HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Այգում բացվելու է անվճար խաղահրապարակ, ոչ թե սրճարան, վստահեցնում է գործադիր տնօրենը

Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանդիպակաց մայթին գտնվող այգում տեղադրված մետաղյա կոնստրուկցիան ու ծածկը դառնալու են ոչ թե սրճարան, այլ անվճար խաղահրապարակ: Այս մասին «Հետքին» ասաց «Արարատ» թենիսի ակումբի գործադիր տնօրեն Արմեն Մելքումյանը՝ անդրադառնալով տարածքի մոտով հաճախ անցնող և այգու նստարաններից օգտվող այն մարդկանց կասկածներին, որ այգում կարող է ևս մեկ սրճարան բացվել:

Մետաղյա կոնստրուկցիան և ծածկերը տեղադրել է «Արարատ» թենիսի ակումբը:

«Մենք այդտեղ ունեցել ենք մինի-թենիսի խաղահրապարակ տարիներ շարունակ: Հիմա ուզում ենք էլի նմանատիպ բան կազմակերպել ու անվճար: Մենք սրճարան չենք սարքում»,- ասաց Արմեն Մելքումյանը: «Եթե ուզենայինք, կարող էինք սրճարան ունենալ. էսքան ժամանակ կանեինք»,- հավելեց նրա եղբայրը՝ Հայկ Մելքումյանը:

Դավիթ Մինասյանն ամեն օր անցնում է այգու մոտով: Նա ավարտել է ԵՊՀ-ն, և այգու նստարանները, որոնց վրա շատ է նստել, հիշողություններ են արթնացնում իր մեջ: Ասում է, որ ուսանող եղած ժամանակ երբ դասից փախչում էին, այդ այգին էին գնում:

Արմեն Մելքումյանի խոսքով՝ իրենք չեն պակասեցրել նստարանները, այլ պարզապես փոքր-ինչ տեղափոխել են և ավելացրել. նախկին 3 նստարանի փոխարեն այժմ 6-ն են տեղադրել այգում, ինչպես նաև բարեկարգել տարածքը, եղևնիներ ու թփեր տնկել, երեխաների համար սահարան տեղադրել:

«Արարատ» թենիսի ակումբը այգու անմիջական հարևանությամբ թենիսի 6 գործող դաշտ ունի և մեկ սրճարան, որն այս պահին վերանորոգվում է: Արմեն Մելքումյանն այգում մետաղյա կոնստրուկցիաներ ու ծածկ տեղադրելը բացատրում է նրանով, որ տարածքում հավաքվող մեծ թվով երեխաներին ու ծնողներին անհրաժեշտ է պաշտպանել արևից և այգու հիվանդ ծառերից կաթող «շիրայից»: Հայկ Մելքումյանը հավելում է, որ նոր խաղահրապարակում տեղադրվելիք մոնիտորների միջոցով ծնողները կկարողանան հետևել երեխաների մարզումներին:

Արմեն Մելքումյանը չնշեց՝ «Արարատ» թենիսի ակումբ հասարակական կազմակերպությունը տարածքը տնօրինում է վարձակալությա՞ն, թե՞ սեփականության իրավունքով, բայց կարծիք հայտեց, որ այգում սեփականության իրավունքով որևէ բան տնօրինել հնարավոր չէ:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչի համար է մետաղյա կոնստրուկցիաների կողքին տեղադրված տաղավարը, որը հիշեցնում է բարմենի տաղավար՝ Արմեն Մելքումյանն ասաց, որ այդ տաղավարը մի տեղից մյուսն է տեղափոխվում, և այդտեղ ևս չի մնալու: Իրենք այժմ վերանորոգվող սրճարանի մոտ մետաղադրամով աշխատող, ըմպելիքերի սառնարան են ունեցել, և տաղավարն էլ տեղափոխելու են սրճարանի մոտ:

Բացի այգու հարևանությամբ գտնվող այդ սրճարանից՝ հենց այգում գործում է «Լաբիրինթ» գարեջրատունը: Մի քանի տասնյակ մետր վերև և ներքև՝ Ալեք Մանուկյան փողոցի նույն մայթի երկայնքով, ևս մի քանի սրճարան կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter