HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Նորվան արք. Զաքարյանի հրաժարականը հուզել է Սփյուռքին

Հուլիսի 3-ին ֆրանսահայ www.armenews.com լրատվական կայքը հաղորդում տարածեց Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Գարեգին Բ կաթողիկոսին ուղղած հրաժարականի դիմումի մասին, որի պատճառը, լրատվամիջոցի համաձայն, վերջինիս հետ ունեցած լարված հարաբերություններն էին` կապված Նիցցայի նախկին ծխական քահանա հայր Վաչեի հետ:

Լուրը մեծ իրարանցում առաջացրեց Ֆրանսիայի հայկական համայնքում, որն առանձնակի հարգանք է տածում Թեմի առաջնորդի նկատմամբ: Նորվան Զաքարյանի նման քայլը անհասկանալի էր թվում, թեեւ նրա՝ Էջմիածնի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին շշուկներ միշտ էլ պտտվում էին:  

Մինչ որոշ ուժեր զգուշանալով սպասում էին դեպքերի զարգացմանը՝ հուսալով, որ հրաժարականի մասին դիմումը չի ընդունվի, իսկ Թեմական խորհրդի եւ պատգամավորական ժողովի ատենապետերը նամակով դիմեցին Գարեգին Բ. կաթողիկոսին՝ խնդրելով չեղյալ համարել Ն. Զաքարյանի դիմումը, «Նոր Յառաջ» օրաթերթում հուլիսի 13-ին հրատարակվեց թեմի առաջնորդի նամակը:  

Նամակի բովանդակությունից («Ատենէ մը ի վեր նկատած եմ որ զիս վիրաւորելն ու վարկաբեկելը Ձեր հաճոյքը դարձած է: ...  Դուք չէք անդրադառնար գուցէ, թէ մարդոց արժանապատւութիւնը կը ճզմէք ձեր ոտքին տակ»:) եւ մանավանդ դրա հրատարակումից պարզ էր, որ թեմի առաջնորդի որոշումը վերջնական է:

Նորվան Արք. Զաքարյանն ինքը ֆրանսահայ «Այբ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում իր որոշումը հիմնականում կապեց Նիցցայի հայկական եկեղեցու նախկին քահանա հայր Վաչեի հարցում կաթողիկոսի հետ ունեցած անհամաձայնության հետ: Հիշեցնենք, որ  հայր Վաչե Հայրապետյանը ֆրանսիական արդարադատության կողմից դատապարտված է «անձի նկատմամբ բռնություն գործածելու» հոդվածով, եւ, ըստ www.armenews.com լրատվական կայքի տեղեկատվության, վերջինիս արգելված է Նիցցայի շրջան մուտք գործել: Այս համատեքստում է, որ վերջինս հաստատվել է Ստրասբուրգ քաղաքում, որտեղ քահանայություն անելուց բացի՝ ընտանիքին պահելու համար պահակությամբ է զբաղվում: Այս հանգամանքն էլ, ըստ երեւույթին, Կաթողիկոսի «բարկության» պատճառն է եղել: Իր նամակում Նորվան Արք. Զաքարյանը հիշում է. «Շառլ Տը Կօլ օդակայանի VIP-ի սրահին մէջ, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարար Պարոն Էտուար Նալպանտեանի, Ազգային ժողովի Նախագահ Պարոն Յովիկ Աբրահամեանի, Դեսպան Պարոն Վիգէն Չիտեչեանի եւ եկեղեցական ու աշխարհական այլ անձերու ներկայութեան, հետեւեալ բառերով Ձեր յանկարծական յարձակումը վրաս, սարսափ պատճառեց.- «Եթէ, Տէր Վաչէ Քահանայ Հայրապետեանը մինչեւ 1 Յուլիս 2013 չազատէք պահակութեան պաշտօնէն եւ թէ Թեմը ամսական չտայ անոր, Մայր Աթոռի հետ դու գործ չունես այլեւս»: Պահ մը այլայլած ստուգել ուզեցի լսածս եւ կրկնեցիք.- «Այո, դու Մայր Աթոռի հետ գործ չունես այլեւս»: Նախորդ օրը արդէն շշմած էի երբ ըսիք.- «…Վաչէ քահանային սքեմը, իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ»»:    

Թեեւ հայր Վաչեի խնդիրը հանդիսացավ հրաժարականի մասին նամակի հիմնական դրդապատճառը (համենայնդեպս այդպես է ներկայացվում), սակայն տարաձայնություններն ու լարված հարաբերությունները առավել խորը արմատներ ունեն:   

Ֆրանսիայի հայկական համայնքի տարբեր ուժեր հանդես եկան հաղորդագրություններով՝ իրենց մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ահազանգ տեսնելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, մանավանդ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

Նորվան Արք. Զաքարյանը հրաժարվեց ՀԵՏՔ-ին հարցազրույց տալ՝ նշելով, որ իր ասելիքները հրապարակված են:

Թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանը, ով համաձայնեց պատասխանել մեր հարցերին, խիստ չեզոք եւ զգույշ գտնվեց պատասխաններում՝ նշելով, որ Նորվան Սրբազանը կտրականապես հրաժարվում է հետ վերցնել իր դիմումը, իսկ իրենք՝ որպես թեմական խորհրդի անդամներ, պարտավոր են ապահովել կառույցի շարունակելիությունը: Այն հարցին, թե Ն. Զաքարյանը խոսում է իրեն «վիրավորելու, վարկաբեկելու, արժանապատվությունը ճզմելու» մասին, արդյոք թեմական խորհուրդը փակելու է աչքերը ասվածի վրա, Պ. Ճոլոլյանը նշեց, որ այդ հարցին պաշտոնապես դեռ չեն արձագանքել, բայց այն անպայման կքննարկվի թեմական ժողովի ընթացքում: Թեմական խորհրդի ատենապետը ափսոսանքով նշեց նաեւ, որ հարցն այսօր որոշ ուժերի կողմից քաղաքականացվում է եւ շահարկվում:      

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ճոլոլյանի հարցազրույցը:

Հայկական լրատվամիջոցներում բազմիցս անդրադարձ եղավ Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականին: Սրբազանի նամակի հրապարակումից հետո դրդապատճառները առավել քան պարզ են: Բայց կցանկանայի, որ մեկ անգամ եւս անդրադառնանք այդ կարեւոր որոշմանը: Ի՞նչը Նորվան Զաքարյանին դրդեց նման քայլի:

Նկատի ունենալով այն, որ Նորվան Սրբազանը արդեն իսկ բացատրություններ է տվել վերոնշյալ հարցի հետ կապված, ես զերծ եմ մնում ավելին ասելուց: Դրդապատճառներն ու որոշումն իրենն էին:

Էջմիածինն ընդունե՞լ է դիմումը:

Դիմումը ոչ ընդունվել է եւ ոչ էլ մերժվել: Այն պետք է ուսումնասիրվի Գերագույն Հոգեւոր Խորհրդի առաջիկա նիստի ընթացքում:

Հրաժարականից հետո Թեմական խորհրդի եւ պատգամավորական ժողովի առաջին քայլը կաթողիկոսին դիմելն էր, որպեսզի վերջինս անվավեր ճանաչի հրաժարականի մասին դիմումը: Այսօր թվում է, թե Դուք համակերպվել եք իրավիճակի հետ: Ինչպիսի՞ն է մթնոլորտը խորհրդում:

Այս նորությունը շատ վշտացրեց Թեմական Խորհրդի անդամներին, եւ մենք, բնականաբար, կաթողիկոսին խնդրեցինք չեղյալ համարել Նորվան Սրբազանի հրաժարականի մասին դիմումը: Կաթողիկոսը պատասխանեց, որ եթե Նորվան Սրբազանը ցանկանա վերանայել իր որոշումը, ինքը դրանում ոչ մի առարկություն չի տեսնում:  

Նորվան Սրբազանը բազմիցս հաստատեց, որ իր որոշումը վերջնական է: Մենք դա հիմք ընդունեցինք, իսկ որպես հաստատության (թեմական խորհրդի) ղեկավարներ՝ կանոնադրության համաձայն մենք պարտավոր ենք ապահովել դրա շարունակելիությունը:

Հաճախ խոսվել է եկեղեցու կառավարման խնդրի մասին: Արդյոք անձի փոփոխությամբ հնարավո՞ր կլինի լուծել առկա խնդիրը:

Ֆրանսիայի թեմը ստեղծվել է մի քանի տարի առաջ: Թեմը կառավարելու ծանր պատասխանատվությունը դրված էր առաջնորդ Նորվան Սրբազանի եւ թեմական խորհրդի նախորդ ու ներկայիս պատասխանատուների վրա: Մարդու փոփոխություն լինի, թե ոչ, թեմի գործունեությունը կոչված է բարելավելու բոլոր ոլորտներում՝ լինի վարչական կառավարումը, թե հարաբերությունները Թեմի ներսում՝ ծխական խորհուրդների, հոգեւոր հովիվների, աշխարհիկների միջեւ տարիների ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ:   

Սփյուռքը շատ բացասաբար է ընդունել այս հրաժարականը: Ոմանք ահազանգ են տեսնում դրանում: Որո՞նք կլինեն հետեւանքները Ֆրանսիայի հայ համայնքի համար:  

Այս իրարանցումը ցույց է տալիս, որ այդ հրաժարականը հուզել է մեր Սփյուռքին: Ոմանք շահարկում են այն եւ դրանում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների վատթարացման արտահայտություն են տեսնում: Հարկավոր է խուսափել քաղաքական վերագրումներից: Այս իրադարձությունը պետք է մեզ ստիպի մտածել մեր փոխադարձ նպատակների մասին, ըմբռնել դա եւ առավել լայն երկխոսություն սկսել:

Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի հայ եկեղեցու «վաղվա օրը»: Ո՞վ կարող է փոխարինել Նորվան Զաքարյանին:  

Դարերի ընթացքում մեր Եկեղեցին, որ երբեմն վայրիվերումներ է ունեցել, միշտ ներկա է եւ կշարունակի գոյություն ունենալ Ֆրանսիայում: Դեռ շուտ է Նորվան Սրբազանին փոխարինողի մասին խոսել, բայց իր հատկանիշները նրան թույլ կտան  քրիստոնեական հավատքի հաղորդագրություն տարածել հավատացյալների մեր համայնքին, որը միասնական է՝ չնայած տարաձայնություններին:

Մեկնաբանություններ (2)

henri
Norvan Srpasane pacarig hokevoragan men e orinag nvirumi yev hokevor gyanki,azganver yev pari korcerov haydni: Vehaparin veraperume nman anci me hanteb barzabes gobid sxal men é vor bedk tcher deghi unenal:Havanapar garcvacen aveli canr hedevankner grna unenal VASN INTCHI ? Gatil me meghrin badmutyune bidi grgnvi ush gam ganux:
noubar
Sa el kotchvoume ekeretsakan mafia...our mnatsin dzer hogevor arotqnere...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter