HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը հիացրել է Վանաձորի հանդիսատեսին

«Ցնցված եմ նման ելույթից: Հիանալի երգչախումբ է, որը բարձրակարգ վարպետություն ունի, - ասում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Նելլի Զախարյանը: - Հիանալի դիրիժոր ունեն, որից շատ բան է կախված, բայց և բոլոր երաժիշտները ունեն բարձր պրոֆեսիոնալ մակարդակ»:

Երեկ Վանաձորում ելույթ ունեցավ Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախումբը: Շուրջ 50 հոգանոց երգչախումբը ղեկավարում էր Միկկ Ուլեոյան:

Բազմաթիվ մրցանակներ ստացած և 2004 թ. «Grammy»-ի արժանացած երգչախումբը Վալյո Տորմիսի, Ջովաննի Բոնատոյի, Ֆրանսիս Պուլենկի և այլ երաժշիտների գործերից բացի՝ ներկայացրեց նաև Մակար Եկմայանի «Ամեն հայի» կատարումը: Իսկ ելույթի վերջում` հիմնական ծրագրից դուրս, նրանք ներկայացրին Մակար Եկմալյանի «Սուրբ, սուրբ» կատարումը:

Վանաձորյան հանդիսատեսը մեծ բավականությամբ և հետաքրքրությամբ էր լսում երգչախմբի ամբողջ ելույթը: Նրանց սրտին շատ հպվել էին հատկապես հայկական կատարումները: Կատարումից կատարում հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր էստոնական երգչախմբին:

Հարկ է նշել, որ երգչախումբը հայկական կատարումներ ներկայացնում էր ոչ թե մասնավորապես հայկական լսարանին «գոհացնելու» համար, այլ դա իրենց երգացանկի մեջ է մտնում և ներկայացվում է այլ համերգների ժամանակ ևս: Նրանց հիմնական երգացանկում ընդգրկված են նաև Կոմիտասի գործերը:

Վանաձորցիները մի կողմից հիացած և տպավորված էին համերգով, մյուս կողմից` ափսոսում էին, որ նման ելույթներ լսելու առիթներ հաճախ չեն լինում: Համերգի մասնակիցները նշում էին, որ տեղի հանդիսատեսը շատ ուշադիր և խստապահանջ է հատակապես երաժշտության նկատմամբ: Առավել ևս, որ Վանաձորն ավանդաբար եղել է դասական երաժշտության քաղաք:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը նշում է, որ նման միջազգային շփումները թույլ են տալիս ակտիվացնել մշակութային կյանքը: Եվ լավ կլիներ, եթե թե դրսից երաժիշտները հաճախ այցելեին Վանաձոր, թե իրենց ունեցած լավագույն կադրերը, երաժշտական խմբերը հնարավորություն ունենային ելույթ ունենալ, ներկայանալ նաև դրսում:

Երգչախմբի անդամները, որոնք տարբեր տարիքային պատկանելություն ունեն, տպավորված էին հայկական լսարանով, թե ինչպես են նրանք զգում և հասկանում իրենց մատուցած երաժշտությունը, թե ինչպես նրանք կարողացան իրենց հետ հավասար անցնել այդ «երաժշտական ճամփորդությամբ»:

Նրանցից ոմանք ԽՍՀՄ տարիներին առիթ ունեցել էին լինել Հայաստանում, սակայն մեծ մասն առաջին անգամ էր այցելում մեր երկիր: Նախքան Վանաձոր հասնելը, երգչախմբի անդամները, որոնք կանգ էին առել Սևանում և Դիլիջանում, հիացած էին տեղի բնությամբ, առավել ևս, որ իրենց մոտ ամռանն այնքան էլ տաք չի լինում, իսկ բարձրադիր գոտիներն այդքան էլ շատ չեն:

Այսօր՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգչախմբի երևանյան համերգը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter