HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Այն արտիստները, որոնք գալիս են Հայաստան, զիջումների են գնում հոնորարի հարցում»

«Հայաստանը, բնականաբար, կարիք ունի մեծ երաժիշտների, կատարողների: Նրանք պետք է դուրս գան համապատասխան միջավայրից», - «Հետքի» հետ զրույցում ասում է «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Ապրիլին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով մեկնարկած «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնը հունիսին ներկայացնելու է էստոնական հայտնի «Հորտուս Մուզիկուս» նվագախումբը (թարգմանաբար` երաժշտական այգի): Համերգի ժամանակ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Անդրես Մուստոնենը ղեկավարելու է նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Հայաստանում ելույթ է ունենալու նաև Գրեմմիի արժանացած Էստոնիայի ազգային տղամարդկանց նվագախումբը:

Ս. Հովհաննիսյանի խոսքերով` ի սկզբանե փառատոնի նպատակն է եղել Երևանը դարձնել Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկը, և որ այն լինի հավասարազոր մրցակից համաշխարհային մշակույթի դաշտում: Այդ պատճառով էլ կազմակերպիչները փորձում են Հայաստան բերել աշխարհի ամենահայտնի երաժիշտներին, նվագախմբերին ու կատարողներին: Նա հիշում է, որ Եվգենի Կիսինի համերգից հետո մերձբալթյան երկրների փառատոների կազմակերպիչները դիմել էին իրենց` երաժշտի մոտ «բարեխոսել իրենց համար»: Իսկ հոկտեմբերին Նիդերլանդների թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի ելույթը լսելու համար Երևան էր ժամանել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը:

«Հենց սկզբից դրվեց շատ բարձր նշաձող, որ անկախ հնարավորություններից ու պայմաններից՝ Հայաստան պետք է գան մեծանուն երաժիշտներ, որոնք իրենց հերթին դառնալու են մեր երկրի լավագույն ընկերները, աջակցելու են թե' հայ երաժիշտներին, թե' համարվելու են մեր երկրի բարեխոսները դրսում»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը:

Այն հռչակավոր երաժշիտները, որոնք գալիս են Հայաստան, տեղի հայ երիտասարդների համար նոր կապեր, ծանոթություններ ու համագործակցություն  հաստատելու հնարավորություն են ստեղծում: Իսկ նրանք այն մարդիկ են, ովքեր երաժշտության ոլորտում համաշխարհային մակարդակով «բացում ու փակում են դռները»:

«Տաղանդներ կան, կլինեն, բայց աճելու համար պետք է նման միջավայր լինի, շփվեն նման մարդկանց հետ ու լսեն նրանց կատարումները կենդանի: Հնարավորություն է ստեղծվում շփվել մարդկանց հետ, ում միայն ձայնասկավառակով են լսել և հեռուստացույցով դիտել»,- ասում է Սոնան:

Աշնանը Հայաստան կժամանեն նաև Դմիտրի Խվորոստովսկին, Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը՝ իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ: Իսկ դեկտեմբերին Երևան կայցելի նաև իտալացի հայտնի դիրիժոր Կլաուդիո Աբադոն: Ս. Հովհաննիսյանի խոսքերով` դա անհավանական ծրագիր է, և շատերն են ապշած, որ Կ. Աբադոն ելույթ է ունենալու Հայաստանում:

«Հաջողության գրավականը մեր մեծ ցանկությունն ու նվիրվածությունն է և ոչ մի խոչընդոտի առջև չկանգնելը: Բացի այդ` աշխատանքի մեջ երբեք որակի խեղաթյուրում չի եղել. ոչ մի կոմպրոմիս որակի հարցում»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:

Վերջինս խոստովանում է, որ հեշտ չէ նման անհատների բերել Հայաստան. այդ ամենը երկար դիվանագիտական բանակցությունների արդյունք է: Չնայած՝ հիմա համեմատաբար հեշտ է, քանի որ արդեն Հայաստան ժամանած երաժիշտները  «մեկը մյուսին երաշխավորում են»:

Անդրադառնալով փառատոնի ֆինանսական կողմին` փառատոնի գլխավոր մենեջերն ասում է. «Մենք շատ համեստ ֆինանսական ռեսուրսներ ունենք: Այն արտիստները, որոնք գալիս են Հայաստան, անպայման զիջումների են գնում հոնորարի հարցում: Դրանք ևս մեծ գումարներ են, բայց նրանք իրենց հոնորարներն ամբողջությամբ չեն ստանում»:

Ս. Հովհաննիսյանի խոսքերով` փառատոնը փորձում է «իր համեստ բյուջեի միջոցով» տարվա մեջ մեկ կամ երկու խոշոր նվագախումբ հրավիրել Հայաստան: Դա մեծ գումարների հետ է կապված, վարձվում է առանձին ինքնաթիռ, հաճախ առանձին ինքնաթիռ է պետք լինում նաև գործիքների համար:

«Լավ է, որ ՀՀ նախագահը գնահատել է փառատոնի նշանակությունը և ամեն տարի որոշակի կայունություն է մտցնում փառատոնի գործունեության մեջ: Քեզ մեկ փամփուշտ են տալիս, և հենց նշանակետին պետք է խփես», - ասում է Սոնա Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter