HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ոսկե ծիրան». ներկայացվել է մրցութային ծրագիրը

Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրին այս տարվա մրցութային ծրագիրը: Փառատոնի 4 մրցութային անվանակարգում (խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր, «Կորիզ») կներկայացվի շուրջ 90 ֆիլմ:

Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ խաղարկային մրցույթում այս տարի ներկայացված է 12 ֆիլմ, սակայն ֆիլմերից մեկի հետ կապված դեռևս բանակցություններ են ընթանում: Հարցն այն է, որ այդ ֆիլմը թուրքական է, և Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով դեռևս պարզ չէ` արդյոք ֆիլմի ռեժիսորը կկարողանա՞ գալ Հայաստան:

Խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորելու է հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն: Ժյուրիի անդամներն են ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովը, ամերիկացի կինոքննադատ Ջեյ Վայսբերգը, ով եղել է «Variety» պարբերականի թղթակիցը, Թինա Լոքը, ով Տալինի «Սև գիշերներ» կինոփառատոնի հիմնադիրն է և ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:

Վավերագրական մրցույթում ընդգրկված է 11 ֆիլմ: Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքերով` այս տարի որակական առումով ֆիլմերը գրեթե հավասար են, սակայն բովանդակության և թեմաների տեսանկյունից դրանք բավականին տարբեր են:

Այս տարի մրցույթի ժյուրին գլխավորելու է ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև ռեժիսոր Պիետրո Մարչելլոն, Ռադա Սեսիչը, ով երկար տարիներ եղել է Սարաևոյի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթի ղեկավար, Գեորգ Էդուարդ Ռեսթլը, ով մասնագիտությամբ լրագրող է և Թուրքիայից Օսման Կավալան:

Հայկական համայնապատկեր ծրագրում այս տարի ներկայացված է 23 ֆիլմ շուրջ 12 երկրից: Այս մրցույթում հանձնվելու է 3 մրցանակ` առանձին խաղարկային և վավերագրական ֆիլմերի համար, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակ: Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի գնահատմամբ` այս մրցույթի ֆիլմերը ոչնչով չեն զիջում միջազգային մրցութային ծրագրի ֆիլմերին:  

Ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են Դեյվիդ դ’Արսին, ով «Screen International» պարբերականի վերլուծաբաններից է, Ժան Ռադավան` Փարիզի արևելագիտության պետական ինստիտուտի պրոֆեսոր, Նիք Ջեյմսը, ով «Sight & Sound» պարբերականի խմբագիրն է, երաժիշտ, թատերագետ Մարինե Ալէս Վարդանյանը և դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» ծրագրում ներկայացված է 45 ֆիլմ: Ծրագրում ընդգրկված է մեկ հայկական ֆիլմ` Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը»: Ծրագրի համակարգող Արամ Շահբազյանի խոսքերով` այս տարի շատ խիստ է եղել հայկական ֆիլմերի ընտրությունը, իսկ ընտրված մեկ հայկական ֆիլմը լիովին մրցունակ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter