HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հրաչ Մուրադյանի սպանությունը այն վերջին օղակն էր կատարված հանցագործությունների, որոնք ուղղված էին նրա անձի, գույքի, մերձավորների դեմ»

«Հրաչ Մուրադյանի սպանությունը այն վերջին օղակն էր կատարված հանցագործությունների, որոնք ուղղված էին նրա անձի, գույքի, մերձավորների դեմ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Պռոշյանի սպանված գյուղապետի իրավահաջորդի՝ նրա եղբոր՝ Արշակ Մուրադյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Փաստաբանը շեշտեց, որ 2010 թ. գիշերվա ժամը 4-ին հրդեհել են Հ. Մուրադյանին պատկանող ֆերմայի խոտի դեզը: Հրշեջները դեպքի վայր ժամանալուց հետո նշել են, որ հրդեհը միտումնավոր բնույթ է կրում, քանի որ դեզը հոսանքից հեռու էր, կայծակ էլ չի եղել: Փաստաբանը նշեց, որ այդ գործով նյութերն անհետեւանք են մնացել, սակայն այժմ նախաքննական մարմինը պետք է պահանջի դրանք, որոնք, ըստ Առուստամյանի, կապ ունեն վերջին դեպքի հետ:

Նույն 2010-ին փորձել են առեւանգել Հրաչ Մուրադյանի եղբոր տղային հենց գյուղապետի տան բակից: Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո համայնքի ղեկավարը գնացել է՝ պարզելու, թե ինչ եւ ինչու է կատարվել: Ըստ փաստաբանի՝ կրակել են Մուրադյանի մեքենային եւ նրա եղբորորդու ուղղությամբ: «Որոշ անձինք ցուցմունք են տվել, որ Մուրադյանն ինքն է կրակել իր մեքենայի վրա, որպեսզի հանցագործության պատրանք ստեղծի: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հրաչ Մուրադյանին, նույնիսկ փորձել են նրան կալանավորել, սակայն խափանման այդ միջոցը չի ընտրվել: Այս գործը հետագայում նույնպես կարճվել է: Սրան հաջորդել է 2012-ի գյուղապետի ընտրություններից հետո կատարված խուլիգանությունը, երբ ընտրվելուց հետո կազմակերպված արարողության ժամանակ նրան դուրս են կանչել, ու տեղի է ունեցել հասարակական կարգի խախտում: Այս գործն էլ էր փակվել, բայց վերջին դեպքից հետո դրա վարույթը վերաբացվել է»,- ներկայացրեց փաստաբան Առուստամյանը:

Պաշտպանը շեշտեց, որ իրենց կողմը դեմ է Քր.դատ.օր.-ի դրույթների խախտումներով ձեռք բերված ապացույցների կիրառմանը, եւ հակված չեն նրան, որ պատասխան տա հանցանքը չկատարած անձը, սակայն եթե նախաքննությունն իրականացնող մարմինը կալանքի տակ է պահում տվյալ անձին (Արայիկ Պետրոսյանին), ուրեմն ինքը կարող է ասել, որ կան որոշակի փաստեր, ապացույցներ, որոնց հիման վրա առաջադրվել է մեղադրանքն ու կիրառվել է կալանքը:

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանն էլ նշեց, որ մտահոգություն կա, որպեսզի անմեղ մարդիկ չդատապարտվեն: «Ես կողմ կլինեի, որ Վահե Ավետյանի, Բուդաղյանների եւ այս գործով մեծ շարժում սկսվեր»,- հայտնեց բանախոսը:      

Լուս.՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Հայաստանը լքում են շատերը: Ընդունված է կարծել որ դա միայն տնտեսական ոչ բարվոք վիճակով է պայմանավորված: Վստահորեն կարծում եմ որ այդպես չէ: Եթե լավ հետաքրքրվեք, ապա կտեսնեք որ բարվոք ապրողներն էլ են գնում, եւ ոչ միայն չքավորները: Այդ նրանք են, որ արդեն ԶԶՎԵԼ ԵՆ իրենց միջավայրից ու փախչում են ինչպես ժանտախտից: Ինչպես կարող է ինքն իրեն հարգող, նորմալ մարդը համակերպվել եւ ապրել ,,հարազատ հայրենիք,, անվանվող մի վայրում, որտեղ բացահայտ ու անպատիժ սպանում ու ստորացնում են քեզ նմաններին, եւ նույնիսկ քեզնից արժանավորներին ու կարողներին? Իսկ ուրիշ ինչ պիտի անի այն մարդը, ով ինքը ի վիճակի չէ մասնակցելու այսպիսի ստորակարգ, ամոթալի ու արյունոտ ինքնահաստատման մրցակցությանը (ֆիզիկապես, բարոյապես կամ նյութապես)? Իմ կարծիքով այս է դարերից եկող մեր անհաջողությունների հիմնական բացատրությունը, եւ հարկավոր չէ մեղքը նետել միայն արտաքին ոսոխներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter