HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հ. Նաղդալյան. «Նորմալ տնտեսվարման պայմաններում 24 % վարկը ընդհանրապես ինչի՞ է նման»

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ ամբիոնից պատասխանում է պատգամավորների հարցերին: Նույնիսկ իշխանական պատգամավորները զերծ չեն մնում ԿԲ նախագահին սուր հարցեր ուղղելու եւ բանկային ոլորտը քննադատելուց: Արթուր Ջավադյանն ասաց, որ բարձր դոլարիզացված միջավայրում դրամը բավականին թանկ է բանկերի համար:

«Եթե բանկերի համար դրամը թանկ է, բա ռեալ սեկտորի համար ի՞նչ է»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ակտիվ քննադատեց բանկերի քաղաքականությունը, որ վարկավորումը դարձրել են բավականին բարդ գործընթաց` սկսած բյուրոկրատական քաշքշուկներից մինչեւ բարձր տոկոսադրույքներ:

«Նայեք շահութաբերությունը, թե ռեալ սեկտորում ինչպիսին է: Համապատասխա՞ն է մեր ռեալ իրավիճակին, եւ եթե այդ ռեալ սեկտորի ներկայացուցիչները պետք է օգտվեն այդ վարկային ռեսուրսներից կամ ծառայություններից, եւ սա դարձավ անհնար, ապա ու՞մ համար ենք անում, ինչի՞ համար ենք անում»,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը:

Նրա ասելով` հիպոթեքը լավ գործիք է, բայց եթե սպառողը չունենա աշխատանք, աշխատավարձ, հնարավորություն հիպոթեքի դիմելու համար, այդ դեպքում ինչի՞ մասին են խոսում:

«24 % սահմանափակում ենք դրել օրենքում, բայց ասեք` նորմալ տնտեսվարման պայմաններում 24 % վարկը ընդհանրապես ինչի՞ է նման: Ես չեմ ուզում նորմալ երկիր կամ նմանատիպ բառեր օգտագործել, բայց նորմալ տնտեսվարման պայմաններում համարվում է, որ 24 % վարկը կարելի է հեշտությամբ վերցնե՞լ, իրագործե՞լ, մարե՞լ, բիզնես անե՞լ, զարգացնել ձեր տնտեսվարողի տնտեսական նախագի՞ծը, չէ՞ որ դա այդպես չէ»,- դիմելով Արթուր Ջավադյանին՝ ասաց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրեց մասնագիտացված լսումներով անդրադարձ կատարել այս խնդրին, քանի որ տարիներ են անցել, զարգացման բավական փուլ ենք անցել, այդ թվում` բանկային ոլորտում, եւ պատկան մարմինների հետ քննարկման ժամանակն է:

Արթուր Ջավադյանն ասաց, որ վարկերի ռիսկայնության իջեցման հարցում շահագրգիռ մարմինը հենց ԿԲ-ն է:

«Տնտեսվարողների մասով այնքան բարձր է մրցակցությունը բանկային համակարգում, որ կա բավականին մատչելի տոկոսներով վարկավորում»,- ավելացրեց ԿԲ նախագահը:

Ինչ վերաբերում է այլ տիպի վարկավորումներին, ապա Ա. Ջավադյանը վստահեցրեց, որ քարտային վարկավորումը ԱՄՆ-ում 19-22 % է, Եվրոպայում` 15-27 %: Սպառողական վարկավորումը նույնպես համահունչ են մեր տոկոսադրույքների հետ:

Այստեղ Արթուր Ջավադյանը «մոռացավ» անդրադարձ կատարել նաեւ նշված երկրներում քաղաքացու եկամուտի չափին: Արդյո՞ք այն ուղիղ համեմատական է ՀՀ քաղաքացու եկամուտի չափին:

«Ինչ վերաբերում է եկամուտ-վարկ հարաբերակցության ռիսկին, ասում եմ, որ բանկերը միջնորդի դեր են խաղում, նրանք հնարավոր չի այդ ռիսկերը հաշվի չառնեն վարկ տրամադրելիս: Եթե հաշվի չառնեն, այդ դեպքում ընդհանրապես ավանդ չպետք է ներգրավեն: Հետո էլ այդ ավանդատուների դեմ պատասխանատու են այդ բանկերը, մենք էլ պարտավոր ենք առաջին հերթին ավանդատուներին զերծ պահել այդ ռիսկերից»,- ավելացրեց Արթուր Ջավադյանը:

Մեկնաբանություններ (4)

VARDAN
Արթուր Ջավադյանն լավ կլինի google ով նայի այլ երկրների բանկային տոկոսներ,,,,Իրենց դիլետանտ հալով ուզում են -ժողովրդին խաբել,,,Կենտրոնական բանկը ամենահասարակ գործառույթը չի կարողանում ապահովել կապված գնաճի հետ այդքանից հետո դեռ խուում են
ավանտյուրա
Եթե կայացած գործարարը 7% շահ է ունենում կայացած երկրում, ապա դա դիտվում է նորմայի սահմաններում: ՀՀ - ի նման խախուտ երկրում ինչ բիզնես ու ներդրում պիտի կատարվի որպիսզի 24% էլ վարկ փակվի? Միթե պարզից պարզ չէ որ նախապես գիտակցված ավանտյուրա են կատարում բանկերը?
շինարար
Ամոթ չլինի այս արդարամիտ տիկնոջը հարցնելը - իսկ Դուք, ձեր ամուսնյակի հետ, տարին քանի տոկոսով էիք պարտք տալիս շինարարներին? (որոնք էլ վերջում քաշվեցին, բնականաբար)
Հայ Քրիստոնյա
Ջավադյան եթե դուք ԿԲ նախագահ եք, ուրեմն նաև խելացի եք ու տիրապետում եք նաև համակարգչին։ Ինտերնետով նայեք ԱՄՆ և Կանադայի բանկերի տոկոսադրույքները հիփոթեքային վարկերի համար, այն 2.5-3% է տարեկան։ Ինչի՞ մասին եք խոսում։ Ամեն ինչ դրել հաշվում եք զարգացած երկրների չափանիշներով, դե դրանք էլ նույն չափանիշներով կատարեք։ Թե չե դրել եք ու քամում եք ժողովրդին որ ոլորտդ ոնց կարող եք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter