HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ա. Ջավադյան. «Ձեզ վստահեցնում եմ, որ բանկերը գյուղացիների թշնամիները չեն»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտին Սարգսյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, մտահոգություն հայտնեց, որ, հաշվի չառնելով ռիսկերը, բանկերը տրամադրում են վարկեր, եւ վերցրած վարկերը նպատակային չօգտագործելու հետեւանքով շատ գյուղացիների հողերն ու այլ սեփականությունն անցել են բանկերին:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով պատգամավորին, ասաց, որ իրենք տեղյակ են տրամադրված վարկերի ծավալներին եւ վիճակագրությունն ունեն: Ըստ նրա` մոտ 100 մլրդ դրամի վարկ է տրամադրվել գյուղացիներին՝ չհաշված վերամշակողներին տրամադրած վարկերը:

Միայն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 40.000 վարկ, իսկ ընդհանուր վարկառուները 60.000 են:

Արթուր Ջավադյանը նշեց, որ չվերադարձված գյուղատնտեսական վարկերը ընդհանուր վարկավորման մեջ ամենաքիչն են: «Այդ պրոբլեմներն ավելի խորն են այլ տիպի վարկավորումներում, քան գյուղատնտեսության: Լինում են մասնավոր դեպքեր տարբեր գյուղերում, բայց հետո բացահայտվել է, որ գյուղացիները ոչ թե չեն կարողացել մարել, այլ չեն ուզեցել մարել վարկերը, որովհետեւ ինչ-որ մեկը դրդել է եւ այլն: Մենք հիմա պայքարում ենք նմանատիպ երեւույթների դեմ, որովհետեւ ամեն գյուղում կան վաշխառուներ, որ փող են տալիս, կան լոմբարդներ»,- ասաց Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահը որպես օրինակ նշեց, որ գյուղատնտեսական վարկեր տրամադրող հիմնական բանկերից մեկի գյուղվարկերի վերադարձնելիությունը 98 % է կազմում, եւ միայն 2 %-ը չի վերադարձրել վարկերը:

«Ձեզ վստահեցնում եմ, որ բանկերը գյուղացիների թշնամիները չեն: Ամենաբարդ գործն է գյուղատնտեսության վարկավորումը, քանի որ ռիսկային է: Շատ բանկեր գյուղատնտեսության միկրովարկավորում չեն անում, եւ որեւէ մեկը չի կարող նրանց ստիպել, որովհետեւ ոլորտը ռիսկային է»,- ասաց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանը նշեց, որ գյուղատնտեսական վարկերի դեպքում գրավը «սիմվոլիկ» է, որը կարող է լինել կով, ապագա բերքը եւ այլն: ԿԲ նախագահն ասաց, որ բանկերին ձեռնտու չէ գնալ այս կամ այն վարկառուի հողը վերցնել:

Նշենք, որ «Հետքը» մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է գյուղատնտեսական վարկավորման թեման եւ ընտանիքների պատմություններով ցույց տվել տիրող իրավիճակը: ԿԲ նախագահին հավաստիացնում ենք, որ մի քանի տարվա ուսումասիրությունների արդյունքում չենք հանդիպել գեթ մեկ «սիմվոլիկ» գրավի: Դրանք հիմնականում եղել են անշարժ եւ շարժական գույք: ԴԱՀԿ-ի հաշվետվությունները ասվածի վառ օրինակն են:  

Մեկնաբանություններ (1)

Gagik
Вот никак не пойму вас редакцию. Вроде вы критикуете финансово- денежную политику, а когда вам пишут альтернативу - вы просто игнорируете и не отвечаете. Но я вас не виню, я вхожу в ваше положение - никто не хочет потерять работу.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter