HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Եթե դատարանն իրեն թույլ է տալիս ապօրինություններ, ապա ես հրաժարվում եմ մասնակցել այս դատավարությանը»,-հայտարարեց փաստաբանը

Կարեն Եսայանի սպանության գործով հունիսի 26-ին կայացած դատական նիստի հենց սկզբում դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ դատարանը սանկցիա է կիրառել փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ՝ նախորդ դատական նիստին դահլիճից ապօրինի, առանց դատավորի թույլտվության հեռանալու համար: Լուսինե Սահակյանն ու փաստաբան Հունան Բաբայանը հունիսի 25-ին նիստերի դահլիճը լքել էին՝ մտադրություն ունենալով կանխել բացակայող 4 վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Փաստաբան Լուսինե Սահակյանի համոզմամբ, այն բոլոր վկաները, ովքեր չեն բացակայում հանրապետությունից, մահացած չեն, մտավոր հետամնացությամբ կամ որեւէ այլ հոգեկան հիվանդությամբ չեն տառապում, ի վիճակի են տեղաշարժվելու ինքնուրույն կամ որեւէ մեկի օգնությամբ, պարտադիր պետք է ներկայանան դատարան եւ հարցաքննվեն: Պաշտպանը հայտարարեց, որ տեղեկությունները, թե նախկին քաղաքապետը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում, չի համապատասխանում իրականությանը:

«Ես ձեզ հիմա կներկայացնեմ մի շարք լրատվամիջոցներում տեղադրված հրապարակումներ, որոնք ապացուցում են իմ խոսքերի իրավացիությունը: Հունիսի 19-ին Վարդան Ղուկասյանը ելույթ է ունեցել «Ցայգ» հեռուստաընկերությունով, իսկ հունիսի 24-ին ակտիվորեն մասնակցել եկեղեցու գմբեթում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Ստացիոնար բուժման մեջ գտնվողը, եթե ընդունակ է այսչափ ակտիվ գործունեություն ծավալելու, ապա կարող է նաեւ ներկայանալ դատարան»,-կարծիք հայտնեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դրական արտահայտվեց նաեւ մեղադրող կողմը: Դատախազ Արմեն Մարուխյանը եւս պնդեց, որ դատարանը լրացուցիչ հարցում կատարի՝ միջնորդությամբ ներկայացված փաստերի իսկությունը ճշտելու եւ միջոցներ ձեռք առնի բացակայող վկաների ներկայությունը դատական նիստերին ապահովելու համար: Դատարանը որոշեց ժամանակավորապես կասեցնել նախորդ նիստի ժամանակ ընդունած որոշման իրագործումը, այն է` հրապարակել բացակայող վկաներ Վարդան եւ Մանյա Ղուկասյանների, ինչպես նաեւ Անահիտ Նիկոլյանի ցուցմունքները:

Դատական նիստն առավել ռացիոնալ անցկացնելու նպատակով, դատավոր Մարտին Սարոյանը որոշեց անցնել ապացույցների հետազոտման փուլին: Հայտարարվեց ընդմիջում 15 րոպե, որի ընթացքում գործում առկա տեսաերիզների դիտում ապահովելու նպատակով պիտի նիստերի դահլիճ տեղափոխվեին որոշակի տեխնիկական միջոցներ: Նախքան ընդմիջումը դատավորի որոշման դեմ չառարկած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը, ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով, հայտարարեց, որ ինքը համաձայն չէ դատավորի որոշման հետ: «Ինչու՞ պիտի անցնենք ապացույցների հետազոտման փուլին, եթե ավարտված չէ վկաների հարցաքննությունը,-կարծիք հայտնեց Մելքոնյանը,-կամ ի՞նչ է նշանակում՝ մարդը մասնակցել է հրդեհի մարմանը: Կարող է էդ մարդն էնքան աստվածավախ է, որ իրա հիվանդությունը մի կողմ թողած՝ վազել է իրա եկեղեցու հրդեհը մարելու: Ես էլ լինեի, ոտքս էլ կոտրած` ես էլ կգնայի, եթե իմ եկեղեցին հրդեհվեր»:

Երբ վերջապես նիստը սկսվեց, դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ կես ժամ առաջ ընդունած որոշումը չեղյալ է համարում, եւ այսօրվա նիստին պիտի հրապարակվեն Անահիտ Նիկոլյանի եւ Մանյա Ղուկասյանի ցուցմունքերը, քանի որ ինքը միայն Վարդան Ղուկասյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումն է կասեցրել: Տպավորություն էր, որ դատավոր Մարտին Սարոյանն ինքն էլ չի կողմնորոշվում, թե իր ընդունած որոշումներից որ մեկն է առավել ռացիոնալը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն այս անգամ էլ որոշեց բոյկոտել դատարանի որոշումը: «Դուք առանց թույլտվության գնում եք ու թողնում ենք ձեր պաշտպանյալին առանց պաշտպանի՞»,- հարցրեց դատավորը: «Ես լիազորություն ունեմ պաշտպանելու իմ պաշտպանյալին, իսկ եթե դատարանն իրեն թույլ է տալիս ապօրինություններ, ապա ես հրաժարվում եմ մասնակցելու այս դատավարությանը»,-հայտարարեց Լուսինե Սահակյանն ու նստեց դահլիճում՝ նշելով, որ քրեական դատավարություն է եւ ինքը որպես դիտորդ կարող է մասնակցել դատական նիստին:

Հայտարարվեց ընդմիջում 30 րոպե: Դատական նիստը վերսկսվելուց հետո դատավորը հայտարարեց, որ փաստաբանն ապօրինի, առանց թույլտվության լքել է դատարանի դահլիճը, իսկ ամբաստանյալն առանց պաշտպանի չի ցանկանում իրականացնել իր պաշտպանությունը: Կարեն Եսայանի սպանության գործով ընթացող դատական նիստերից այս նիստը թվով 3-րդն էր, որի ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպանն, ի նշան անհամաձայնության դատավորի հրապարակած որոշումների, լքում է դահլիճը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին: Դատարանը հաշվի չառավ ամբաստանյալի հայտնած տեղեկությունը, որ իր շահերը պաշտպանող երեք փաստաբաններն էլ մինչեւ հուլիսի 9-ը զբաղված են եւ չեն կարողանալու մասնակցել հաջորդ երեքշաբթի եւ չորեքշաբթի նշանակված դատական նիստերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter