HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարալեզու դպրոցների լույսն ու ստվերը

Արա Շիրինյան

Ռուսաստանցի հայ գործարարների մի խումբ ՀՀ կառավարության աջակցությամբ Դիլիջանում հիմնում է միջազգային դպրոց, որը հնարավորություն կտա արտերկրում բնակվող 12-18 տարեկան շուրջ 600 հայազգի (նաեւ օտարազգի) երեխաների Հայաստանում կրթություն ստանալ անգլերեն լեզվով: Շրջանավարտները կստանան IB (միջազգային բակալավրիատի) դիպլոմ, իսկ գիշերօթյա դպրոցի ուսման վարձը կկազմի տարեկան 30.000 դոլար: Ծրագրի նախաձեռնողները հավաստիացնում են, որ ուսանողների 30 տոկոսը կլինեն հայաստանցիներ, իսկ նրանց 70 տոկոսն էլ հնարավորություն կունենա սովորել անվճար: Ասվում է նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի սաների առջեւ բաց կլինեն աշխարհի լավագույն բուհերի դռները:  

ՀՀ կառավարությունն ու կրթության պատասխանատուները շտապեցին հայտնել, թե «արյան ու քրտինքի գնով» (Ա.Աշոտյան) արդյունք են տվել, եւ որ Դիլիջանի դպրոցն իր օրինակով կբարձրացնի Հայաստանում հանրակրթության որակը: Ապշել կարելի է, թե որտեղ է այստեղ պատճառահետեւանքային կապը: Դա նույնն է, թե բացել օտարալեզու գրքի գրախանութ եւ հայտարարել, որ հայերեն ըներցողների մակարդակը շուտով կբարձրանա: Հիշեցնենք, որ դրա համար փոփոխություն կատարվեց ՀՀ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում՝ թույլատրելով Հայաստանում օտարելեզու դպրոցների գործունեությունը, ինչը բողոքի ուժգին ալիք բարձրացրեց հատկապես մտավորականների շրջանում: 

Ընթերցողներիս, ովքեր արդեն պատրաստ են բանավիճել, թե որքան կարեւոր է օտար լեզուների իմացությունը, խնդրում եմ տեղափոխվել օդնոկլասնիկի.ռու ցանց եւ այնտեղ լիցքաթափվել, քանի որ մենք այստեղ խոսելու ենք Հայաստանի ներկայիս իշխանությունների անկախ պետություն կառավարելու կարողության, իսկ ավելի ճիշտ՝ անկարողության մասին: 

Առաջին բանը, որ աչքի է զարնում օտարալեզու դպրոցների այս պատմության մեջ, հարցի խեղաթյուրումն է: Ռուսահայերի զգալի մասը կարծում է, որ Հայաստանում ապրում են խավարամիտ եւ տգետ մտավորականներ, ովքեր չեն հասկանում ժամանակակից իրողությունները եւ դեմ են արտահայտվում առաջադեմ ծրագրերին, մինչդեռ կան իսկական հայեր՝ ռուսախոս, ովքեր ուզում են իրենց միջոցներով Դիլիջանում դպրոց կառուցել, բայց հանդիպում են տառականների դիմադրությանը: Անկեղծորեն ցավում եմ, որ գոյություն ունի այսպիսի թեթեւամիտ վերաբերմունք այս հարցի շուրջ: 

Մյուս խնդիրը Հայաստանի իշխանություններն են, որոնց կառավարման մշակույթը չի հանդուրժում հասարակական կարծիք ընդհանրապես եւ ոչ մի հարցում: Իշխանությունները մերժում են նույնիսկ իրենց ստեղծած կառույցի՝ Հանրային խորհրդի կարծիքը այս հարցում:  Մնում է միայն ենթադրել, որ օտարալեզու դպրոցներ բացելով, մեր կառավարությունը պարզապես կախվում է փրփուրներից, քանի որ տարիներ շարունակ ձախողել է կրթության ոլորտի բարեփոխումները եւ հիմա առաջնորդվում է «մի բան անենք, որ մի բան ըլնի» տրամաբանությամբ՝ կարծելով նաեւ, որ կրթության ոլորտում արմատավորված կոռուպցիան ինքն իրեն կվերանա, եթե հայկական դպրոցները դառնան ֆրանսիական լիցեյ, ռուսական վարժարան, անգլիական քոլեջ: Իսկապես, ո՞վ է ասել, թե այստեղ խառն է «Կրեմլի մատը կամ մասոնների ոտքը»... Ինքնահաստատվելու ցանկությունը եւ հոխորտալու առիթը լրիվ բավական էին այս հարցը մեջտեղ բերելու համար: 

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ է տալու Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանին: Նախ՝ ՄԲ (International Baccalaureate) դիպլոմի մասին: Միջազգային բակալավրիատի այս ծրագիրը, կրթության համընդհանուր չափորոշիչներ կիրառելուց բացի, ունի իր առաքելությունն ու նպատակը՝ «...ստեղծել ավելի լավ եւ համերաշխ աշխարհ՝ միջմշակութային փոխընկալման եւ հարգանքի միջոցով»: Ծրագիրը շեշտում է գլոբալացված աշխարհում տարբեր ազգությունների մասնագետների համագործակցության հնարավորությունը: Աշխարհի 145 երկրներում կան մոտ 3.600 միջազգային բակալավրիատի դիպլոմով դպրոցներ, որոնք գործնականում նախապատրաստում են դպրոցական երեխաներին միջազգային բուհերում սովորելու համար:  Եթե խորը մտածենք, ՄԲ դիպլոմը, ըստ էության, գլոբալ մարքետինգային հնարք է՝ զարգացած երկրների բուհերը վճարունակ երիտասարդներով համալրելու համար, քանի որ կրթությունը նույնպես բիզնես է:   Ի՞նչ է սա նշանակում 35 տոկոս աղքատություն ունեցող եւ անվճարունակ երկրի համար՝ ավելորդ է ասել: 

Միջազգային կրթական ծրագրերն ինքնին չեն պայմանավորում կրթության բարձր որակ: Օրինակ` Ռուսաստանում կա 18 դպրոց ՄԲ ծրագրով, որոնցից 10-ը պետական են: Այդուհանդերձ, դրանցից միայն մի քանիսն են հազիվ տեղ գտել Ռուսաստանի լավագույն դպրոցների ցանկում: 

ՄԲ դիպլոմը չի երաշխավորում նաեւ միջազգային բուհ ընդունվելը, առավել եւս՝ անվճար սովորելը:

Հայաստանում արդեն կա մի դպրոց՝ «Քվանտ» վարժարանը, որն անգլերեն ուսուցմամբ դասարաններ է բացել եւ այս տարի առաջին անգամ իրավունք ստացել ՄԲ դիպլոմներ հանձնել իր շրջանավարտներին: Նորություն չէ նաեւ, որ «Քվանտ» վարժարանի սաները մինչ այդ էլ առանձնացել են իրենց  գիտելիքներով, ընդ որում՝ հայերեն լեզվով ստացած գիտելիքներով: Հետեւաբար օտար լեզվով միջազգային ծրագրի դասվանդումը փաստորեն լրացուցիչ ծառայություն է (տարեկան 8.000 դոլար), որն օգնում է վարժարանի շրջանավարտներին արտերկրի բուհերում ուսումը շարունակել: Եւ իսկապես, վարժարանի ՄԲ դիպլոմով շրջանավարտները այս տարի հրավեր են ստացել սովորելու Կանադայի եւ Անգլիայի բուհերում (մի մասն առանց քննության), սակայն ոչ մեկին չի տրամադրվել կրթաթոշակ: Երիտասարդները կամ կվճարեն սովորելու համար, կամ էլ կդիմեն այլ բուհ, որը կրթաթոշակ կտրամադրի: Ուստի, անհեթեթություն է, երբ պետական պաշտոնյաները փորձում են օտարալեզու դպրոցների կանխատեսելի արդյունքը՝ արտերկիր սովորելու մեկնելը, ներկայացնել իբրեւ նվաճում, քանի որ դա, ըստ էության, այլընտրանքի բացակայություն է:  

Անկախությունից հետո Հայաստանում հայկական դպրոց ավարտած հարյուրավոր երիտասարդներ ամեն տարի դիմում եւ ընդունվում են միջազգային բուհեր, բայց շատերը չեն մեկնում սովորելու, քանի որ վճարունակ չեն:  Այդուհանդերձ, քննությունները փայլուն հանձնած հայ դիմորդներին այդ բուհերը հաճախ շնորհում են կրթաթոշակ կամ ուսման վարձ: Սա նույնպես բխում է համաշխարհային շուկայի կարիքներից, որի բաղկացուցիչ մասն է կազմում «ուղեղների արտահոսքը» աղքատ երկրներից դեպի հարուստ երկրներ, որտեղ գիտելիքահեն տնտեսություն ոչ թե խոստանում են, այլ արդեն կա: Անշուշտ, առանձին անհատների համար սա ազատ ընտրության եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն է, սակայն երկրի համար՝ անընդունելի եւ վտանգավոր հեռանկար: 

Այսքանից հետո, թերեւս, ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ի՞նչ է տանելու Դիլիջանի դպրոցը Հայաստանից: Խնդիրն այն չէ, որ ՀՀ կառավարության պահանջով Դիլիջանի միջազգային դպրոցը ստացավ հարկային եւ մաքսային արտոնություններ: Ի վերջո, ծրագիրն իսկապես բարեգործական է, եւ նախաձեռնողներն առաջնորդվում են Հայաստանի համար մի լավ բան անելու ազնիվ մղումով: Խնդիրն այն չէ նաեւ, որ դպրոցի հայազգի շրջանավարտները կմեկնեն արտերկիր ուսումը շարունակելու, եւ դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի ընդունվել, ասենք, Հայաստանի մանկավարժական համալսարան, որպեսզի հետո դասավանդի հայկական դպրոցում:  Դիլիջանի դպրոցի հիմնական շահառուներն ամենայն հավանականությամբ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր 5-6 տարի կապրեն պատմական հայրենիքում, կսովորեն հայերեն կարդալ-գրել եւ կրկին կմեկնեն այլ երկրներ: Խնդիրն այն է, որ Դիլիջանի դպրոցի օրինակը դառնում է կրթության ոլորտի պետական քաղաքականության ուղենիշ եւ գործելակերպ, որոնք աղավաղում են Հայաստանում ապրող սերունդների` սեփական լեզվով որակյալ կրթություն ստանալու հեռանկարը: Օտարալեզու դպրոցներ բացելով` պետությունը ոչ միայն խրախուսում է հայերիս աշխարհով մեկ սփռվելու կարողությունը, այլեւ փակում է հայերեն լեզվով համաշխարհային գիտելիք յուրացնելու ճանապարհները: Այս տեսքով եւ այսօրվա պայմաններում միջազգային կրթական ծրագրերը շուտով դուրս են մղելու մասնագիտական հայոց լեզուն եւ հայագիտությունը՝ լայն իմաստով: 

Քանի դեռ Հայաստան բերվող միջազգային կրթական ծրագրերը չեն դասավանդվում հայերեն լեզվով եւ մատչելի չեն հանրակրթական բոլոր դպրոցներում, դրանք կլինեն սոցիալական բեւեռացման եւ արտագաղթի աղբյուր՝ հնարավորություն տալով օտարներին շահագործել մեր մարդուժը:  Ցավում եմ, բայց իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ պետական քաղաքականության կարգավիճակ ստացած օտարամոլությունը վկայում է սնանկ պետության մասին եւ թույլ է տալիս աշխարհին կասկածի տակ առնել հայոց ինքնուրույն պետականության նպատակահարմարությունը: 

Մեկնաբանություններ (2)

david
Հազար հատ էլ դպրոց բացեն, մեկ է գենետիկ դպրոցի աշակերտ են մնալու;Գլուխ չունեցող ծածկաթերթիկն է սովորելու և մարզպետ կամ նախագահ կարգվելու; Գողերի օվշորադպրոցը կարդարացներ մաղ ծախողների և ասեղ մաշկողների արժեհամակարգի հույսերը;Չի գործի դպրոցը, երբեք...
Արա
Ավելի քան համոզված եմ, Դիլիջանի դպրոցում 3-5 տարի հետո հիմնականում սովորելու են հայաստանցի եւ ռուսահայ օլիգարխների զավակները: Ոչ մի արտասահմանցի 30.000 դոլար չի վճարի Հայաստանում սովորելու համար: Աշխարհում լավագույնը համարվող Լոնդոնի բիզնես-դպրոցի տարեկան վարձը կազմում է 22.000 դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter