HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընկերությունը հարկային տեռորի արդյունքում դադարեցրել է գործունեությունը և 4 տարի դատական գործընթացի մեջ է

«Ռուբին» ՍՊԸ-ն շուկայում հայտնի էր որպես բջջային հեռախոսների ալեհավաք կայաններ տեղադրող ընկերություն: ՍՊԸ-ն գրանցված է Իջեւանում եւ ունեցել է բարեխիղճ հարկատուի համբավ: Ընկերության տնօրեն Արթուր Մարդանյանը, չենթարկվելով հարկային տեսչության «չգրված օրենքներին», չի համագործակցել հարկային տեսչության ղեկավարության հետ, ինչից հետո սեւ ամպեր են կուտակվել իր ղեկավարած ընկերության գլխին: 2009թ. մինչ օրս «Ռուբին» ՍՊԸ-ն դատական գործընթացների մեջ է եւ այդպես էլ չի կարողանում հարկային տեսուչների գրած հավելագրումներն ու օրենքին հակասող ակտերը անվավեր ճանաչել:

Արթուր Մարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 2010թ. դադարեցրել է ընկերության գործունեությունը: «Մեր վրա հարկայինն այդքան պարտք է դրել, որ չենք կարող աշխատել: Մեր գործընկերները, ում հետ ուզում ենք աշխատել, հարկայինից տեղեկանք են ուզում, որ պարտքեր չունենք, հենց այդ պատճառով չենք կարողանում ոչ մի մրցույթի մասնակցել»,-ասաց նա:

Այսպես, ՊԵԿ նախագահի 04.12.2008թ. թիվ 1002835 հանձնարարագրի հիման վրա ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչության կողմից 2008թ. դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 29-ը կատարվել է «Ռուբին» ՍՊԸ-ի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Արդյունքում նույն տարվա դեկտեմբերի 29-ին կազմված ակտով ընկերությանը բյուջե վճարման է առաջադրվել 29.208.300 դրամ:

«Ռուբին» ՍՊԸ-ն թեեւ տուգանքը վճարել է, սակայն ակտը բողոքարկել է վարչական դատարան եւ 2009թ. սեպտեմբերի 23-ին այն ճանաչվել է անվավեր, իսկ Վճռաբեկ դատարանը չի բավարարել գլխավոր դատախազի տեղակալի բողոքը (պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հիմքով-հեղ.) եւ օրինական ուժի մեջ է թողել վարչական դատարանի վճիռը:

«Ռուբին» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ ստիպված են վճարել ակտի գումարը, քանի որ եթե իրենց հաշվին պարտք գրանցվեր, ապա չէին կարողանա մասնակցել մրցույթներին:

Բայց մինչեւ Վճռաբեկ դատարան դիմելը (23-10-2009թ.), ՊԵԿ-ը չհաշտվելով դատարանում իր պարտության հետ, նոր ստուգում է նախաձեռնել: Նույն թվականի հոկտեմբերի 21-ին վարչապետի հանձնարարականի հիման վրա, ՊԵԿ նախագահը արձակել է հանձնարարագիրը, ըստ որի` ՊԵԿ Իջևանի ՏՀՏ հարկային ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչներ՝ Արմեն Ծատուրյանը, սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արթուր Սարգսյանը, ներքին դիտարկումների և վերահսկողության վարչաթյան համալիր և տեսչական ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչներ Արսեն Ալեքսանյանը, Հայկուհի Վարդանյանը, ավագ հարկային տեսուչ Մկրտիչ Ավետիսյանը 18.11.2009թ-֊ից մինչև 29.12.2009թ. «Ռուբին» ՍՊԸ-ում անցկացրել են բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմինների կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում։

Վերստագման արդյունքում, դեկտեմբերի վերջին կազմվել է ակտ, որով ընկերությանն առաջադրվել է 66.922.200 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ուղարկել է ՊԵԿ հետաքննության վարչություն եւ «Ռուբին» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով ) 2010թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ:

Վերստուգման ընթացքում կիրառված մեթոդների, ակտում նշված հետևությունների ճշտությունը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն։ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետը 19.08.2010թ. եզրակացության համաձայն, վերստուգմամբ կազմված ակտում արձանագրված դրվագներով փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով «Ռուբին» ՍՊԸ-ում, ըստ հարկատեսակների, տույժ և տուգանքներով հանդերձ, առաջանում է ընդամենը 19.106.839 դրամի լրացուցիչ պարտավորություններ։

ՍՊԸ-ի տնօրենը լրացուցիչ հարցաքննվել է և անհամաձայնություն հայտնել եզրակացության որոշ դրվագների կապակցությամբ։ Նույն թվականի օգոստոսի 30-ին  որոշում է կայացվել կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն անցկացնելու մասին։

«Հայասաանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը  01.10.2010թ. տվել է եզրակացություն, ըստ որի` «Ռուրին» ՍՊԸ-ում ըստ հարկատեսակների տույժ և տուգանքներով հանդերձ առաջանում է ընդամենը 18.343.400 դրամի լրացուցիչ պարտավորություններ։ Հիմք ընդունելով փորձագիտական երկու եզրակացությունները, քննիչը կարճել է քրեական գործը եւ դադարեցրել է քրեական հետապնդումը: 

«Ռուբին» ՍՊԸ-ն այս ակտը եւս բողոքարկել է վարչական դատարան: Հակընդդեմ հայց է ներկայացրել նաեւ ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչությունը` պահանջելով հօգուտ պետբյուջեի բռնագանձել 42.861.700 դրամ: Ըստ հարկային տեսչության` ՍՊԸ-ի պարտքը գոյացել է տարբեր հարկատեսակների` շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ-ի պարտադիր սոց. վճարների գծով, ինչպես նաեւ տույժ-տուգանքները:

ՍՊԸ-ի տնօրենն ասում է, որ ստուգման ակտում եղել են բազմաթիվ բացթողումներ եւ ստուգող աշխատակիցները ցուցաբերել են կանխամտածված վերաբերմունք` առաջադրելով ոչ իրավաչափ հարկային պարտավորություններ:

«Հիմնական խախտումներից մեկը գրել են, թե ընկերությունը 19 մլն դրամով ավել է վճարել օրապահիկը, բայց ընկերությունը վճարել է ընդամենը 8 մլն դրամ օրապահիկ, մնացած գումարը գիշերակացի, ճանապարհածախսի եւ գործուղման այլ ծախսերի գումարներն են: Մեզ համար անհասկանալի է, թե որտեղից ն վերցրել այդ փաստերը: Ընկերությունը ամեն ամիս ունի գործուղման հաշվարկ եւ օրապահիկը առանձին հաշվարկով չի արվել եւ միասին է հաշվարկվել»,-ասում է Արթուր Մարդանյանը:

Նրա խոսքերով` միայն օրապահիկի սխալ հաշվարկի համար մոտ 30 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն են առաջադրել ինչպես եկամտահարկի, այնպես էլ շահութահարկի գծով:

«Դատարանում ներկայացրել ենք, որ աշխատակիցները գերազանցել են իրենց լիազորությունները: 2007թ. առաջին կիսամսյակը վերստուգման հանձնարարականով նշված չի եղել, իսկ իրենք օգտվելով նախորդ ստուգման փաստաթղթերից, որոնք անվավեր են ճանաչվել Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մտցրել են այդ ակտի մեջ: Հանձնարարականով եղել է 5 անձ ստուգող, բայց մեր կազմակերպությունում աշխատել են 2-ը, մինչդեռ 5-ն էլ ստորագրել են ստուգման ակտը դրա համար էլ առկա է բազմաթիվ թերություններ»,-ավելացրեց «Ռուբին» ՍՊԸ-ի տնօրենը:

Դատարանը` Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, «Ռուբին» ՍՊԸ-ի հայցը եւ ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել է մասնակի եւ ՍՊԸ-ից բռնագանձել է 19.098.200 դրամ` հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունները:

Իջևանի հարկային տեսչությունը գործը բողոքարկվել է վերաքննիչ վարչական դատարան, որտեղ բեկանվել եւ ուղարկվել է նոր քննության: 2012թ. դեկտեմբերի 7-ին վարչական դատարանը` նախագահությամբ Արթուր Ծատուրյանի, մերժել է «Ռուբին» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՊԵԿ Իջեւանի հարկային տեսչության 29.12.2009թ. թիվ 1007511 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Իսկ Հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել է` «Ռուբին» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելով 42.861.700 դրամ, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքը` 857.234 դրամ։

«Այսօր հարկային տեսչության հետ չենք կարողանում ճշտել մեր պարտքը: Հարկային հաշվառման քարտում գրված է, որ ընկերության պարտքը կազմում է 39 մլն դրամ, որի հետ մենք համաձայն չենք, իսկ իրենք հակընդդեմ հայցով ընկերությունից պահանջում են բռնագանձել 42 մլն 800 հազար դրամ: Մեզ համար անհասկանալի է, թե որտեղից է գոյացել այդ գումարը, ընկերությունը երբեւիցէ այդքան պարտք չի ունեցել».-տարակուսած է «Ռուբին» ՍՊԸ-ի տնօրենը:

«Ռուբին» ՍՊԸ-ն այդ  դատական ակտը եւս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան, որտեղ առաջին նիստը հետաձգվել է հարկային տեսչության աշխատակիցների բացակայության պատճառով:

«Նախորդ առաջին ատյանը մեր ոչ մի ասածը չի ընդունել, չի քննարկել, մեր բարձրացրած հարցերին ոչ մի պատասխան չենք ստացել, որովհետեւ պատասխանող կողմը չի գալիս դատարան: Դատարան ապացույցներ ենք ներկայացրել կոնկրետ հիմնավորված հաշվարկներ, բայց առաջին ատյանը հաշվի չի առել մեր ասածները: Մտավախություն ունենք, որ մեր ասածները չեն լսի նաեւ այս դատարանում»,-ասում է Արթուր Մարդանյանը:

ՍՊԸ-ի տնօրենը մտածել է, որ քրեական գործի կարճումից հետո կավարտվեն բոլոր վեճերը, ընկերության հարկային քարտում կկատարվեն ճշգրտումներ եւ գոնե 2011թ-ից աշխատելու հնարավորություն կունենան, մանավանդ ստեղծվել էին բոլոր նախադրյալները բջջային կապի ոլորտում գլխավոր կապառալու դառնալու համար:

«Այդպես մտածելու բոլոր հիմքերն ունեի, որովհետեւ քննիչի որոշումը ստանալուց հետո ես հրավիրվել եմ Իջևանի տարածքային հարկային տեսչություն, որտեղ պետն ինձ առաջարկել է կնքել հաշտության պայմանագիր` հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունները, որոնց ես համաձայնվել եմ: Բայց դատական նիստից մի քանի ժամ առաջ Իջեւանի տարածքային հարկային տեսչության աշխատողների կողմից ես տեղեկացվել եմ, որ հաշտության համաձայնագիր չի կնքվելու»,-ասաց Արթուր Մարդանյանը:

Այս գործով դատաքննության օր է նշանակվել հունիսի 26-ը:

Մեկնաբանություններ (3)

Արմեն
Ստեղ են ասել, ոչ հարկայիննա, հարկայինմ, ոչ դատարանը, դատարան:
Лиля
Так,как только умею читать на моем родном языке я переведу комментарий Армена -не налоговая-налоговая,не судебная власть-не власть.Аствац хамперюцун тог та тенц танджвац мартканц!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Նարեկ
Սա բազմակի դեպքերից մի օրինակ է, քանի քանի աշխատող անձնավորություններ են հարկայինի ու մաքսայինի կողմից, դե որ ասենք այդ հիմնարկներում էլ կա մոնոպոլիա, ասենք բոլորն էլ գիտեն, որ ավտոմեքենայի մաքսազերծումը միայն խաչատրյանի` ՊԵԿ-ի պետի մենաշնորհն է, այսպես էլ պետք է լինի քցենք, որ չքցվենք սկզբունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter