HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Մայր Հայաստան»

Երկրորդ համաշխարհային պատերազմում (Խորհրդային Միությունում ընդունված անվամբ` Հայրենական Մեծ պատերազմում (ՀՄՊ)) տարած «պատմական հաղթանակը» խորհրդային տերության համար դարձավ սոցիալիզմի գաղափարին նոր լիցք եւ խամրող իդեալներին նոր շունչ հաղորդելու հզոր միջոց։

Այն պետք է վկայեր «համայն մարդկությանը ֆաշիստական չարիքից» փրկած երկրի պատմական մեծ առաքելության մասին։ Երեւանի «Հաղթանակի զբոսայգին» այս հաղթանակի փառքը հավերժացնելու կոչված ամենատարբեր հուշակոթողների հիմնման` խորհրդային տարիներին երբեք չդադարած լայնածավալ աշխատանքների արդյունքներից մեկն է։ Իսկ իր ոչ պաշտոնական «Մոնումենտ» անունն ամենայն հավանականությամբ ստացել է այդ տարածքում կանգնեցված Ի.Ստալինի կոթողային արձանից (նույնքան կոթողային պատվանդանի վրա)։ Բայց Ստալինի մահից տարիներ անց, կուսակցության հայտնի համագումարից հետո, ամենուրեք` ողջ սոցիալիստական ճամբարով մեկ, տեղահանվեցին Ստալինի արձանները։

Հետագա տարիներին պատերազմի գաղափարաբանական շահագործումն ու մշակութային ներկայացումն ավելի ու ավելի մեծ չափեր ընդունեց` դարձնելով այդ պատերազմը խորհրդային ինքնության կառուցման անսպառ միջոց։ Այդ նպատակին էին ծառայում նաեւ տարբեր տեսակի հուշակոթողներն ու հուշահամալիրները (այդ թվում` Անհայտ զինվորի շիրիմը եւ անմար կրակը), հաղթանակի օրվա տոնակատարությունները եւ այլն։ Բայց 1960-ականներից սկսած խորհրդային ժողովրդի միասնականացումը կատարվում էր ոչ միայն պատերազմում տարած հաղթանակի շարունակվող առասպելականացմամբ, այլեւ` նոր հավակնոտ նախաձեռնություններով եւ նոր հաղթանակներով։ Տիեզերքի նվաճման եւ խամուխոպան հողերի յուրացման ծրագրերը դրա ամենացայտուն օրինակներն էին։

Միեւնույն ժամանակ, սրանք խորհրդային ազգային քաղաքականության մեջ կատարված փոփոխությունների եւ խորհրդային ազգերի զարթոնքի, ազգային հանրապետությունների արդիականացման նոր ալիքի տարիներն էին, որի շնորհիվ էլ Ժողովուրդների առաջնորդի թափուր մնացած պատվանդանին (խորհրդային «սրբազան տարածության» սրտում), Անհայտ զինվորի հուշարձանի հարեւանությամբ մի օր հայտնվեց «Մայր Հայաստանը»։ 

Առհասարակ, ենթադրվում էր, որ հաղթանակին նվիրված հուշակոթողների ներառումը մշակութային ընդարձակ տարածք, որտեղ մարդիկ անցկացնում էին իրենց ժամանցն ու հանգիստը, պետք է տարածեր դրանց գաղափարաբանական ներգործությունը մինչեւ մարդկային ամենօրյա կենսագործունեության, առօրյա պրակտիկաների ոլորտները։ Այդ առումով, «Հաղթանակի զբոսայգին» նորություն էր ոչ միայն Երեւանի համար։ Նման զբոսայգիներ (պարկեր) կառուցվում էին նաեւ խորհրդային այլ քաղաքներում։

Հիմա փորձենք պարզել, թե ինչ իմաստ կարելի է վերագրել այս երկու հուշարձանների` «Մայր Հայաստանի» եւ Անհայտ զինվորի հուշարձանի, հարեւանությանը` համարելով, որ Ստալինի արձանի դեպքում հուշարձանային համալիրի գաղափարաբանական միասնությունը լիովին հասկանալի էր։
Ըստ Բենեդիկտ Անդերսոնի` ազգայնականության արդի մշակույթը չունի Անհայտ զինվորի հուշարձաններից ու շիրիմներից ավելի հրապուրիչ խորհրդանիշներ։ Նա ընդգծում է, որ պատմության մեջ իր նախադեպը չունի այն հանրային ծիսական երկյուղածությունը, որով վերաբերում են այդ հուշարձաններին հենց այն պատճառով, որ կամ դրանք դիտավորյալ թողնվում են դատարկ, կամ ոչ ոք չգիտի, թե այնտեղ ով է հանգչում։ Անհայտ եւ անանուն լինելը բացարձակ հավաստիություն է հաղորդում հայրենիքի զինվորին վերագրվող որակներին` անկոտրում հայրենասիրությանը, հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությանը, անվերապահ առաքինությանն ու սխրանքներին։ Յուրաքանչյուրը կարող է իրեն նույնացնել այդ զինվորի հետ` նրան տալով իր անունը եւ նրանից ստանալով դասեր հայրենասիրության եւ ազատության սկզբունքների մասին։ Հասկանալի է, որ Խորհրդային Միության դեպքում ազգայնականությունը կամ պետք է փոխարինվի այլ բառով, կամ հասկացվի տարբեր ձեւով։ Բայցեւայնպես, Անհայտ զինվորի հուշարձանին վերագրվող հիմնական հատկությունը գործում է եւ այստեղ. խորհրդանշել խորհրդային ժողովրդի հարատեւությունը, մարդկանց առնչել հավաքականության գոյության ծիսական խորհրդին։

Ակնհայտ է, որ խորհրդահայության ազգային տեսանկյունից դիտած` այս հուշարձանը, լինելով խորհրդային ինքնության ազդեցիկ խորհրդանշանը, հենց հակաազգայնական է։ Այս դեպքում ի՞նչ է պատմում «Մայր Հայաստանը», արդյոք այն մարմնացնո՞ւմ է ինչ-ինչ ազգային հատկություններ եւ արժեքներ։ Եթե ենթադրենք, թե այսօր նրա ներկայացրած պատումը խցանված կամ մոռացված է, ապա երբեւէ ունեցե՞լ է հստակորեն հոդավորված ազգային պատգամ։ Կարծում եմ` ոչ։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի էր, աքրոստիքոսի կամ այլ անբացահայտ միջոցներով ազգայնական ուղերձներ հղել հայ ժողովրդին («Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը…»)։

«Մայր Հայաստան»-ը կանգնեցվել է մի զբոսայգում, որը ծայրից ծայր մտածված է եղել որպես ՀՄՊ-ի պատերազմի հուշը մարմնավորող, տարածականացնող միջավայր, եւ խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական մասնակցությունը ՀՄՊ-ին` խորհրդային եղբայրական ժողովուրդների շարքում։ Իսկ պատվանդանի ճարտարապետական հղացումը եւ զարդաքանդակները, արձանի եւ պատվանդանի մասշտաբները, սուրը բռնած ձեռքերի նախազգուշացնող-սպառնալի (կայսերական) ժեստը, արձանը շրջապատող ՀՄՊ-ի ժամանակի խորհրդային ռազմական տեխնիկան եւ արդեն հիշատակված Անհայտ զինվորի հուշարձանն ազգային մեկնաբանության համար շատ քիչ տեղ են թողնում։ Ընդհակառակը, այս ամենի կայսերական մասշտաբները եւ տարածության զուտ խորհրդային գաղափարաբանական բեռնվածությունը սահմանում են ազգայինը` որպես անխուսափելիորեն խորհրդային։ Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, սա չի խանգարում, որ «Մայր Հայաստան»-ը այսօր էլ լինել Երեւանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։

Զբոսայգու ներկա վիճակը

Հետխորհրդային շրջանում Երեւանի քաղաքային տարածության մեջ կատարվող վերակառուցումների, ֆիզիկական-տարածական եւ իմաստային փոխությունների հախուռն ընթացքը չի շրջանցել նաեւ այս զբոսայգին։ Այստեղ նույնպես հիմնական գայթակղությունը խորհրդային շրջանից մնացած ընդարձակ հասարակական տարածություններն են, որոնց ավելի «արդյունավետ» շահագործման ցանկությունը հանգիստ չի տալիս հայ պաշտոնյաներին ու գործարարներին։ Արդեն մի քանի տարի այգու տարածքում գործում է «Գոլդեն Փելես» անունով հյուրանոցը (թեեւ ակտիվ գործունեության նշաններ դժվար է նկատել)։ Զբոսայգու անմիջական հարեւանությամբ շինվել են առանձնատներ։ Այգու ներքեւի բլրալանջն ամբողջովին տեղահանվեց այս օրերին կառուցվող ավտոճանապարհի համար։ Հենց հուշարձանի մերձակա տարածքը տեղական իշխանություններն օգտագործում են որպես վճարովի ավտոկանգառ, իսկ Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակը վաղուց հանգել է։ Հուշարձանի պատվանդանի մեջ գործում է «Մայր Հայաստան» թանգարանը, որի այցելուները հիմնականում արտասահմանյան զբոսաշրջիկներն են։ Շատացել են մանկական ատրակցիոնները։ Լիճը նույնպես իր տեղում է, իսկ շուրջը հանգստի փոքրիկ գոտի է ` խաղերով ու սրճարաններով։ Առավոտյան ժամերին այգում քայլում կամ մարզանք են անում հարյուրավոր մարդիկ։

Զբոսայգու նկատմամբ որոշակի խնամք, իհարկե, ցուցաբերվում է, բայց այգու ծառածածկ տարածքի մեծ մասը պարզապես աղբանոց է։ Առայժմ խոսք չկա զբոսայգու` որպես ժամանցի վայրի վերակառուցման պլանների մասին։ Հիշենք Տալլինի կենտրոնից Անհայտ զինվորի հուշարձանի տեղափոխման հետ կապված պատմությունը, երբ սրվեցին հարաբերությունները Ռուսաստանի եւ Էստոնիայի միջեւ։ Հայաստանին նման բան չի սպառնում, թեեւ պատճառն այն չէ, որ այդ հուշարձանն այստեղ առանց այդ էլ աչքից հեռու է եւ «մոռացված»։

Տեսանք, որ այգու հասարակական տարածությունը քիչ-քիչ կրճատվում է` թե նոր կառույցների, թե շահագործման նոր ձեւերի պատճառով, բայց չեն փոխվում «Մայր Հայաստանի» (պատվանդանի եւ արձանի) չափերը` գրեթե անհեթեթորեն մեծ, աներեւակայելիորեն կոթողային ներկա երեւանյան մասշտաբների համար։ Հուշարձանի ֆիզիկական չափերը համահունչ էին խորհրդային կայսրության անպարագրկելի տարածքներին եւ շարունակ ընդլայնվելու ծավալապաշտական նկրտումներին։ Բայց, ազգայնականության մասին Էնթոնի Սմիթի բառերով ասած, այս վայրը նաեւ խորհրդային մարդկանց պատմական ուխտագնացության «սրբազան կենտրոններից» մեկն էր, որը բացահայտում էր սոցիալիստական «բարոյական աշխարհագրության» եզակիությունը։ Կոթողային մասշտաբները կոչված էին ոչ այնքան խորհրդանշելու կայսրության ծավալները, որքան հարանշանակելու ներկայի կապը Կոմունիզմի լուսավոր ապագայի հետ։ Այսպիսի «սրբազան վայրերը» հենց տոգորված էին պանծալի ապագայի պայծառակերպող լույսով։

Խորհրդային (սոցիալիստական) հռետորության եւ դիսկուրսի, խորհրդային իրականությունն իր մեջ առնող, նրանից անբաժան ուտոպիականության անհետացումը զրկում է նյութական կոթողներն իրենց ողջ հմայքից։ Դրանք այլեւս չեն կարող ընկալվել նախկին եղանակով, հիմնական պատգամներն այլեւս կորցրել են իրենց հրատապությունը կամ պարզապես դարձել անընթեռնելի։ Բայց խորհրդային կոթողների համրացումը, իմաստի առկախումը միայն դիսկուրսային համատեքստի անհետացման հետեւանքը չէ, այլեւ` հետխորհրդային խճճված իմաստային դաշտը վերադասավորելու-վերամեկնաբանելու, մշակութային իմաստավորման աշխատանքը նոր ձեւերով շարունակելու մեր անընդունակության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter