HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Ի՞նչ ծրագրեր են մշակվում համայնքապետարանների պատերի ներսում

«Ի՞նչ աշխատանքներ է իրականացրել գյուղի համայնքապետարանը վերջին շրջանում» հարցին Կոտայքի մարզի Հանքավան գյուղի բնակչուհի Նորա Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Անցած եւ նախանցած տարի «Ոսկե աշունի»-ի տոմսեր են տվել»:

Երիտասարդ աղջիկն անկեղծորեն խոստովանեց, որ չի հետաքրքրվում համայնքի ղեկավարի իրականացրած աշխատանքներով: «Կուզենայի այստեղ ակումբ լիներ, որպեսզի երիտասարդները զբաղվեին: Ամենավատն էն է, որ մի բան լինում է` բոլորս չենք հավաքվում, բոլորս չենք իմանում»,- ասաց Նորան` հիշելով, որ խանութի պատին մի քանի անգամ փակցված որոշումներ է տեսել, սակայն դրանք չի ընթերցել: 

«Ցուցատախտակներ պետք է ուղարկեին, բայց դեռ չկան, բոլոր որոշումները փակցնում ենք համայնքապետարանի պատուհանին կամ խանութում, բայց հիմնականում պատռում են, չեն կարդում»,- ասաց Հանքավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անժելա Գասպարյանը: 

«Գյուղն ունի 111 բնակիչ, ավագանու 5 անդամ, վերջիններիս միջոցով էլ տարածվում են որոշումները, դե, աշխատանքներն էլ բոլորը տեսնում են»,- հավաստիացրեց համայնքապետ Գարիկ Մուշեղյանը: Համայնքապետարանում մեզ դիմավորեց միայն համայնքապետը: Աշխատակազմի մյուս անդամը` համայնքապետարանի քարտուղարը, ով հրազդանաբնակ է, մեր այցելության ժամանակ բացակայում էր: Վերջինիս հետ զրուցեցինք մարզկենտրոնում` Հրազդան քաղաքում: Թե ինչու՞ է հրազդանաբնակ Անժելա Գասպարյանը նշանակվել համայնքապետարանի քարտուղար, վերջինս բացատրեց. «Հանքավանում բարձրագույն կրթություն ունեցող չկա, որ քարտուղար նշանակեին»: «Իսկ ինչու՞ բարձրագույն կրթություն ունեցող չկա» մեր հաջորդ հարցին նա կարճ պատախանեց` դպրոց չկա: Դպրոց չկա, քանի որ Հանքավանում ընդամենը 5 դպրոցահասակ երեխա կա, որոնք էլ հարեւան գյուղերում են դպրոց հաճախում: Դպրոց չունենալն էլ այն հիմնական պատճառն է, որի համար բնակիչները լքում են գյուղը: 

Հանքավանը նախկինում բնակեցված է եղել հույներով: Նրանցից շատերն այսօր հեռացել են գյուղից: Ոմանք Հանքավան են գալիս միայն ամռանը: Աշխատակազմի քարտուղարը պատմեց, որ ներկա բնակիչների մի մասը գյուղում գրանցված չէ: «Բարեկամների տներում են մնում, անասնապահությամբ են զբաղվում ու հարկեր չեն վճարում: Ամենից շատ հենց նրանք էլ բողոքում են»,- ասաց Ա. Գասպարյանը: 
Վերջինս ներկայացրեց համայնքի բյուջեն. բյուջեի վարչական մասն ընդամենը 5,9 մլն դրամ է, սակայն հողերի օտարումից ֆոնդային մասը մոտ 23,65 մլն դրամ է կազմել, որից 1,5 մլն-ը տրամադրվել է գյուղի լուսավորության համակարգի վերականգնմանը, 2 մլն դրամ` համայնքապետարանի տանիքի վերանորոգմանը, իսկ 11 մլն դրամ` ջրագծի նորոգմանը: Նրա ասելով` ֆինանսական աջակցություն են տրամադրել անապահով բնակիչներին, գյուղի հարեւանությամբ գտնվող, փախստականներով բնակեցված 2 շենքերի բնակիչների համար ալեհավաք են տեղադրել: 

Համայնքի ղեկավարի խոսքով` ջրագծի վերանորոգմամբ լուծվել է 30-40 ընտանիքի ջրի խնդիրը: Համայնքապետարանի տանիքի վերանորոգմամբ էլ բարելավվել են նույն շինությունում գտնվող գրադարանի, ակումբի, բուժկետի շենքային պայմանները: Բնակիչների հետ հանդիպումները, համայնքապետի ասելով, ամենօրյա բնույթ են կրում: 

Հանքավանի բնակչուհի Նվարդ Աղաջանյանը համայնքապետի աշխատանքը բնորոշեց այսպես. «Ինքն` իր գործին, մենք` մեր գործին»: Իսկ մեկ այլ հանքավանցի դժգոհեց տրանսպորտի վիճակից. «Կտրված գյուղ է, ժամը 4-ից հետո տրանսպորտ չկա: Դպրոց չկա, գազ չունենք»: Ըստ ժամանակացույցի` օրական 6 անգամ են ավտոբուսները Հանքավան մտնում: Իսկ ժամը 16-ից հետո անհնար է գյուղ վերադառնալ: 

Ն. Ավգիտովան, որ ծնվել եւ մեծացել է Հանքավանում, պատմեց, որ այսօր գյուղում հիմնականում ծերեր են ապրում. «Իսկ տարեց մարդիկ ի՞նչ կարող են ասել: Ոչ մի հարցով չեն դիմում համայնքապետին: Ես եմ միայն ամեն անգամ գնում, բայց չեն օգնում: Մի հատ լույս ենք ուզում, էն էլ գլխավոր փողոցի վրա են միայն մի քանի լամպ շարել: Մյուս թաղամասի ջրի խողովակներն են փոխել, բայց 2 ավազաններն էլ «հոտած» են»: 

Գյուղում այսօր հետաքրքրություններ չկան ո՛չ դպրոցահասակների, ո՛չ էլ երիտասարդների համար: Նորա Խաչատրյանը, ով դպրոց է գնացել հարեւան Արտավազ գյուղում, այնուհետեւ բուժքույրի մասնագիտություն ձեռք բերել Հրազդանում, խոստովանում է, որ թեեւ իր գյուղը շատ է սիրում, սակայն չի ցանկանում Հանքավանում ամուսնանալ:

Համայնքի կառավարման մասին իրազեկման առումով մեծ չէ տարբերությունը Կոտայքի մարզի 111 բնակիչ ունեցող Հանքավան գյուղի եւ մոտ 11 հազար բնակիչ ունեցող Բյուրեղավան քաղաքի միջեւ: Եթե առաջինի դեպքում ավագանու որոշ որոշումներ փակցվում են համայնքապետարանում կամ խանութում, ապա Բյուրեղավանում նույնիսկ դա չեն անում: «Բյուրեղավանը Երեւան չէ»,- բացատրում է քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը` նշելով, որ իրենք պարտադիր հրապարակում են միայն աճուրդների մասին հայտարարությունները (դա կադաստրի պահանջն է, առանց որի գործարքները չեն վավերացվում):

Բյուրեղավանում համայնքապետարանի իրականացրած աշխատանքների մասին բնակիչները տեղյակ էին այնքանով, որքանով որ այն տեսանելի էր: «Շատ լավ են աշխատում: Ասֆալտ են արել, ծառեր տնկել, աղբը ժամանակին մաքրում են»,- նշեց քաղաքի բնակչուհի Արեգնազ Խաչատրյանը: Բյուրեղավանցի Մնացական Պողոսյանը լրացրեց. «Մուտքերում պատուհաններ են տեղադրել, գազաֆիկացման աշխատանքներ են կատարել, բարելավվել է քաղաքի լուսավորությունը»: Մեկ այլ բյուրեղավանցի նշեց, որ քաղաքապետարանը կոոպերատիվ շենքեր է կառուցում. «Քաղաքապետը տալիս է, մասնավորը` շինում»: Բյուրեղավանցի մի մանկավարժ նույնպես հիացած էր օր-օրի քաղաքում ավելացող շինություններով` այն նույնպես վերագրելով քաղաքապետարանին: 

Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիանա Դալլաքյանը մեզ տեղեկացրեց, որ նախկինում համայնքի ղեկավարի կամ ավագանու որոշումները փակցնում էին քաղաքապետարանի առաջին հարկում: «Շենքի վերանորոգումից հետո համապատասխան տեղ չունենք: Հիմնականում ավագանիների միջոցով են որոշումները տարածվում»,- ասաց նա: 

Այն հարցին, թե ինչպե՞ս են տեղեկատվություն տարածում իրենց կատարած աշխատանքների մասին, Բյուրեղավանի քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ մի տեղ չենք հրապարակում: Էստեղ մի փակ անկյուն չկա, մի փակ գործարք չկա: Ում հետաքրքիր է` խնդրեմ»: Չնայած մեր հարցերին պատասխանեց դժկամությամբ` անվերջ հետաքրքրվելով, թե մեր ինչի՞ն է պետք այդ ամենը: Ինչպես մեր այցելած մյուս փոքր համայնքներում, Բյուրեղավանում նույնպես դռները բաց էին քաղաքացիների առջեւ: «Թեեւ առանձին օր կա ընդունելության համար, բայց փաստացի հանդիպումներ քաղաքապետի հետ կատարվում են ամեն օր եւ ամեն ժամ, քանի որ համայնքը փոքր է, եւ ամեն պահի կարող են խնդիրներ ծագել»,- ասաց աշխատակազմի քարտուղար Լիանա Դալլաքյանը:

Ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա իրականացնում են այնքան, որքան որ բավարարում են բյուջեի միջոցները: «Վերջին շրջանում որոշ տեղերում գազ անցկացրինք, վերելակներ ենք վերանորոգել բնակիչների աջակցությամբ, ճանապարհների փոսային նորոգումներ ենք կատարել»,- նշեց քաղաքապետը: Աշխատակազմի քարտուղարը հավելեց. «Տանիքների թիթեղապատման աշխատանքներ են իրականացվել. աշխատանքները հիմնականում կատարել են բնակիչները, փոխարենը քաղաքապետարանը զիջումներ է կատարել վերջիններիս բնակսպասարկման վարձերից: Ներկայումս ձմռան նախապատրաստական աշխատանքներ են կատարվում` մուտքերում դռներ են տեղադրվում, գերեզմանատունն են պարսպապատում»: Լիանա Դալլաքյանի խոսքով` բյուջեից նաեւ ֆինանսական օժանդակություն են տրամադրում իրենց դիմող սոցիալապես անապահով բնակիչներին:

Թամարա Քալյանը, որը միայնակ թոշակառու է, պատմեց, որ անցած տարի օգնություն էին տրամադրում քաղաքապետարանում, բայց իր անունը ցուցակում չկար, մինչդեռ «օգնություն ստացողների թվում ապահովված մարդիկ էին»: «Իրենք գիտեն` ում ինչ տան, ես էլ ի՞նչ դիմեմ: Չգիտեմ` ի՞նչ են անում, ոչ էլ բողոքում եմ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter