HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Ֆրանսիական կինոյի լեգենդը` Ֆանի Արդանը կինոյի, գեղեցկության, սիրո մասին (վիդեո)

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը փառատոնի նախագահի խոսքերով աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Ֆրանսիացի հայտնի դերասանուհին Հայաստանում է գտնվելու ընդամենը երկու օր: Այսօր նա «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է ունեցել իր երկրպագուների, ինչպես նաեւ լրագրողների հետ:

Ֆանի Արդանին գեղեցկության եւ կանացիության, ինչպես նաեւ ֆրանսիական կինոյի խորհրդանիշ է: Դերասանուհին նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում: Այնուամենայնիվ, փառատոնին նա կներկայանա իր նկարահանած երկու ֆիլմերով` «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ «Բացակա երազներ»:

Ֆանի Արդանը ճիշտ է համարում այն կարծիքը, որ կինոն տղամարդկանց աշխարհ է։ Բայց տղամարդկանց աշխարհ լինելուց ավելի, դա էներգիայի, էնտուզիազմի աշխարհ է: «Ի վերջո, մտածում ես, որ դա ո՜չ կանանց, ո՜չ էլ տղամարդկանց աշխարհ է, այլ կրքոտ, եռանդուն, ուժեղ, մեծ էներգիա ունեցող մարդկանց: Եթե ձեզ ասում են, որ դու կին ես, ռեժիսոր լինել չես կարողանա, չպիտի լսես իրենց»,- ասում է նա:

Դերասանուհին առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1974-ին Կոռնեյլի «Պոլիկտեսի» բեմադրության մեջ: Առաջին ճանաչումը Արդանին բերել է «Հարեւանուհիները» հեռուստադրաման: Քիչ անց սկիզբ է առել նրա ծանոթությունը Ֆրանսուա Տրյուֆոյի հետ: Այդ ծանոթությունը հանգեցրեց «Հարեւանուհին» եւ «Կիրակին շուտ գար» աշխարհահռչակ ֆիլմերի ստեղծմանը: Այդ ծանոթությունը վերածվում է սիրավեպի, որը շարունակվեց մինչեւ ռեժիսորի մահը եւ ծնունդ տվեց նրանց դստերը` Ժոզեֆինին: Երկու ֆիլմերի համար Արդանը«լավագույն դերասանուհի» անվանակարգով ներկայացվեց «Սեզար» մրցանակի:

«Միայն հայտնի ռեժիսորները չեն, որ ինձ ինչ-որ բան են տվել: Առաջինը ամենակարեւորն էր, որովհետեւ ինձ վստահեց Ֆրանսուա Տրյուֆոն»,- ասում է նա:  

Ֆանի Արդանը «Սեզարի»` որպես լավագույն դերասանուհի արժանացավ Գաբրիել Ագիոնի «Իրիկնային հագուստ» կատակերգության մեջ իր կոմիկական մարմնավորման համար:

Ֆանի Արդանը մեծ կինո է եկել թատրոնից եւ այժմ էլ կանոնավոր կերպով խաղում է թատրոնում: Նա կարծում է, որ թատրոնը մաքրում է դերասանի արյունը: «Թատրոնը վայրի է, եւ ամեն երկու-երեք տարին մեկ ես վերադառնում եմ թատրոն: Երբեմն հաջողություն եմ ունենում, երբեմն հաջողություն չեմ ունենում»,- ասում է նա:

Ֆանի Արդանը հիանալի կերպով մարմնավորել է օպերային աստղ Մարիա Կալլասին Ռոման Պոլանսկու «Վարպետության դասեր» ներկայացման մեջ եւ Ֆրանկո Զեֆֆիրելլիի «Ընդմիշտ Կալլաս» կինոնկարում:

«Ես շատ եմ սիրել Կալլասին: Ես կարծում եմ, որ նա օրինակ է ցանկացած դերասանուհու համար: Չէի փորձում նրան փաստագրորեն ներկայացնել, այլ որպես մեկի, ով ապրելու ցանկություն է տալիս»,- ասում է նա:

Ի սկզբանե Ֆանի Արդանին համբավ էր բերել իր գեղեցկությունը, բայց ժամանակի ընթացքում դերասանական վարպետությունը Արդանին դարձրեց Ֆրանսիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը:

Դերասանուհին կարծում է, որ կյանքում ամենակարեւոր բանը սերն է: «Ես միշտ սիրով եմ արել իմ գործը: Եթե ինչ-որ բան ինձ դուր չէր գալիս, չէի անում: Ես սիրել եմ իմ ծնողներին, տղամարդկանց, երեխաներիս: Կամ սեր ունես եւ ապրում ես, կամ սեր չունես, եւ սպասում ես սիրո: Սիրուն սպասելն էլ է սեր: Էդիտ Պիաֆն էր ասում, որ առանց սիրո մենք ոչինչ ենք»,- ասում է Արդանը:

«Ես չեմ պայքարել կանանց եւ տղամարդկանց հավասարության համար, ես պայքարել եմ ազատության համար: Ազատությունը հավասարություն չէ: Ես երբեք չեմ ցանկացել տղամարդկանցից գերակա կամ ստորակարգ համարել ինձ: Ես ցանկացել եմ ազատ լինել եւ պայքարել եմ ազատության համար: Ամեն կին իր առանձնահուկ պատմությունը ունի եւ իր մոտեցումները»,- ասում է դերասանուհին:

Այն հարցին, թե արդյոք համապատասխանում են լուրերը, որ նա հայկական արմատներ ունի, դերասանուհին հրաժարվեց պատասխանել` ասելով, թե դա ընտանեկան գաղտնիք է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter