HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պրովոկացիոն հարցեր չտաք»,- փաստաբանին զգուշացրեց Գեւորգ Ղուկասյանը

Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որ նշանակված էր հունիսի 4-ին՝ ժամը 12-ին, այս անգամ էլ հետաձգվեց 2 ժամով: Դատակոչված վկաներից ոչ ոք չէր ներկայացել դատարան: Հետագա դատական նիստերին մասնակցելուց հրաժարվել էր նաեւ սպանվածի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը:

Վերջինս դիմել էր դատարանին՝ խնդրելով գործի հետագա դատական քննությունն իրականացնել առանց իր մասնակցության՝ բացատրելով, որ սթրեսային իրավիճակները եւ հոգեբանական մի շարք այլ հանգամանքներ անհնարին են դարձնում իր ներկայությունը դատական նիստերին:

Դատարանը դեռեւս նախորդ նիստին պետք է հարցաքններ գործով վկաներ Ղուկասյան Վարդանին, Գեւորգին եւ Մանյային, սակայն վերջիններս նամակով տեղեկացրել էին, որ Անդրանիկ Ղուկասյանի մահվան կապկցությամբ սուգ են պահում եւ չեն կարող ներկայանալ: Հունիսի 4-ի դատական նիստին, որպես դատակոչված վկա, ներկայացել էր միայն նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը: Վկայի խնդրանքը՝ արգելել տեսալուսանկարահանումներն իր հարցաքննության ժամանակ, դատարանը բավարարել էր, եւ լրագրողները ստիպված էին բավարարվել սղագրումներ կատարելով:

Վկա Գեւորգ Ղուկասյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը եւ հիմա այն, ինչ ասելու է դատարանում, համընկնում են եւ ինքը պատրաստ է պատասխանելու կողմերի հարցերին, եթե, իհարկե, դրանք կլինեն: Դատավոր Մարտին Սարոյանն առաջարկեց վկային պատմել գործի հետ կապված այն ամենը, ինչ հիշում է:

Գեւորգ Ղուկասյանն ասաց, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մինչեւ Կարեն Եսայանի սպանությունը չի ճանաչել: Հանդիպել են առաջին անգամ դեպքի օրը՝ 2012 թ. ապրիլի 12-ին, Սարգսյանների տանը, երբ ինքը գնացել էր ճշտելու, թե արդյոք Սամվելի որդին կապ ունի Կարենի անհետացման հետ:

Վկան ճանաչում է ամբաստանյալի հորը՝ Սամվել Սարգսյանին: Գեւորգ Ղուկասյանը պատմեց, որ ամբաստանյալի հայրը, ցանկություն ունենալով ամուսնացնել տղային, հետաքրքրվել է Վարդան Ղուկասյանի աղջիկներով: Իրենք բացառել են խնամախոսությունը, քանի որ Աննան արդեն նշանադրված է եղել, իսկ Մանյայի ամուսնության համար կար թեկնածու՝ նրա դասընկերը: Վկայի հիշելով՝ ամբաստանյալի հայրը 3-4 անգամ այդ հարցով եկել է քաղաքապետարան, որ համոզի Վարդան Նիկոլայիչին Մանյային Հարությունի հետ ամուսնացնելու համար:

Գեւորգ Ղուկասյանը, անդրադառնալով դեպքի օրվան, ասաց, որ իրենք սկսել են անհանգստանալ այն պահից սկսած, երբ, այսպես ասած՝ խնամիները նշանակված ժամից ուշացել են: Եղբայրն իրեն խնդրել է զանգահարել տղայի հորը եւ ճշտել՝ կարո՞ղ է փոշմանել են ու չեն ուզում գալ: Ինքը խոսել է Ռազմիկ Եսայանի հետ եւ պարզել, որ Կարենն անհետացել է, փնտրում են, սակայն չեն կարողանում գտնել:

Ի դեպ, խնամախոսությունը նշանակված է եղել ժամը 15-ին եւ, բնականաբար, Եսայանների ուշացումը պիտի նկատվեր առնվազն կես ժամ անց: Վկան թեեւ հանգիստ էր դատարանում, սակայն դեպքի օրվա որոշ դրվագներ ժամային առումով ներկայացնելիս մի փոքր խառնաշփոթ առաջացավ: Գեւորգ Ղուկասյանը չժխտեց, որ ինքն այցելել է Սարգսյաններին, հանդիպել Հարությունին:

«Ես նրան հարցրի, թե դո՞ւ ես արել, ասա, մի բան կանենք, թե դու չես Կարենին տանողը, ասա էդ պահն էլ իմանանք,- պատմեց վկան,- Հարությունն ինձ ասեց, որ ինքը տեղյակ չէ: Ես իրան տարա առանձին սենյակ ու էլի նույն հարցը տվեցի, որ ասեց չէ, ես էլ ասի, որ չէ, չէ, ու դուրս եմ եկել նրանց տնից»:

Այս դրվագի հետ կապված նախորդ վկաները՝ Մելանյա եւ Սամվել Սարգսյանները, հայտնել էին, որ Գեւորգ Ղուկասյանն իրենց տուն այցելել է ժամը 14-ի սահմաններում:

Գեւորգ Ղուկասյանն ասաց, որ Կարեն Եսայանին փնտրել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները: Ինքը դեպքի վայր գնացել է այն ժամանակ, երբ հայտնել են, որ գտել են:

«Տղան ամբողջովին փոշոտված էր, արյունի մեջ կորած: Էն տպավորությունն էր, որ խփել էին, հետո էին հանել նստեցրել մեքենայի մեջ»,- պատմեց վկան: Գեւորգ Ղուկասյանը նշեց նաեւ, որ Կարենին փնտրելու ընթացքում նրա ընկերները գնացել են ավտոլվացման կետ, նայել տեսաձայնագրությունները եւ ճանաչել Հարությունին ու նրա մեքենան: Այդ տեսաերիզներն ինքն էլ է տեսել:

«Դուք ասեցիք, որ մինչեւ դեպքը չեք ճանաչել ամբաստանյալին, ինչպե՞ս իմացաք, որ զապիսներում հենց ինքն է»,- հարցրեց դատավորը:

«Դե, ես չէի ճանաչում: Ռոմանը՝ Կարենի ընկերը, ասաց, թե էս Հարութն է, էս էլ իրա ավտոն է»,- պատասխանեց վկան:

Երբ հերթը հասավ պաշտպանական կողմի հարցեր տալուն, վկան, շրջվելով դեպի Լուսինե Սահակյանը, զգուշացրեց. «Պրովոկացիոն հարցեր չտաք: Ինձ զգուշացրել են, որ ադվակատը բավական աշխույժ աղջիկ է»:

Վկան, պատասխանելով փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ասաց, որ Վարդան Ղուկասյանը սկզբնական շրջանում դեմ է եղել նաեւ Կարեն Եսայանի թեկնածությանը:

«Ես չեմ կարող ասել՝ ինչի, բայց եղբայրս դեմ էր էդ ամուսնությանը: Հետո չգիտեմ՝ ինչ եղավ, ինչը փոխվեց իրա մեջ, որ համաձայնությունը տվեց, ու որոշեցինք, որ դասարանի տղան է եղել, իրար սիրել են, թող ամուսնանան»,- պատմեց վկան:

Այնուհետեւ, դիմելով դատարանին, վկան խնդրեց բաց թողնել ամբաստանյալին դատարանի դահլիճից: «Ազատեք, թող գնա: Վերեւ Աստված կա, եթե մեղավոր է, ինքն իրա ոտով կգնա ձորը կընկնի»,-խնդրանքը մեկնաբանեց Գեւորգ Ղուկասյանը:

Մեկնաբանություններ (1)

qwert
«Ազատեք, թող գնա: Վերեւ Աստված կա, եթե մեղավոր է, ինքն իրա ոտով կգնա ձորը կընկնի» Uremn vkan hastat giti te mexavor@ ov e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter