HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթում հաղթել է ռումինացի թավջութակահար Անդրեյ Իոնիցան

Հունիսի 14-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը հայտարարեց հաղթողների անունները։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացավ Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացան Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։

Սահմանվել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ։

Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը նշեց, որ Անդրեյ Իոնիցան հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին ևս հրավիրեց մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը բարձր գնահատեց խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարևորեց նաև ժյուրիի անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել է հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այն շնորհվեց Լևոն Առաքելյանին (Հայաստան):

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվեց Արմեն Բաբախանյանին և Արթուր Ավանեսովին:

ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի' Հակոբ Աթյանի և Միքայել Նավասարդյանի համար, ովքեր 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի:

Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվեց Անդրեյ Իոնիցային (Ռումինիա):

Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային գործունեության պլանավորման ղեկավար Քերն Քոփը Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը համեմատեց եվրոպական մրցույթների հետ։ Քերն Քոփն ընդգծեց, որ բացի շնորհալի երաժիշտներին բացահայտելուց՝ մրցույթն աշխարհում տարածում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, և անցկացվել է 3 փուլով։

Փակման հանդիսավոր արարողությանն առաջին մրցանակակիրը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես էր եկել մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից, ով կատարել էր Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թ.-ից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը հայտնում է, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է նոր կարգավիճակում. այն մայիսին դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter