HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է (վիդեո)

Հուլիսի 10-ի երեկոյան մեկնարկեց «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնը: Կինոփառատոնը երեւանյան շոգ ամառվա անբաժան մասն է դարձել: Այս տարի անակնկալ անձրեւը չվախեցրեց հավաքված կինոսեր հասարակությանը` դիմավորելու փառատոնի մասնակիցներին: Փառատոնի հյուրերը, ինչպես եւ ամեն տարի, հանդիսականների եւ երկրպագուների առջեւ անցան հանդիսավոր կարմիր գորգի վրայով:

7 օրերի ընթացքում կինոսեր հասարակությունը հնարավորություն ունի դիտելու ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում եւ վաստակ ունեցող ռեժիսորների ֆիլմերը: Թերեւս Երեւանում այսօր կա միայն մեկ կինոթատրոն, այնուամենայնիվ ֆիլմերի ցուցադրության համար տարածքներ են հատկացվել «Նաիրի» կինոթատրոնում, Տիկնիկային թատրոնում, Մոսկվայի տանը, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Փառատոնի ընթացքում լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում: Փառատոնի գլխավոր հովանավորը կրկին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է:

Բացման արարողության ժամանակ Ֆանի Արդանին շնորհվեց փառատոնի գլխավոր՝ Փարաջանովի անվան մրցանակը կինոյում ունեցած իր վաստակի համար:

Փառատոնի մեկնարկը տրվեց իրանական կինոյի ճանաչված անուն ունեցող Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով, որի գլխավոր դերակատարուհի Ժուլիետ Բինոշը Կաննում ստացել է մրցանակ լավագույն դերի համար:

8-րդ կինոփառատոնին մասնակցում է 57 երկիր` ներկայացնելով 600 ֆիլմի հայտ: 

Այս տարի ևս փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված են խաղարկային ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը և վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը: Այս ծրագրերում կներառվի աշխարհի տարբեր երկրների` վերջին 2 տարվա ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին: Այս տարի ևս «Ոսկե ծիրանում» ընդգրկվել է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագիրը, որում կներառվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայազգի կինոգործիչների ստեղծած լավագույն ֆիլմերը:

Առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը:

8-րդ փառատոնին ավելացել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթը` «Կորիզ» խորագրով:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի հայազգի ակնառու կինոգործիչների հոբելյաններին. Ռոման Բալայան-70, Էդմոնդ Քյոսայան-75, Դմիտրի Կեսայանց-80:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter