղաքացիական ակտիվիստների խումբ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել