HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Ով է որոշում համայնքի առաջնահերթ խնդիրը

Կառավարության լրացուցիչ ֆինանսավորմամբ Կոտայքի մարզի 36 համայնքներում 43 ծրագիր է իրականացվում

Սեպտեմբեր ամսին ՀՀ կառավարության` մարզերին հատկացրած 10 միլիարդ ֆինանսական օժանդակությունից 1,366 մլրդ դրամ է հատկացվել Կոտայքի մարզին համայնքներում շինվերանորոգման մի շարք աշխատանքներ իրականացնելու համար:

Ներկայացված առաջարկներից կառավարությունը հաստատել է 43 ծրագիր, որոնք իրականացվում են մարզի 36 համայնքներում: Ծրագրերում հիմնականում ջրագծերի նորոգումն է (մարզի ջրագծերի մեծ մասը կառուցվել է 1960-61թթ. եւ հիմնանորոգման չի ենթարկվել), գազաֆիկացման աշխատանքները, հարթ տանիքների նորոգումը, ասֆալտապատման աշխատանքները, դպրոցների հիմնանորոգումը: Իրականացվել է Բալահովիտ-Գեղաշեն ճանապարհի փոսային նորոգումը եւ Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի հիմնանորոգումը:

Կոտայքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Սամվել Հակոբյանի հավաստմամբ` իրենք հարցում են արել համայնքներին` պարզելու, թե ինչ հրատապ խնդիրներ ունեն, որոնց լուծումն անհնար է սեփական բյուջեի միջոցներով, եւ ստացված առաջարկները ներկայացվել են կառավարություն: Վարչության պետի խոսքով` ծրագրեր են ներկայացրել մարզի բոլոր համայնքները, բացառությամբ Ծաղկաձորի եւ Հանքավանի, որը գումարային արժեքով կազմել է 1,6 մլրդ դրամ, սակայն կառավարությունը հաստատել է դրանց մի մասը (1,366 մլրդ դրամ արժողությամբ):

Նախապատվությունը տրվել է առավել հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ` այն համայնքներին, որտեղ տարբեր հիմնադրամների աջակցությամբ ծրագրեր չեն կատարվել, կամ էլ համայնքը զգալի ներդրում է կատարել: Օրինակ` Չարենցավանի քաղաքապետարանը սեփական ներդրումների հաշվին իրականացրել է «փախստականների թաղամասի» (9-րդ և 10-րդ թաղամասեր) գազաֆիկացման նախագծման աշխատանքները: 

Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա անվիճելի է, որ համայնքներում ընտրվել են ամենահրատապ խնդիրները, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ այդ մասին տեղյակ են բնակիչները: 

Քաղսի գյուղում իրականացվում է խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում, պոմպակայանի եւ ՕԿՋ-ի (օրվա կարգավորիչ ջրամբար) կառուցում: Նշված աշխատանքներն իրականացնելու համար կառավարությունը 50 մլն դրամ է հատկացրել, սակայն, համայնքապետ Սեդրակ Դավթյանի խոսքով, այն չի բավականացնում, քանի որ նախագծով գումարը 80 մլն դրամ է կազմում: Իրենք պատրաստ են սեփական միջոցներից ներդրում կատարել, քանի որ արդեն 30-40 տարի է, ինչ գյուղի վերին թաղը, որտեղ բնակվում է գյուղացիների 70 %-ը, ջրի խնդիր ունի, եւ ծրագրի իրականացումը ջրով կապահովի 500 ընտանիքի: Բացի այդ, «Հայջրմուղը» նույնպես խոստացել է ներդրում կատարել: 

Աշխատանքներն արդեն ընթացքում են: Մինչեւ տարեվերջ կառավարության հատկացրած գումարով կնորոգեն խմելու ջրի ներքին ցանցը, կաշխատի ջրագիծը, իսկ ջրամբարը կկառուցեն գարնանը: Այն հարցին, թե ինչու՞ է Քաղսին կառավարություն ներկայացրել հենց այդ ծրագիրը, եւ այն քննարկվե՞լ է համագյուղացիների հետ, Ս. Դավթյանը պատասխանեց, որ բնակչությանը խմելաջրով ապահովելու հարցն իրենց ամենօրյա քննարկման խնդիրն է եղել: «Համայնքային ժողով էլ է եղել, ավագանիների ժողով էլ, առանց դրա ո՞նց կլինի: Որոշել ենք, որ առաջնահերթը խմելու ջրի հարցն է»: 

Քաղսիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Դավթյանը նշեց, որ վերջին 1 տարում բնակիչները համայնքի ղեկավարին ուղղված իրենց դիմումներում հիմնականում սոցիալական բնույթի հարցեր են բարձրացնում, սակայն ընդունելությունների ժամանակ միշտ էլ դժգոհում են ջրից: Բացի այդ, համայնքապետի ընտրությունների ժամանակ բնակիչների թեկնածուներին ներկայացված առաջին պահանջն իրենց խմելաջրով ապահովելն է եղել: 

Քաղսի գյուղի բնակիչներ Հրանտ Կարապետյանն ու Ժորա Հայրապետյանը հիշեցին, որ իրենց գյուղում համայնքային ժողով վերջին անգամ ընտրությունների ժամանակ է եղել` մի քանի ամիս առաջ, որի ընթացքում քննարկել են համայնքային կարեւորության մի շարք հարցեր, որոնց թվում նաեւ` վերին թաղամասի ջրի խնդիրը: «Ժողով առայժմ չենք արել, ղեկավարությունը նոր է, տարիներով մարդիկ ջուր չեն ունցել, դրա համար էլ որոշեցին ջրի վրա ծախսել, ամբողջ գյուղն է որոշել, ավագանին էլ որոշումը կայացրել է»,- ասաց մեկ այլ բնակիչ: Դույլերով ջուր կրող վերին թաղամասի բնակչուհիներից մեկը խոստովանեց` «ժողով չենք արել, բայց բոլորս էլ գիտենք, որ ամենամեծ պրոբլեմը ջուրն է»:

Չարենցավան քաղաքում կառավարության այս ֆինանսական օժանդակությամբ իրականացվում է 3 ծրագիր: 25.000 բնակիչ ունեցող Չարենցավանում իրականացվել են 22 մլն դրամի (4100 քմ) ներթաղամասային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Թեև համայնքի բնակիչները գրավոր նման պահանջ չեն ներկայացրել, սակայն, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Սարգսյանի խոսքով, համայնքի ղեկավարի ընդունելությունների ժամանակ միշտ էլ բարձրացրել են իրենց բակերի ասֆալտապատման խնդիրը:

Չարենցավանում ընթացքի մեջ է «փախստականների թաղամասի» գազաֆիկացումը: Տարիներ շարունակ, թաղամասը շահագործման հանձնելուց ի վեր, 9-րդ և 10-րդ թաղամասերի 2 շենքերի եւ 90 քոթեջների բնակիչները գազ չեն ունեցել: Այդ հարցով բազմիցս դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ  մինչեւ Ազգային ժողով ու հանրապետության նախագահին: Միջոցների բացակայության պատճառով հարցի լուծումը միշտ ձգձգվել է, բայց կառավարության ֆինանսավորմամբ մինչեւ տարեվերջ կավարտվեն աշխատանքները, եւ թաղամասի բնակիչները գազաֆիկացված բնակարաններում կդիմավորեն Ամանորը:

Կառավարության ֆինանսավորմամբ Չարենցավանում իրականացվում է նաև հարթ տանիքների վերանորոգում: Քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի խոսքով` հարթ տանիքի վերանորոգման խնդիր կար 43-45 շենքերում, իրենց ներկայացրած ծրագիրը 80 մլն դրամ արժողությամբ էր, սակայն կառավարությունը հատկացրել է 60 մլն, ինչը հերիքելու է միայն 35 շենքի տանիք վերանորոգելու համար: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր շենքից 200.000 դրամ գումար է հավաքվում` որպես բնակիչների սեփական ներդրում` այդ միջոցներով հնարավորինս շենքերի ցանկն ընդլայնելու համար: Այդուհանդերձ, դա ստիպողաբար չի կատարվում եւ, անկախ գումարի հավաքագրումից, ցանկում ընդգրկված 35 շենքերի հարթ տանիքները վերանորոգվելու են: Քաղաքապետը նշեց, որ առայժմ գումար է հավաքել 6 շենք, իսկ հավաքված գումարն իրենք կարող են ծախսել միմիայն տանիքների համար: 
Ինչ վերաբերում է ծրագրային առաջարկների ձեւավորմանը, ապա Հ. Շահգալդյանը նշեց, որ ինքն է դրանք առաջարկել, խնդրի հետ կապված համայնքային որեւէ ժողով չի եղել, պարզապես ժողովրդի հետ իր ամենօրյա շփումից առանձնացրել է համայնքի այդ երեք կարեւորագույն խնդիրները: «Ամեն օր կազմակերպվող ընունելությունների ժամանակ 10 բնակչից 2-ն այդ հարցն են բարձրացնում»,- ասաց քաղաքապետը:

«Ո՞րն է չարենցավանցիների թիվ մեկ խնդիրը»,- մեր հարցին բնակիչները սոցիալական բնույթի խնդիրների, գործազրկության կողքին նշեցին բնակֆոնդի պահպանումն ու ասֆալտապատումը:

3500 բնակիչ ունեցող Արգել գյուղում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում նշում էին ջուրը, տանիքները, ճանապարհները: Կառավարությունը 30 մլն գումար է հատկացրել գյուղին «Արգելի միջն. դպրոցի հիմնանորոգում» ծրագիրն իրագործելու համար: Սակայն, համայնքապետ Մաթեւոս Ավագյանի ասելով, այդտեղ թյուրիմացություն է եղել: «30 մլն-ն ամբողջությամբ ասֆալտապատմանն է հատկացվել: Ուղղակի ինձ հարցրին, թե ո՞ր ճանապարհի մասին է խոսքը, ես ասացի` դպրոցի ճանապարհը: «Դպրոց» բառը շեշտվեց «ճանապարհի» իմաստով, բայց, չգիտես ինչու, այն վերափոխվեց դպրոցի վերանորոգման ծրագրի»: Համայնքապետի տեղեկացմամբ` գյուղի դպրոցն ընդգրկված է պետբյուջեի հաջորդ տարվա կապիտալ վերանորոգման ծրագրում եւ, այսպես թե այնպես, այդ աշխատանքները կատարվելու են: Իհարկե, հետո ճշտվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց, բոլոր դեպքերում, այդ գումարից 8 մլն դրամը հատկացվեց դպրոցի վերանորոգմանը: Արգելի Վ. Անանյանի անվան միջն. դպրոցում ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում, նորոգվում է շքամուտքը, փոխվել են մուտքի դռներն ու պատուհանները:

Կոտայքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Սամվել Հակոբյանը համամիտ չէր Արգելի համայնքապետի հետ: Նրա ասելով` Արգելում ճանապարհը շատ անմխիթար վիճակում էր, բայց որպեզի այն չմերժվի, կապել են դպրոցի հետ, քանի որ աշակերտներն այդ ճանապարհով են դպրոց գնում: 

Ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է 2700 քմ ճանապարհ (22 մլն դրամ): Սակայն գումարը չի բավականացրել ողջ աշխատանքն ավարտելու համար, եւ դպրոցի առջեւում գտնվող մոտ 700 քմ հատվածը մնացել է առանց ասֆալտապատման: «8 մլն-ը կտրեցին, այդ պատճառով էլ գումարը չբավականացրեց: Այդ հատվածը փոսային նորոգման ձեւով արվելու է, բացի այդ, մարզպետը խոստացել է օժանդակել, որ գոնե 6 մ երկարությամբ հատված ճանապարհի տեսքով ասֆալտապատվի»,- նշեց Արգելի համայնքապետը: Մինչդեռ վարչության պետը նշեց, որ իրենք հետեւողական են լինելու եւ համայնքին պարտադրելու են ավարտին հասցնել աշխատանքները:

Ինչ վերաբերում է ծրագրի ընտրությանն ու դրա ներկայացմանը, ապա, Մ. Ավագյանի հավաստմամբ, ճանապարհի հետ կապված միշտ էլ բողոքներ ու խնդրանքներ ստացել է համայնքի բնակիչներից: Այն դպրոց տանող ճանապարհն է, թաղամասը նույնպես խիտ բնակեցված է, բացի այդ, նշված ճանապարհով են գերեզմանոց գնում: Հատկապես անձրեւների ժամանակ այն անանցանելի էր դառնում:

Այն, որ գյուղը կառավարության կողմից ֆինանսական օժանդակություն է ստացել, զարմացրեց գյուղացիներից շատերին: Իրենց առաջնահերթ խնդիրների թվում նրանք նշեցին խմելու և ոռոգման ջրի, տանիքների վերանորոգման մասին: Մեր հարցին, թե ճանապարհի հետ կապված դժգոհություններ ունե՞ն, արգելցի տարեց մի կին ասաց, որ համայնքապետն արդեն սարքել է ճանապարհը, եւ իր գոհունակությունը հայտնեց: Իսկ դպրոցահասակ երեխաների մայրը, ով նույնպես անտեղյակ էր ծրագրից, նշեց, որ ամեն տարի ոռոգման ջուրը ողողում էր դպրոց տանող ճանապարհը, ու այն անանցանելի էր դառնում:

Խնդիրները շատ են նաեւ ընդամենը 72 մլն բյուջե ունեցող Բյուրեղավան քաղաքում: Փոխքաղաքապետ Էդիկ Պողոսյանի խոսքով` իրենք ներբակային ասֆալտապատման եւ տանիքների վերանորոգման ծրագրեր էին ներկայացրել, որոնք մերժվել են: Պատճառաբանվել է, որ համայնքն արդեն ֆինանսավորում է ստացել: Հիշյալ ծրագրով կառավարությունը 40 մլն դրամ է հատկացրել Բյուրեղավանի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման համար: «Մենք այդպիսի ծրագիր չենք առաջարկել, տեղյակ չենք»,- հայտնեց փոխքաղաքապետը:

Բյուրեղավանի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը պատմեց, որ պետբյուջեի միջոցներով դպրոցն արդեն վերանորոգման մեջ է, աշխատանքները սկսվել են մայիս ամսից եւ շարունակվում են: Բացի այդ, «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի աջակցությամբ լուծված է նաև ջեռուցման խնդիրը: Իսկ կառավարության հատկացրած 40 մլն դրամով ամբողջությամբ հիմնանորոգվելու է մարզադպրոցի մասնաշենքը, կառուցվելու են հանդերձարաններ, պահեստային մաս, սանհագույց` զուգարաններով և ցնցուղներով: Տեղադրվել են նաև նոր պատուհաններ: Ծրագրի շրջանակներում նորոգվելու են նաեւ դպրոցի 3 մասնաշենքերի տանիքները:

Տնօրենի խոսքով` «համայնքում ամենից ահավոր վիճակում իրենց դպրոցն է եղել»: Կ. Խաչիկյանը խոստովանեց, որ ինքը չգիտի, թե ո՞վ է ներկայացրել դպրոցի ծրագիրը, բայց հարցը բազմիցս բարձրացրել է: Բացի այդ, պետբյուջեի հատկացումը չէր բավարարել տանիքների վերանորոգումն իրականացնելու համար: Դպրոցի տնօրենը նախընտրեց չպատասխանել այն հարցին, թե ո՞րն է Բյուրեղավանի թիվ մեկ հիմնախնդիրը: Հարցին պատասխանեց փոխքաղաքապետը` ներբակային ասֆալտապատման և տանիքների հետ միասին թվարկելով 48 քոթեջների գազաֆիկացման, Բ 1 թաղամասում բացակայող կոյուղագծի, երաժշտական, մշակույթի ու մարզադպրոցների հիմնախնդիրները: Է. Պողոսյանը նշեց, որ քաղաքապետարանում ընդունելություններ են կազմակերպվում ամեն օր, եւ բնակիչների գանգատներից ելնելով էլ ձեւավորել էին իրենց առաջարկը: Բյուրեղավանում մեզ հանդիպած պատահական անցորդները համայնքի առաջնային հոգսերից էին համարում հիմնականում բարեկարգման աշխատանքներն ու բնակֆոնդի պահպանումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter