HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետազոտվի՛ր և ապրի՛ր»

Օգտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ հետազոտվելու հնարավորությունից 

Հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ից 21:00-ը, Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի հատման վայրում /Հյուսիսային պողոտա, 11/, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է իրականացնել «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» հանրային միջոցառումը: 

Ընդամենը 20 րոպեի ընթացքում մեր քաղաքի անցորդները կարող են հետազոտվել (արյան նմուշը կվերցվի մատից) և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Նախա- և ետթեստային խորհրդատվությունն իրականացվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից վրաններում, իսկ հետազոտությունը՝ շտապ բժշկական օգնության մեքենայում, ինչի շնորհիվ կապահովվի հետազոտության գաղտնիությունը:

Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության և այլ գործընկերների աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ունի խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորությունը մեր հասարակությունում և փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, մասնավորապես ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելն ամոթ չէ, այլ նախեւառաջ, սեփական առողջության մասին հոգալու նշան է: Հետազոտությունն անանուն է, անվճար և գաղտնի: 

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 2013թ. մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1448 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին: Այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter