HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Կասկադ

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշարձանը գտնվում է Երեւանի հյուսիսային բարձունքի եզրին եւ «Հաղթանակի զբոսայգուց» բաժանվում է Ազատության պողոտայով։

Հավանաբար, այդ բարձունքը հարմար տեղ էր նման կոթողային կառույցի համար` տեսանելի բոլոր կողմերից եւ կառույցի խորհրդանշական հանգամանքն ընդգծող բարձր դիրքով։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ այդ սարալանջը, փաստորեն, նաեւ քաղաքի հյուսիսային սահմանն էր։ Հուշարձան-համալիրի առանցքը բարձր քարե սյունն է, որից դեպի հարավ` դեպի քաղաքը, տարածվում է ընդարձակ հարթակը։ Հարթակի միջի բացվածքից իջնում են աստիճանները եւ վերածվում աստիճանահարթակների շարքի, որն էլ այսօր ընդունված է կոչել Կասկադ։ Այն կապում է հուշարձանը քաղաքի կենտրոնին եւ, հավանաբար, պետք է հեշտացներ մարդկանց այցելությունը հուշահամալիր։

Սյան կողքին, քառակուսի ծածկի տակ գտնվում է գետնի մեջ խորացող մի տարածություն` ներսի կողմից շրջապատված կողք-կողքի շարված ծորակներով, որոնք հիմա չեն գործում եւ, հնարավոր է, երբեք էլ չեն գործել (առհասարակ տարբեր չափերի ծորակների առատությունը խիստ բնորոշ է այս հուշահամալիրին, որոնք ակնհայտ խորհրդանշական իմաստ ունեն)։ Թեեւ մուտքերը վաղուց փակված են մետաղյա ճաղավանդակներով, բայց ճաղերի արանքով կիսախավարի մեջ էլ կարելի է տեսնել այդ ստորգետնյա տարածության կենտրոնում դրված քարը` հուշարձանի կառուցմանը վերաբերող արձանագրություններով։ Քարի հյուսիսային կողմի գրությունը հայտնում է, որ կոթողը վեր է հառնում «ի նշան հայ ժողովրդի նոր վերածննդի», եւ որ կառուցողները փորձել են նրա «հիմքը Հայոց աշխարհի հիմքի պես հաստատուն անել, իսկ ոգին` հայ ժողովրդի ոգու նման երկնասլաց»։ Քարի մյուս երեսին կարդում ենք բառացիորեն հետեւյալը. «Այստեղ, հավերժական Արարատի եւ Արագածի հանդիպման հայ ժողովուրդը կատարեց իր Նոյեմբերյան հեղափոխությունը 1920 թ. նոյեմբերի 29-ին»։

Դրսի պատերի վրա այս ու այնտեղ հանդիպում են ազգային ոճավորմամբ զարդանախշեր եւ մեսրոպատառ բանաստեղծական տողեր. «Հայրենիք, չկա քեզնից գերող երազ, քո անունից անուշ անուն, Հայրենիք», «Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ», «…ողջույն քեզ, բացվող պայծառ առավոտ» եւ այլն։

Փաստորեն, հուշահամալիրը կառուցվել է երկար ժամանակ եւ այդպես էլ մնացել անավարտ (ֆինանսական, տեխնոլոգիական-ինժեներային կամ այլ պատճառներով)։ Անավարտությունը եւ տարատեսակ պակասություններով ու թերություններով ավարտելը բնորոշ է այդ շրջանի հայկական արդիական ճարտարապետության շատ նմուշների։ Ըստ երեւույթին, այս հուշարձանը զուրկ է ակնառու գեղագիտական արժանիքներից եւ, հակառակ իր մասշտաբներին եւ խիստ նպաստավոր դիրքին, երբեք չի եղել Երեւանը խորհրդանշող կոթողների շարքում։

«Հավերժական Արարատը» եւ «գերող երազը», «նոր վերածնունդը» եւ «պայծառ առավոտը», «հաստատուն հիմքը» եւ «երկնասլաց ոգին», թերեւս, կարելի է տեղավորել ազգայնական հռետորության շրջանակում։ Ավելի դժվար է ազգայնացված-սեփականաշնորհված Նոյեմբերյան հեղափոխության հարցը. ի՞նչ կարիք կար հեղափոխություն անելու, արդյոք հեղափոխությունը յուրաքանչյուր վերածնության անհրաժեշտ նախապայմա՞նն է, արդիական ազգ դառնալու համար պետք էր սեփական հեղափոխությո՞ւնն ունենալ.… Այսօր դժվար է հասկանալ, թե իրենք` արձանագրությունների հեղինակները, հավատացե՞լ են իրենց բեմադրած «հայրենասիրությանը», երբ փորձել են Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձանից ամբողջովին դուրս թողնել ամեն խորհրդային բան։ Հավանաբար չեն նկատել, որ, ըստ ամենայնի, խորհրդային են իրենց հուշարձանի այլապես անհեթեթ մասշտաբները եւ հիշատակված տողերից ճառագող անխառն գոյաբանական լավատեսությունը։

Ամեն դեպքում, դարձյալ աչք է ծակում ազգային ես-ի ուրվագծի կատարյալ անորոշությունը, ազգայինը խորհրդայինից որեւէ ձեւով զանազանելու ցանկության բացակայությունը կամ անկարողությունը։ Ազգային վերածննդի առասպելը ջնջում է պատմականության բոլոր հետքերը, այս անգամ` խորհրդայինը (ենթադրյալ խորհրդային Ուրիշը) սեփականելու-յուրացնելու անհոգ ժեստով։ Բացակայող խորհրդային, սոցիալիստական, կոմունիստական եւ այլ բառեր պիտի հիշեցնեին այն համատեքստի մասին, որից դուրս հայոց վերածննդի մասին խոսելու առիթ չէր լինի, մանավանդ այդ տոնով։ Եւ մի՞թե նմանօրինակ ազգայնականությունն ավելի շատ չէր ծառայում հենց խորհրդայինի մեջ ազգայինի տարրալուծմանը, ազգայինի խորհրդայնացմանը։

Վերափոխվող Կասկադը

Տարիներ առաջ «Գաֆեսճյան հիմնադրամը» ձեռք է բերել այս համալիրի ամբողջ տարածքը, որի երկու ծայրակետերում այսօր զետեղված են Բոտերոյի աշխատանքները` «Հռոմեացի ռազմիկը» (հենց հուշակոթողի կողքին) եւ «Կատուն» (Թամանյանի արձանից դեպի Կասկադ ձգվող պուրակում)։ Աստիճանահարթակներում տեղադրված են նաեւ մի քանի այլ արվեստագետների գործեր, սակայն շատ այլ աշխատանքներ Երեւան կտեղափոխվեն ցուցադրության պատշաճ տարածքներ ստեղծելուց հետո միայն։ Հուշարձանից անմիջապես ներքեւ կառուցվում է Ժամանակակից արվեստի Գաֆեսճյան թանգարանի շենքը, որտեղ էլ, ըստ տարածված լուրերի, կցուցադրվի հարուստ մասնավոր հավաքածուի մի զգալի մասը։


Կասկադի բարեկարգ եւ խնամված տարածքը, գործող շարժասանդուղքի հետ միասին, շատերին հրապուրում է որպես զբոսավայր։ Այստեղ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են բացօթյա համերգներ եւ այլ մշակութային միջոցառումներ։ Սպասվում է, որ քիչ-քիչ կսկսեն գործել ցուցասրահներ, մատչելի կլինեն մշակութային ժամանցի տարբեր ձեւեր։ Այսինքն` թվում է, թե Կասկադը, դառնալով հանգստի գոտի, ձգտում է կատարել այնպիսի դեր, ինչպիսին խորհրդային տարիներին ուներ եւ այժմ էլ ինչ-որ չափով ունի «Հաղթանակի զբոսայգին»։ Թեեւ ենթադրվում է, որ այստեղ պրոպագանդվող մշակույթը կլինի զգալիորեն տարբեր նրանից, ինչ մատչելի է Երեւանի նմանատիպ վայրերում։ Խոսքը, մասնավորապես, ժամանակակից արվեստի մասին է, որն առայժմ Հայաստանում հետաքրքրում է շատ փոքրիկ մի խավի, բայց աշխարհի շատ քաղաքներում ժամանակակից արվեստի թանգարանները մեծ մասսայականություն են վայելում որպես իդեալական վայրեր հանգստի կազմակերպման համար, որ չպետք է շփոթել ժամանակակից արվեստի մասսայականության հետ։

Վերադառնալով «Հաղթանակի զբոսայգու» եւ Կասկադի համեմատությանը` ընդգծեմ, որ հիմնական նմանությունն այդ երկու տարածությունների` խորհրդային գաղափարաբանության նշաններով եւ առարկաներով ծանրաբեռնվածությունն է։ Երկու դեպքում էլ այդ նշանները եւ ուղերձները գրեթե անհասկանալի են, անընթեռնելի, բայց հատկապես Կասկադում կազմում են այն հոծ հիմնաշերտը, միջավայրի կազմակերպման հիմնական միջոցը, որը մնացել է իր տեղում, չի կազմաքանդվում, եւ որի վրա փորձ է արվում կառուցել նոր արժեքների եւ նշանակությունների տարածությունը։

Իհարկե, խորհրդային արժեքների մարմնացման եւ վերարտադրության իմաստով «Հաղթանակի զբոսայգին» («Մայր Հայաստանը», Անհայտ զինվորի շիրիմը, Հերոսների ծառուղին եւ այլն) անհամեմատ ավելի առանցքային դեր ուներ, քան 50-ամյակի կոթողը։ Մայիսի 9-ի ամենամյա տոնակատարությունները, որոնք իրականացվում էին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ, իրենց ծիսական կրկնողությամբ եւ խորհուրդով շատ ավելի իմաստալից էին խորհրդահայության համար, քան Նոյեմբերյան հեղափոխության տարեդարձը, հակառակ այն բանի, որ, ինչպես տեսանք, վերջինը ներկայացվում էր որպես զուտ ազգային իրադարձություն։ Հասկանալի է, որ այստեղ մեծ էր նաեւ խորհրդային պրոպագանդայի դերը, քանի որ այս պատերազմի մշակութային ներկայացումը խորհրդային ժողովրդի եւ խորհրդային ինքնության ձեւավորման հզոր միջոց էր։

Կասկադի տարածության մեջ նույնպես գործում է խորհրդային մասշտաբները եւ ազգային նշանները համադրելու ձգտումը, որը մասնավորապես դրսեւորվում է հայկական ճարտարապետությունից քաղված եւ հուշարձանի մոնումենտալության թելադրանքով ոճավորված զարդաքանդակների առատությամբ։ Ինչպես շատ այլ տեղերում, այստեղ նույնպես բախվում ենք մինչխորհրդային (մինչարդիական կամ ավանդական) եւ խորհրդային (որոշակիորեն հասկացված` արդիական) շրջանների միջեւ առկա մեծ խզումն անտեսելու, այն հորինված ազգային շարունակականությամբ փոխարինելու միտումին։ Բայց նույն ձեւով անտեսվում է նաեւ խզումը խորհրդայինի եւ հետխորհրդայինի միջեւ։ Այս բանն անում են նաեւ Կասկադը վերակառուցողները։

Տեղին է հարցնել, թե ինչպե՞ս է հայ ժողովրդի «երկնասլաց ոգին» առնչվում կոմունիստական պայծառ ապագայի Մեծ ժամանակին (վերջինս պետք է որ լիներ հուշարձանի հիմնական ուղերձը)։ Մյուս կողմից` ինչպե՞ս կարելի է հասկանալ Բոտերոյի գրոտեսկային զինվորը խորհրդային մոնումենտալիզմի ոգով հղացված հուշասյան, սյան ներքեւի մասում դրոշմված` հայ ժողովրդի հարատեւությունը խորհրդանշող հավերժության նշանի եւ վերը հիշատակված տողերի («Հայրենիք, չկա քեզնից գերող երազ….» եւ այլն) հարեւանությամբ։ Ակնհայտ է, որ այստեղ բախվում են միանգամայն տարբեր գաղափարներ եւ իմաստներ` մինչարդիական ազգային, խորհրդային եւ ընդհանուր ձեւով ասած` արեւմտյան։ Առաջին երկուսի թվացյալ հաշտության ֆոնին երրորդը հայտնվում է որպես ցայտուն տարասեռություն, տարածական համատեքստի հետ իմաստային որեւէ կապից զուրկ մի բան։

Կասկադի կայունացած միջավայր արեւմտյան ժամանակակից արվեստի առարկաների ներմուծումը կարելի է բնութագրել որպես զուտ մեխանիկական միջամտություն, որի հեղինակները, ամենայն հավանականությամբ, մշակութային իրադրությունը հասկանալու խնդիր չեն ունեցել։ Բայց գուցե այս նոր առարկաները, որոնք խախտում են նյութական եւ նշանային կայունացած դասավորությունը, ստիպեն հարցականի տակ առնել շրջակա միջավայրի ինքնաակնհայտությունը, գուցե նրանց բերած տարասեռությունը վերամեկնաբանության եւ իմաստավորման աշխատանքի խթան դառնա։

Ինչեւէ, այսօր Կասկադը մեզ ներկայանում է որքան գրավիչ, նույնքան անհասկանալի տեսքով։ Տարածությունը կազմող առարկաներով փոխանցվող իմաստների մոռացված կամ անծանոթ լինելը մարդկանց օտարում է նյութական միջավայրից, բացառում մշակութային համատեքստի հետ հաղորդակցության որեւէ հնարավորություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter