HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը՝ գեներալ-պատգամավորներին. «Իբր օգնո՞ւմ եք, դուրս եկեք, թող աշխատեն»

Ազգային ժողովը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ի գիտություն ընդունելուց հետո քննարկում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնք հեղինակել են պաշտոնաթող գեներալներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը, ինչպես նաև Սամվել Ֆարմանյանը:

Նշենք, որ սովորաբար Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը ԱԺ-ում մնում են մոտ մեկ ժամ և լքում տարածքը: Այսօր հենց նախագծերի «պատվին» են մինչ այս ժամը մնացել նիստերի դահլիճում:

Սամվել Ֆարմանյանի ներկայացմամբ՝ նախագծով սահմանվում է երկրապահ կամավորականի հասկացությունը: Այդ կարգավիճակը տալու է պաշտպանության ոլորտում գործող միջգերատեսչական հանձնաժողովը: Նախագծով սահմանված է, որ նրանք սոցիալական աջակցություն կստանան «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

Նախագծով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թթ. ընթացքում ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում, ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում:

Երկրապահ են համարվելու նաև ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տևողությամբ մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

Իսկ երկրահապահի հասկացությունը նախագծի հեղինակները սահմանել են հետևյալ կերպ. ««Երկրապահ»՝ հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված և պատմականորեն ձևավորված բարոյական արժեհամակարգ, որն ընկած է Հայաստանի Հանրապետությունում պատանիների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում»:

Նշենք, որ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագիծը բաղկացած է ընդամենը 5 հոդվածից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մի քանի հարց ուղղեց նախագծի վերաբերյալ, ինչը դուր չեկավ Մանվել Գրիգորյանին: Նա տեղից սկսեց գոռգոռալ:

Մանվել Գրիգորյանը սկսեց գոռգոռալ նաև Զարուհի Փոստանջյանի հարց տալու ժամանակ: Իսկ Զ. Փոստանջյանը հետաքրքրվում էր՝ արդյոք նախագծի հեղինակները հաշվի առե՞լ են բողոքի ակցիաներ իրականացնողների կարծիքը, քանի որ այս նախագծով սոցիալական խնդիր չի լուծվում:

Արամ Մանուկյանի հարց տալու ժամանակ էլ միջամտեց Սեդրակ Սարոյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ կողմ է նախագծին, սակայն պետք չէ շտապել և հապճեպ ընդունել այն:

Սեդրակ Սարոյանի նյարդերը տեղի տվեցին, երբ լսեց քվեարկության հետաձգման մասին: Նա պահանջում էր շուտ քվեարկել: Քանի որ պատգամավորները սկսեցին անկանոն բղավել, ստիպված միջամտեցին ԱԺ նախագահն ու փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չի ընդունում իր նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը, քանի որ խոչընդոտում են նիստի ընթացքին:

«Ի՞նչ եք անում, թողեք պատգամավորը խոսի, իր կարծիքը հայտնի: Իբր օգնո՞ւմ եք, դուրս եկեք, թող աշխատեն»,- գոռգոռացող գեներալ-պատգամավորներին հորդորեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter