HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սվարանցը բանկերի համար «հռչակվել է» անվստահելի ու ոչ ցանկալի գործընկեր

«Մենք վստահ էինք, որ իրենք տեղյակ են եղել մեր մարումներից: Մենք վարկի թե տոկոսները, հետո էլ մայր գումարը պարտաճանաչ մարել ենք, բայց անցել է դրանից 2 տարի ու «Սեֆ ինտերնեշնըլ» վարկային կազմակերպությունը գումարի պահանջով մեզ դատի է տվել: Հիմա մենք դատական քաշքշուկների մեջ ենք ու դրա պատճառով չկարողացանք օգտվել կառավարության` աղքատ համայնքներին տրվող սուբսիդավորված վարկերից»,- ասում է Սվարանցի համայնքապետ Արթուր Մարգարյանը:

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Սվարանց համայնքն ընդգրկված է եղել այն աղքատ գյուղերի ցանկում, որոնք կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը պիտի ստանային տարեկան 8% տոկոսադրույքով, իսկ 6%-ը պիտի վճարեր պետությունը: Արդեն մի քանի տարի ձգձգվող ու հանգուցալուծման չհասած վարկային մի պատմության պատճառով Սվարանցը բանկերի համար «հռչակվել է» անվստահելի ու ոչ ցանկալի գործընկեր:

Ծովի մակերեւույթից 1750 մ բարձրության վրա գտնվող այս գյուղը արտագաղթը գրեթե դատարկել է` 208 բնակիչ, որոնք չեն հեռացել ոչ թե նրա համար, որ շատ են սիրում բնակավայրը, այլ որ գումար ու գնալու տեղ չունեն: Հիմնական զբաղմունքը անասնապությունն է` առկա արոտավայրերն ու խոտհարքները այդ հնարավորությունն ընձեռում են, սակայն  մարդկանց առաջ կրկին ծառանում է պակասող գումարի խնդիրը: Սվարանցեցիները վարկային կազմակերպություններից վարկեր վերցրել են, բայց քանի որ մշտապես գրավի խնդիր կա, այդ գումարները չեն գերազանցել 1մլն դրամը:

«Մեր գյուղի տներին գին չեն տալիս: Ես իմ տունն, ասենք, գնահատում եմ 50 հազար դոլար, բայց բանկը գին չի տալիս գյուղական տներին: Ու եթե ճշմարտության աչքերին նայենք, 50 հազար արժեն գյուղի սաղ տներն իրար հետ,- անդրադառնալով գրավին` նկատում է սվարանցեցի Նվեր Վարդանյանը,- դրա համար էլ, ճիշտ է, մենք լավ արոտավայրեր ունենք, բայց անասնապահությանը զարկ տալու համար մեծ գումարներ չենք կարողանում վերցնել` ամենաշատը 300 կամ 500 հազար դրամ»:

Վարկային կազմակերպությունների համար «անվստահելի» համարվող Սվարանցում, համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանի համոզմամբ, ավելի շատ խաբված վարկառուներն են, քան բանկերին խաբողները: 2005 թ. «Սեֆ ինտերնեշնըլ» վարկային կազմակերպությունից անձամբ ինքը վարկ է վերցրել 1 մլն 500 հազար դրամ եւ, ինչպես հավաստիացնում է, դեռեւս 2006 թ. հոկտեմբերին պարտաճանաչ մարել տոկոսներն ու մայր գումարը:

2,5 տարի անց Արթուր Մարգարյանն ու Սվարանցի մնացած վարկառուները դատարան ներկայանալու ծանուցագիր են ստացել: «Սեֆ ինտերնեշնլ» վարկային կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով` պատճառաբանությամբ, թե տվյալ վարկառուները չեն մարել վերցրած վարկի մայր գումարը:

Սվարանցեցի Անդրանիկ Ծատրյանը եւս ներքաշված է այդ պատմության մեջ: «Կոպեկ-կոպեկ, ամեն ամիս իրա ժամին տվել ենք տոկոսները, բայց վերջումը էս վիճակն է ընկել,- ասում է Անդրանիկ Ծատրյանը,- մայր գումարն էլ երկու օր շուտ եմ փակել: Էս կազմակերպությունն էն ձեւի էր, որ դաժե եղել է` մեկ օր ուշացրել ենք, տոկոս են վրեքս աշխատացրել, 1500 դրամ մեկից գանձել են: Ով որ մեր գումարները հավաքել է, էդ մարդը` Նաիրի Շալունցը, հիմի նստած է: Նաիրին դաժե ասել է, որ ինքը վերցրել է գումարները: Փոխանակ էդ մարդուց գումարները գանձեն, բանկը նորից մեզ է դատի տվել, թե` փողերս չեք տվել: Մենակ մենք չենք, է~, 98 հոգի կա էս գործի մեջ քաշված: Հետո` դժվար թե մենակ Շալունցի ձեռքի գործ ըլնի սա, պարզվումա` իրան էլ են կեղծ կնիքով չեկեր տվել: 78 մլն դրամից են խոսում, բայց կարա՞ր էդ մարդն էդքան մենակով յուրացներ, ի՞նչ ա, իրա պետը չի՞ իմացել` ինչա կատարվում: Բայց ես մենակ էն գիտեմ, որ մեզ դեռ դատարան են կանչում: Ու մենակ մեզ չէ, հարեւան գյուղերից էլ»:

«Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից ստեղծված եւ Սյունիքի մարզում գործունեություն ծավալող «Սեֆ ինտերնեշնըլ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործառույթները չեն տարբերվում Հայաստանում գործող մնացած նույնատիպ կազմակերպություններից` կարճաժամկետ վարկեր, բարձր տոկոսադրույքներ, ուշացումների համար համապատասխան տույժ ու տուգանքներ:

Կազմակերպությունը սկզբնական շրջանում տրամադրել է գյուղատնտեսական վարկեր գյուղական համայնքներին: Հետագայում ընդգրկվել է նաեւ Գորիս քաղաքը: 18-ից մինչեւ 24% տոկոսադրույքով վարկերը տրամադրվել են 17 ամիս մարման ժամկետով:

Սովորաբար, բանկերը կամ վարկային կազմակերպությունները պարտավորությունները չկատարած վարկառուի նկատմամբ զիջումներ կատարում են առավելագույնը 3 ամսվա կտրվածքով: Երեւութականություն է ստեղծվում, թե բանկը լավության կարգով հնարավորություն է ընձեռում պարտք մնացած վարկառուին գումար հայթայթելու ու վարկը մարելու: Այդ ընթացքում տույժն ու տուգանքն աշխատում են:

Երեք ամիս համբերելուց հետո բանկը, այնուամենայնիվ, վարկառուին դատի է տալիս: Բազմաթիվ դատական գործեր հենց սա են փաստում: Սակայն դեպք, որ վարկային կազմակերպությունն իր պարտատերերի մասին հիշեր միայն վարկային պարտավորության ժամկետից գրեթե երեք տարի անց, դեռ չէր եղել: Սվարանցեցիները եւս արդարացիորեն նույն հարցն են տալիս: Եթե իրենք, իրոք, չեն փակել վարկը, ապա ինչու՞ են այդ մասին հիշում ոչ թե հաջորդ օրը, այլ տարիներ անց:

Դատական գործեր հարուցելով` «Սեֆ ինտերնեշընըլ»-ը նախկին վարկառուներից պահանջում է ոչ միայն կազմակերպությանը իբրեւ թե պարտք մնացած մայր գումարները, այլեւ 2,5 տարիների ընթացքում կուտակված տոկոսները:

2009 թ. կազմակերպության Գորիսի աշխատակից Նաիրի Շալունցը գումարների շորթման մեղադրանքով դատապարտվել է ու երկու տարի է` կրում է իր պատիժը: Նաիրին մեղքն ընդունել է: Գորիսցի պաշտոնյաներից մեկը պատմեց, որ կազմակերպությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով վերջինս վաճառել է տունը, բացօթյա սրճարանը եւ մեքենան: Ըստ երեւույթին, պարտքն ամբողջությամբ չի փակել, եւ բանկը որոշել է կորցրած գումարները վերադարձնել գյուղացիներից` վարկի կրկնակի մարման պահանջով դատարան հայց ներկայացնելով:

Այս պատմության մեջ հայտնված վարկառուներից առավել տուժել են նրանք, ովքեր ունեն կայուն աշխատանք: Նրանց հաշիվների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել եւ բռնագանձում տարածվել, քանի որ Գորիսի առաջին ատյանի դատարանը կազմակերպության հայցը մասնակի է բավարարել:

«Էսօր որ մեր համայնքի բնակիչները չեն կարողանում էդ էժան վարկերից օգտվեն, պատճառը էս պատմությունն է: Մեր գյուղից Լեռնիկը Վարդանյան, Սպարտակը Մարության, Պատվականը Պատվականյան եւ այլք, դիմել են եւ մերժվել, քանի որ Սվարանցը համարվում է ոչ հուսալի պարտնյոր, ես ինքս դիմել եմ, մերժվել եմ: Մենք դիմել ենք կառավարությանը, Կենտրոնական բանկին` ինչ սկսվել է էս քաշքշուկը, որ ընդառաջեն, խնդիրը լուծվի, բայց ոչ մի տեղաշարժ չկա,- ասում է Սվարանցի համայնքապետը,- ում որ մենք գումարները տվել ենք, այդ մարդուն արդեն դատել են: Մեր դատերին ինքը եղել է, ասել է, որ գումարները ստացել է մեզնից ու չի մուտքագրել, բայց հաշվի առնող չկա: Ես էսօր աշխատում եմ, բայց աշխատավարձս չի հերիքում դատական քաշքշուկներին մասնակցելու համար: Տո Կապան են կանչում, տո` Երեւան, տո` Գորիս: Մինչեւ հիմա էս գործը ավարտված չէ»:

Մեկնաբանություններ (2)

Սիլվա Հակոբյամ
Կարծում եմ,սա ստորության ու կազմակերպված զեղծարարության դասական օրինակ է:Հարգելի սվարանցիներ, մի հանձնվեք,պայքարեք ձեր իրավունքների համար:Վերջապես էս անտեր երկրում արդարությունը պիտի հաղթի,թե ոչ:Տեսնես վորլդ վիժն կոչվածը չի տեսնում ,թե ինչա կատարվում,թե բոլորը նախընտրում են ջայլամի քաղաքականությունը:Հեշտ չէ արդար քրտինքով վաստակածը հափշտակել,հատկապես մարսել:
Varaz Syuni (Amsterdam)
Nayek nkari grasenyakin (yerevi gyuxapetarann e). Nkarn arden AMEN INCH e asum: patery KANDVATS, Noyi tvi mi sexan, arants hamakargchi. Nuynisk ator el chka vor ayd tarets kiny nsti?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter