HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանտ Բագրատյանը` կառավարության անդամներին. «Ծիծաղելու, ղժալու աստիճանի բացատրություններ են»

«2012 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ-ում ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը եւ նշեց, որ բյուջեի շեմն այնքան ցածր մակարդակի վրա է եղել, որ հնարավոր չէր այն չկատարել:

Ըստ պատգամավորի` ինչքան որ բյուջեն ավելացել է, պետք է դրանից հանվեր տնտեսական աճը, հարկային ծանրաբեռնվածությունը, որպեսզի ստացվեր բյուջեի օրգանական աճը: Հրանտ Բագրատյանը նշեց, որ բյուջեն աճել է նաեւ միասնական եկամտահարկի, նոր հարկերի եւ բարձրացված այլ հարկերի հետեւանքով, ինչը չի նշանակում, որ բյուջեն օրգանապես աճել է:

«Իմ գնահատմամբ, եթե տնտեսական աճը 7.2 տոկոս է, եւ համախառն բոլոր եկամուտներն ավելացել են 7.4 տոկոսով, դա վատ ցուցանիշ է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ տնտեսական աճը նկարված է եւ փաստված է, որ այդպիսի բան լինել չէր կարող»,- ավելացրեց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորի խոսքերով` 2012 թ. 2011-ի համեմատ կարտոֆիլի արտադրությունն ավելացել է 110-130 տոննայով, իսկ գինը 100 դրամից դարձել է 105 դրամ: Այդ նույն ժամանակահատվածում պոմիդորի արտադրությունը 50-ից հասցվել է 60 տոննայի, իսկ գինը 120-ից դարձել է 130 դրամ: Նա ցույց տալով գնաճը նշեց, որ դրական թվերի գումարից չի կարող բացասական թիվ ստացվել:

«Պատկերացրեք, որ այս երկու ապրանքն եք արտադրում եւ սա ձեր ՀՆԱ-ն է: Շատ հեշտությամբ կարող եք հաշվել, որ գնաճն այս դեպքում կազմում է 106,14 տոկոս, դեֆլյատորը` 106.17 տոկոս»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Հ. Բագրատյանը ԱԺ դահլիճում գտնվող կառավարության անդամներին մատնացույց արեց վիճակագրական ծառայությունից ստացած մի քանի նամակներ, որոնք ըստ պատգամավորի` «ծիծաղելու, ղժալու աստիճանի բացատրություններ են»:

Նա հորդորեց «ֆինանսների երիտասարդ նախարարին» թվեր ասելուց լրջորեն կշռադատել: «Երբ դուք ասում եք, որ հարկեր-ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունը կազմում է 23.8 տոկոս, բարեկամս, դա ոչ թե շնորհիվ ձեր հավաքած շատ հարկերի, այլ դու իջեցրել ես ՀՆԱ-ն: Սա փաստ է, որ բարելավվել է 0.005 տոկոսով»:

Պատգամավորի հաշվարկով՝ եթե այս տեմպերով գնանք ապա 340 տարի հետո կստանանք այն թիվը, որը պահանջում է Համաշխարհային բանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter