HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

«Սիրուն, աղջիկ, խի՞ ես եկել՝ իմ գործս ուզում ես դու անես». խզված Հայաստաններ

Հունիսի 4-ին ՆՓԱԿ-ում «Մէկ կադր» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Սիրուն աղջիկ, խի՞ ես էկել՝ իմ գործս ուզում ես դու անես» ֆիլմի ցուցադրությունն էր, որի սցենարի հեղինակը արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն է: 

Հայկական արտադրության նման որակի ֆիլմ դիտելու հնարավորությունն, իհարկե, չէի կարող բաց թողնել, հետևաբար դիտման օրը դահլիճում էի: 

Կինոքննադատություն կամ վերլուծություն գրել չեմ ցանկանում, որովհետև ֆիլմն արդեն իսկ ինքն իր մասին խոսում է (վստահ եմ, որ կինոգետները դեռ կխոսեն այս ֆիլմի մասին), բայց և չեմ կարող չանդրադառնալ ֆիմի ինձ համար կարևոր մի քանի կողմին: Հնարավոր է՝ դիտարկումներս խիստ սուբյեկտիվ լինեն ու քիչ կապ ունենան հեղինակների ներկայացրած տեսանկյան հետ, բայց ամեն դեպքում ես ֆիլմը հենց այսպես եմ տեսել: 

Նախ՝ ինձ համար ամենահետաքրքիր դիտարկումն այն է, որ ֆիլմը պատմում էր առնվազն չորս-հինգ Հայաստանի մասին: Չեմ հիշում վերջին շրջանում դիտած հայկական որևէ ֆիլմ, որը ներառած լինի այսքան բազմաշերտ Հայաստան և միևնույն ժամանակ կարողանար նաև ներկայացնել այն ոչ մակերեսային ու մեկ ամբողջության մեջ: 

Հիմա՝ ֆիլմում տեղ գտած բոլոր Հայաստանների մասին առանձին-առանձին:

Առաջին Հայաստանը ֆիլմում ՀՀ կառավարության Հայաստանն է, որտեղ հեղինակները վավերագրական կադրերի միջոցով ներկայացնում են մարդկանց, ովքեր դժվարանում են անգամ հոդաբաշխ խոսքից կառուցված պարզ մտքեր արտահայտել, սակայն ովքեր այսօր զբաղեցնում են պետության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրքեր: Ամբիոններից ելույթներ են ունենում մարդիկ, որոնց նշանային համակարգն առնվազն անհասկանալի ու անմեկնաբանելի է միջինից բարձր մտավոր ունակություններ ունեցող մարդու համար: Տպավորություն է, թե այդ մարդիկ պատահարի արդյունքում հայտնվել են բեմի վրա ու հիմա ստիպված են դատարկությունը լցնել ցանկացած բանով՝ այնտեղ երկար մնալ կարողանալու համար:

Այս Հայաստանի մեջ են մտնում նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչները, որոնք սերտաճել են կառավարության, իշխանությունների հետ: Այս մարդիկ գնդակը մեկը մյուսին փոխանցելով՝ միմյանց համար պայմաններ ու փող են ապահովում: Այս շարքի մեջ են բանկերը, որոնք զուրկ են նվազագույն անկախությունից, հանքաարդյունաբերական խոշոր ընկերությունները: Սակայն այս ոլորտի մարդիկ, ի տարբերություն հոդաբաշխ խոսքի տիրապետումից զուրկ գործընկերներից, ավելի պատրաստված են, ճկուն, լավ գիտեն իրենց գործն ու լավ հռետորներ են՝ չնայած բովանդակային մասով ոչնչով չեն տարբերվում առաջիններից:  

Երկրորդ Հայաստանը երիտասարդական շարժումների Հայաստանն է: Այս մարդիկ առաջին խմբի հակադիր բևեռի ներկայացուցիչներն են: Երիտասարդներ, ովքեր հանդես են գալիս բացառապես սահմանադրական կարգի պահպանման դիրքերից: Մարդիկ, ովքեր ստիպված ստանձնել են ՀՀ ոստիկանության, արդարադատության, ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանի դերը՝ նույն կառույցների անգործության պատճառով, բայց մյուս կողմից էլ դա չի ընկալվում կառավարության ներկայացուցիչների կողմից, որովհետև այդ մարդկանց համար այս երիտասարդների նոր ռադիկալ մշակույթը ճանաչելի նշանային համակարգում չէ: Նրանք սկսում են մեղադրել երիտասարդներին կաշառակերության ու ուղղորդված լինելու մեջ, քանի որ սեփական պատկերացումներում չեն կարողանում տեղավորել ուղղակի ու առանց դրամական շահի հայրենիքի համար պայքարող մարդու տեսակը: 

Երրորդ Հայաստանը հայ գյուղացու Հայաստանն է: Հայաստանը, որտեղ գյուղացին դեռ ապրում է 17-18-րդ դարերում: Զուրկ է զարգացման համար նպաստավոր նվազագույն պայմաններից: Ապրում է սարերում՝ կտրված մարդկայինից, մարդկությունից ու աշխարհից: Մարդիկ, որ պետք չեն ոչ ոքի, մարդիկ, որոնց հասցրել են մի վիճակի, որ նրանք այլևս ունակ չեն առողջ դատել: 

Այս մարդիկ, զրկված լինելով գլխավոր զենքերից մեկից՝ ինֆորմացիայի հնարավորությունից, դարձել են իշխանական միֆերի զոհերը: Այն դեպքում, երբ նրանց սնանկացնողներն ու ճորտ սարքողները սեփական հայրենակիցներն են, այս գյուղացիների համար թշնամու կերպարը շարունակում է մնալ «թուրքը»:

Մարդիկ, որ տեսնում են իրենց հանդեպ իրականացվող անարդարությունը, հնարավորություն չունեն տեսնելու դրանց հեղինակներին՝ իշխանություններ, որպեսզի կարողանան պայքարել ճիշտ մեղավորների դեմ:

Այս մարդկանց մոտ շարունակում է ապրել այն միֆը, որ հայերիս սպառնացող բոլոր աղետների մեջ մեղավոր են թուրքերը: Անշոշափելի թշնամու այս կերպարը, որի դեմ մեծ հաշվով գյուղացիներն անզոր են պայքարել, հնարավորություն է տալիս իրական մեղավորներին հանգիստ շարունակելու սեփական կամայականությունները:

Չորրորդ Հայաստանը մտավորական, գրող Մերուժան Տեր-Գուլանյանի Հայաստանն է: Վաստակավոր մտավորականը գյուղ է գալիս փայլուն մեքենայով: Ոտքից գլուխ պատվարժան մտավորականի կերպարի մեջ: Մեքենայից իջնում է այգեգործ, հովիվ, խոպանչի, անասնապահ գյուղացիների մոտ: Չի մոռանում ներկայացնել ինքն իրեն՝ ինձ ոչ ոք չի ուղարկել (փաստորեն նրան կարող էին և ուղարկել), ես մտավորական, գրող Մերուժան Տեր-Գուլանյանն եմ: Եկել եմ, որ լսեմ ձեզ:

 

Սա այն Հայաստանն է, երբ էլիտիստ մտավորականը, ով անպայման բարձր է հասարակ գյուղացուց, իր առաջնային գործառույթները թողած՝ նեղություն է քաշում, գնում-հասնում է գյուղ, որ լսի գյուղացուն, ուրիշ բան չէ, ուղղակի լսի... լսի ու մի քիչ էլ ցույց տա ինքն իրեն, ինքնահաստատվի հասարակ հողագործ ու անասնապահ գյուղացիների հաշվին: Տեսարանն իր կուլմինացիային է հասնում, երբ 17-րդ դարի անգլիացի ազնվականի կեցվածքով հարգարժան մտավորականը գեղեցիկ ժեստերով ծխելն ավարտելուց հետո ծխախոտը գցում է հատակին ու թանկարժեք, փայլփլուն կոշիկներով հանգցնում ու տրորում այն: Այն հողը, որի մասին նախորդ տեսարաններից մեկում գյուղացին պատմում է, որ մի քանի մետր խորությամբ անգիր գիտի ամեն շերտը:

Հինգերորդ Հայաստանը ֆիլմի հեղինակների Հայաստանն է (սա Հայաստաններից իմ ամենասիրելին է):

Հայաստան, որտեղ ապրում են հեղինակներ, ովքեր անկախ ամեն ինչից, անկախ արվեստի հանդեպ հետաքրքրության նեղ ու փակ շրջանակներից, անկախ ոչ լեփ-լեցուն կինոդահլիճներից, ֆինանսական ու տեխնիկական խնդիրներից, ճնշումներից՝ ոչ թե «Նաիրյան երկրի մթնշաղ» են նկարահանում, այլ շարունակում են աշխատել, ստեղծագործել ու մեծ էկրան բարձրացնել սեփական կարևոր խոսքը:

Մեկնաբանություններ (1)

patron
ка наев вецерорд айастан воре цавок дер воч вок чи теснум-да галик Айастанн а воре галу а дрсиц у макри болор кехтере.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter