HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Հայաստանում առաջին անգամ բացվել է Սալվադոր Դալիի ցուցահանդեսը (վիդեո)

Առաջիկա երեք ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Արժիլեների ընտանիքին պատկանող Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն: Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված է հավաքածուից 120 օֆորտ, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» շարքերը: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել 20-րդ  դարի փորագրության ոսկե ֆոնդում: 

Պատկերասրահում բացված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (160 աշխատանք) նվիրված է սյուրռեալիստական ուղղության ճանաչված արվեստագետներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, Լեոնոր Ֆինիին, Ջորջո դե Կիրիկոին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` նույնպես Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից,  նաեւ հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել այդ այդ ուղղությանը ( Եր. Քոչար, Հ. Հակոբյան, Լ.Թութունջյան, Գ.Խաչատրյան, Ս.Փարաջանով եւ այլք):

Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականներից: 1934 թ. թվականին Փարիզում հանդիպել է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյա բեղմնավոր համագործակցության սկիզբ է հանդիսացել: 1971 թ. Պիեռ Արժիլեն Փարիզում բարոն Պետիեից ձեռք է բերել «Մալդորորի երգերը» շարքի օֆորտային տախտակները: Արժիլեն աջակցել է նաև Դալիի պղնձափորագրության տեխնիկայով արված փորձերին, որոնք հետագայում մարմնավորվել են գրաֆիկական տասը շարքերում: Դադաիզմի և սյուրռեալիզմի առաջնորդների ընկեր և հասակակից Պիեռ Արժիլեն ստեղծել է ամենանշանակալից հավաքածուներից մեկը, որն ընդգրկում է նաև Հանս Արպի, Տրիստան Տցարայի, Ջորջո դե Կիրիկոյի, Վասիլի Կանդինսկու և այլ վարպետների ստեղծագործությունները: 1980 թ. Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող Վո-լը-Պենիլ դղյակում Պիեռ Արժիլեն բացում է սյուրռեալիզմին նվիրված եզակի մի թանգարան: Քրիստին Արժիլեն շարունակում է հոր գործը: Լինելով ճանաչված գեղարվեստական քննադատ, նա ղեկավարում է Արժիլե պատկերասրահը` համագործակցելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և շատ այլ երկրների հայտնի թանգարանների հետ:

«Դալին եւ սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter