HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ջհանգիրյան. «Իշխան Զաքարյանը հիասթափված է գլխավոր դատախազությունից»

Ազգային ժողովում այսօր բուռն քննարկվում էր վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվությունը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ եթե վերահսկիչ պալատի հաշվետվության առանձին ոլորտների ուսումնասիրության ամփոփագրերում տեղ գտած` խախտում, չարաշահում, անարդյունավետ ծախս, գների արհեստական բարձրացում, իրականացված աշխատանքների ուռճացում, անորակ աշխատանքների կատարում եւ նմանատիպ այլ եզրույթները փոխարինվեն քրեաիրավական հոմանիշներով` պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, խարդախություն, յուրացում, վատնում, հավելագրում եւ այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդագրություններ են, այլեւ մեղադրական ակտի ամբողջական հատվածներ:

Պատգամավորը նշեց, որ ըստ արձանագրվածի՝ ամեն տարի հարյուրավոր պաշտոնյաներ, չինովնիկներ, ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տնօրեններ, ոլորտները սեփականաշնորհած ՍՊԸ-ներ ու կապալառուներ «պետբյուջեում փայ են մտնում, հաճախ էլ` ձեռք են գցում ծախսերի հսկիչ փաթեթը»:

«Ամեն անգամ Ազգային ժողովին մնում է զարմանալ եւ նաեւ զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերն ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ինչ ձեւեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ վերահսկիչ պալատի հաշվետվություններն ավարտվում են»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորի խոսքերով` զարմանալի է, բայց փաստ, որ ՎՊ-ի արձանագրած յուրացումների, վատնումների, հափշտակությունների հայտնաբերված ու արձանագրված ահռելի չափաբաժինները որեւէ կերպ հաշվի չեն առնվում ոչ նոր բյուջեի կազմման, ոչ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատման ժամանակ:

«Նախ՝ մեզ մոտ ամեն ինչ գլխիվար է: Սկզբում հաստատում ենք նոր տարվա բյուջեն եւ կառավարության ծրագիրը, հետո նախորդ տարվա բյուջեի կատարումը, այնուհետեւ քննարկում ենք վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Կարծում եմ՝ այսպես ավելի հանգիստ ու ապահով է»,- ավելացրեց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ որպես իրավաբան իրեն անհանգստացնում են վերահսկիչ պալատի ստուգումների ընթացքում այս կամ այն ոլորտում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները ոչ թե առանձին դեպքեր ու էպիզոդներ, այլ այն, որ ինչպես նշված է հենց այդ հաշվետվություններում` «ընդհանրական են եւ կրում են համակարգային բնույթ»:

«Համատարած այս թալանի վրա բացարձակ անհասկանալի եւ անընդունելի է մեր իրավապահ մարմինների, նրանց տնտեսական հանցագործությունների օպերատիվ եւ հետախուզական միջոցներով պայքարի կոչված մասնագիտացված կառույցների, հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազության` հատկապես պետական շահերի պաշտպանության վարչության իներտ կամ անտարբեր վերաբերմունքը»,- ավելացրեց Գ. Ջհանգիրյանը:

Նրա խոսքերով, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ վերջին 2 տարիներին պալատի ուսումնասիրության արդյունքները դատախազություն այլեւս չի ուղարկում, որովհետեւ հիասթափված է այդ մարմնից: Սակայն պատգամավորի համոզմամբ, անկախ հաղորդագրությունների հասցեականությունից՝ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այդ հրապարակումներին:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Իսկ ով հիասթափված չի գլխավոր դատախազությունից և նրա ստորաբաժանումներից։ Իսկ ում պատճառով է երկիրը դարձել թալանչիական և հաշվեհարդարային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter