HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Որովհետև ես կարող եմ

Ո՞վ է խոսում հաղթելու մասին. դիմակայել, ահա ամենը:

Ռայներ Մարիա Ռիլկե

«...Որովհետև ոչ մի ճակատամարտ երբևէ հաղթությամբ չի ավարտվում, ասաց նա: Նույնիսկ տեղի չի ունենում: Մարտադաշտը սոսկ բացահայտում է մարդու հիմարությունն ու հուսահատությունը, իսկ հաղթանակը փիլիսոփաների ու խեղկատակների պատրանքն է»:

Ուիլիամ Ֆոլքներ

Չորրորդ կուրսի ուսանող էի: Ավարտական քննության էի «Կովկասի ավանդական մշակույթ» առարկայից: Դասախոսս քառասնամյա կին էր: Գեղեցիկ էր, փոքրամարմին, ներկած շեկ մազերով, խիստ խնամված ու սեթևեթ էր: Ձախ ձեռքի մատնեմատին պարբերաբար հայտնվում ու անհետանում էր ամուսնական մատանին: Ավագ կուրսի ուսանողներից լսել էինք, որ տիկին Հարությունյանը ամբիոնի վարիչի սիրուհին էր: Ոմանք ասում էին՝ ամուսնացած է, ոմանք՝ նշանված, մյուները պատմում էին, որ բաժանված է... Բայց որ ամբիոնի վարիչի սիրուհին էր, լուռ հաստատում էին բոլորը:

Ես երբեք պարտաճանաչ ու պիոներական գերազանցությամբ փայլող ուսանողների շարքում չեմ եղել ու տարեկան ներկայանում էի ընդամենը երկու-երեք դասախոսությունների, մնացածը բաց էի թողնում: Չեմ ուզում գլուխ գովել, թե բացակայությանս ժամերը գրադարաններում կամ էլ ավելի կարևոր տեղերում էի անցկացնում: Չէ: Ապրել սիրող սովորական երիտասարդի պես ժամերով թրև էի գալիս քաղաքի փողոցներում, ժամանակ էի սպանում, ծանոթանում էի նոր մարդկանց հետ, ձանձրույթի մեջ խեղդված օրերին էլ մնում էի տանն ու կարդում էի, պատահում էր՝ քնած էի մնում: Ժամանակը գիտեր: Դեռ էնքան հասուն չէի, որ փորձեի ժամանակս էդ անիմաստ դասերի փոխարեն մի օգտակար բանով լցնել, բայց մի բան հաստատ գիտեի. ժամավաճառ դասախոսների դասերը ինչ-որ կերպ բոյկոտել էր պետք:

Կուրսեցիներիս վերաբերմունքն իմ հանդեպ նույնպես միանշանակ չէր: Պարտաճանաչ ուսանողների շրջանում ես մեծամիտ մեկի համբավ ունեի, պարկեշտ աղջիկները վստահ էին, որ դասի ժամերին տղաների հետ թրև եկողներից եմ, իսկ մի խումբ ազնվատոհմ ընկերուհիներ վրաս կեղծավորի կնիք էին դրել՝ իբր թե իրենց սիրելի դասախոսներին ծաղրուծանակի առարկա դարձնելով ամեն գնով փորձում եմ տարբերվել բոլորից: Որովհետև նրանք, որ սովոր են ինչ-որ բան անել կա՛մ ի հակառակ բոլորին, կա՛մ բոլորին ի նմանություն, երբեք չեն կարող պատկերացնել, որ աշխարհում ապրող մարդիկ կան, ովքեր ինչ-որ բան անում են, որովհետև այդպես են ուզում, կամ որովհետև առավոտ ժամանակ չեն ունեցել երեկոյան արվելիք քայլերը պլանավորելու համար, կամ որ գուցե անում են այնքանը, որքան կարող են: 

Առաջին կուրսում ես բացարձակ անտեղյակ էի իմ մասին թևածող լեգենդներին, քանի որ չունեի մտերիմ մեկին, որ կպատմեր ինձ՝ ինձնից անկախ հյուսվող զուգահեռ կենսագրությանս մասին: Ու չնայած ես նրանց շատության կողքը լրիվ անպաշտպան ու մերկ էի, չնայած կողքիս չունեի ինձ սատարող ու կշիռ ունեցող մեկին, որևէ անվանի դասախոսի սիրելի ուսանողը չէի և ոչ էլ հետագայում ամբիոնի վարիչի սիրուհին դառնալու հավակնություններ ունեի, նրանցից ոչ ոք երբեք դեմ առ դեմ ինձ չասաց իր կարծիքը, ոչ ոք երբեք երեսիս չշպրտեց, թե ինչ է մտածում իմ մասին:

Հետո հասկացա, որ նման վերաբերմունքը սովորական բան էր դառնալու ինձ համար: Հաջորդ ալիքը համալսարանն ավարտելու ժամանակ բարձրացավ: Ես հրաժարվեցի մասնակցել ավարտական երեկոյին, որովհետև նախ չեմ պատկերացնում ինձ որպես ռաբիս ռեստորնի հաճախորդ, հետո էլ հարուստ կուրսեցիներս ինձ համար շատ մեծ գումար էին հավաքում երեկույթի համար: Ես բավական քաղաքավարի էի, որպեսզի խուսափեի նրանց վիրավորելուց և չհայտարարեի, որ իրենց ընտրած ռեստորանը ռաբիս տեղ է, ուր ես չեմ կարող գնալ: Մյուս պատճառը՝ փող չունենալս, նույնպես չէի կարող բոլորին պատմել: Դրա համար էլ ուղղակի չմասնակցեցի միջոցառմանը՝ առանց որևէ լուրջ պատճառ բերելու: Այս քայլս պիտակվեց որպես ռասիզմի, վեհիզմի ու մեծամտության դրսևորում: «Անին չի ներկայացել, որովհետև իրեն մեզնից բարձր է դասում», «Անին թքած ունի մեզ վրա», «Անին ամեն ինչ անում է, որպեսզի առանձնա բոլորից», «նրա միակ նպատակը տարբերվելն է», «Անին կրկնօրինակում է մեր հերոսներին»: Որևէ մեկի մտքով չանցավ, որ Անին ուղղակի ուրիշ նախասիրություններ ունի ու մեկ էլ չունի ավել գումար՝ ճոխ տոնախմբությունների մասնակցելու համար:

Նույն խոսակցություններն էլ ավելի մեծ թափ առան ուսանողական դասադուլների ժամանակ: Նրանք դասադուլներին խմբով էին մասնակցում՝ ավագի գլխավորությամբ: Բոլորը միշտ տեղ ու ժամ էին պայմանավորվում, հետո միասին միանում էին ցուցարարներին՝ ընդհանուր կոչերով ու մեկ պաստառի տակ: Ես չունեի ընկերներ, որոնց հետ կարող էի մասնակցել ցույցերին: Սկսեցի մենակ գնալ: Ապրող երիտասարդի համար ցանկացած ցույց, բոյկոտ կամ պայքար մի երանելի վիճակ է, ու ես էլ շատ էի երազում կարողանալ դա կիսել մտերիմ մարդու հետ: Երազում էի ընկերների մասին, որոնց հետ ցույցերի կգնայինք, լոզունգներ կհորինեինք, թղթե պաստառներ կկտրատեինք, խուլիգանություն կանեինք, բայց այդ տարին տարբեր չէր նախորդներից, ու ես չունեի գաղափարակից ընկերներ: Այնուամենայնիվ՝ ցույցերին մասնակցում էի, բայց՝ մենակ: Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ ես հիմա էլ փորձում եմ տպավորություն ստեղծել, թե միայնակ պայքարող եմ, տարբեր եմ, առանձին, ինձ չեմ նույնացնում համակուրսեցիներիս հետ ու ամեն գնով փորձում եմ տարբերվել մեծամասնությունից. «իրեն Ռոբեսպիերի տեղն է դրել», «նորաթուխ Չե Գևարային տեսեք», «մենք բոլորս նույն բանի համար ենք հավաքվել. եթե մեր կողքին չես, ուրեմն ուզածդ այլ բան է»: 

Սա շատ բնական մտածելակերպ էր այն մարդկանց համար, ովքեր սովոր են միշտ շքախմբերով շրջել՝ միջնադարյան արքաների պես: Նրանք հանդիպում էին կանգառում, որ միասին մտնեին համալսարան, միասին էին լսարան ելումուտ անում, անգամ երկար ընդմիջումներին խմբով էին իջնում ճաշարան, իսկ մենակ եղած ժամանակ էլ միշտ գիտեին, որ իրենք այս կամ այն խմբից էին: Այն մարդիկ, ովքեր միշտ ու ամեն վայրկյան սովոր են մեջքի հետևում զգալու ուրիշ մարդկանց՝ ընտանիքի անդամների, մանկության ընկերների, կուսակցական գաղափարակիցների, թեկուզ գոնե սիրեկանների կամ թեկուզ գոնե ստվերների ներկայությունը, երբեք չեն կարող հասկանալ մեկին, ով մոր արգանդից մենակ է՝ մինչև ուղնուծուծը, ու անճարակությունից է, ոչ թե մեծամտությունից, որ քաղաքում մենակ է շրջում: Միակ հարմար մեկնաբանությունը, որ այս մարդիկ կարող են քեզ տալ, տարբերվելու անհագ ցանկությունդ է: Իսկ դու, եթե մի փոքր հպարտություն ունես (իսկ ես այդպիսին եմ), պետք է կարողանաս բամբասանքներին ի պատասխան զուսպ ժպտալ ու ճաքեցնելու աստիճան սեղմելով ատամներդ՝ լռել:

Տիկին Հարությունյանը բարի դասախոս էր: Կարող էր ընդառաջել անգամ ամենածույլ ուսանողին, բայց մի հարցում պահանջկոտ էր՝ բացակայությունների: Նրա կուրսը կարելի էր գերազանց ավարտել միայն բարեխճորեն հաճախելով բոլոր դասախոսություններին: Ես, իհարկե, բաց էի թողել նրա գրեթե բոլոր ժամերը, բայց դա դեռ մի կողմ: Տիկին Հարությունյանը բաց թողածս դասերի ժամերին մի քանի անգամ ինձ տեսել էր համալսարանի միջանցքում՝ բարձր կուրսի տղաներից մի քանիսի հետ: Ես գիտեի, որ այդ հանդիպումները հետո հիշվելու էին:

Մեկ շաբաթ տևած անքուն գիշերներ, ու ես քննությանը ներկայացա պատրաստված: Սպասեցի հերթի ավարտին: Գերազանց ուսանողները գերազանց գնահատականներով դուրս եկան, մնացածները՝ լավով: Ոչ ոքի բավարար կամ անբավարար չնշանակվեց: Իմ հերթը հասավ: Մտա քննասենյակ, ողջունեցի: Տոմս քաշեցի, նստեցի ու սկսեցի պատրաստվել: Կարդաց  անունս: Մոտեցա քննասեղանին: Պատմեցի հարցատոմսիս բոլոր հարցերը: Պատասխանեցի հավելյալ հարցերին: (Հետո պարզվեց, որ տիկին Հարությունյանը բոլորին նշանակել է այն գնահատականը, ինչ ուսանողներն իրենից խնդրել են):

- Շատ բարի,- հանկարծ ընդհատեց պատասխանս,- ի՞նչ կգնահատես քո պատասխանը:

- Ներեցեք, բայց գնահատելը ձեր աշխատանքն է:

- Ուսանողներից լսեցի, որ հերիք չի՝ գրում ես, մի հատ էլ լա՜վ խիզախ գնահատականներ ես տալիս քեզ դասավանդող դասախոսներին, մի առարկան ի՞նչ է, որ պատասխանիդ գնահատականը չգիտես: Ի՞նչ գնահատական է պետք քեզ մագիստրատուրա ընդունվելու համար:

- Նշանակեք այն գնահատականը, ինչի որ պատասխանել եմ, տիկին Հարությունյան:

- Քո պատասխանը հազիվ բավարարի է ձգում: Նշանակե՞մ:

- Ես չեմ կարծում, թե ավելի վատ եմ պատասխանել, քան գերազանց ստացած մյուս ուսանողները:

- Գերազանց ստացած մյուս ուսանողներն ինձնից գերազանց գնահատական են խնդրել, նույնիսկ եթե չհաշվենք, որ դասախոսական կազմը այստեղ-այնտեղ ծաղրուծանակի առարկա չեն դարձնում:

- Նշանակեք պատասխանիս համապատասխան, տիկին, ես չեմ պատրաստվում ձեզնից ոչինչ խնդրել:

- Ես քեզ բավարար եմ նշանակում, որովհետև ցանկություն չունեմ հանդիպելու քեզ մագիստրատուրայում:

- Անկախ ձեր նշանակած գնահատականից՝ ստիպված կլինենք մագիստրատուրայում հանդիպելու:

Ես առանց երկարելու վերցրի ստուգման գրքույկս, որտեղ ուսանելուս չորս տարիների առաջին բավարար գնահատակնն էր հենց նոր նկարվել, ու դուրս եկա:

Կատաղությունս հազիվ զսպելով՝ իջա ուղիղ դեկանատ: Թուղթ ու գրիչ խնդրեցի, որովհետև պայուսակս լսարանում էի մոռացել, ու բողոքարկեցի գնահատականս: Պատմեցի անարդարության մասին ու հանձնաժողով պահանջեցի: Փոխդեկանս, ով ճանաչում էր ինձ, առաջարկեց առանձնազրույց ունենալ տիկին Հարությունյանի հետ՝ վստահեցնելով, որ նա անպայման կընդառաջի: Ես հրաժարվեցի: Սկզբունքի հարց էր, ինձ հանձնաժողով էր պետք:

Դիմումս ընդունվեց: Վերաքննությունս նշանակվեց տասը օրից: Միակ բանը, որ ուզում էի այդ պահին, սեպտեմբերին մագիստրատուրայում առաջին նստարանին նստելն ու տիկին Հարությունյանին ողջունելն էր:

Անցան տասը օրերը: Ես մի տառ անգամ չկարդացի «Կովկասի ավանդական մշակույթ» առարկայից:

Հանձանաժողովը գումարվեց: Ժամը իննին ներս մտան բողոքարկած երեք ուսանողները: Ես նրանց շարքում չէի: Հանձնաժողովի անդամները հավելյալ երեսուն րոպե էլ սպասեցին: Անի Ասատրյանի անվան դիմաց «չներկայացած» նշանակվեց: Տիկին Հարությունյանը հաղթել էր ինձ ու ինչպես և կամենում էր՝ երբեք չէր տեսնելու ինձ մագիստրատուրայում, որտեղ իր պես դասախոսներ էին դասավանդելու: Ես նրանց որևէ բան չապացուցեցի: Հետո ամեն անգամ այդ քննությունը վերհիշելիս մտքումս անգիր պիտի արտասանեի Հրանտի «Կայարանից» սիրածս տողերը.

«Դավթյանն ինձ համար գուշակեց խոզարածություն, ես ետ դարձա ասելու՝ «կարծիր», իսկ շամուտետեցի Մերուժանը ձեռք էր բարձրացրել և շատ էր ուզում դասը պատմել, որովհետև այդ օրվա դասը հասկացել էր: Նա, այնտեղ, իմ մտքում, դեռ աղաչում էր դաս հարցնել իրեն, իսկ ես ահա եղել եմ Մոսկվայում, հաղթել եմ, պարտվել եմ...»

 

Ես չհանձնեցի վերաքննությունս, որովհետև նա լսել էր պատասխանս ու միայն ինքը գիտեր՝ ինչպես է նկարել գնահատականս ու միայն ես գիտեի, որ գնահատականս կապ չուներ պատասխանիս հետ: «Բավարարը» նկարվել էր այն տղայի ծուռտիկ դիմագծերի նմանությամբ, ում հետ մեկ տարի առաջ միջանցքում ինձ տեսել էր տիկին Հարությունյանը: Չկա ավելի հեշտ բան (իհարկե եթե մտավոր հետամնաց չես), քան տասը օրում մի առարկայի քննությանը գերազանց պատրաստվելն է: Ես համոզված էի, որ կարող եմ ապացուցել հանձնաժողովին, որ տիկին Հարությունյանը անձնական հաշիվներ ունի ինձ հետ ու ես բնավ մեղավոր չեմ իր չստացված կյանքի համար, բայց քանի որ վստահ էի, որ մագիստրատուրան իմ տեղը չէ ու ես այնտեղ անելիք չունեմ, մտածելու բան էլ չունեի:

Վերաքննության օրը ես արթնացա կեսօրին, մի ժամի չափ թավալ եկա անկողնում, երեկոյան կողմ դուրս եկա քաղաք՝ թափառելու: Ուսերիս երանելի թեթևություն էր իջել: Ամառը մտել էր մաշկիս տակ ու ոսկորներս ավելի տաք էին, քան երբևէ: Առաջին անգամ մաշկիս վրա զգում էի պատերազմի վրա թքած ունենալու ազատությունը: Պատերազմի դաշտեր, որտեղ տիկինհարությունյաններն ինձ անբավարար էին նշանակում, հետո հանձնաժողովով գալիս էին ինձ հաղթելու: Ես երբեք հանձնաժողովների չէի ներկայանում: Նրանք բոլորը միշտ մի երեսուն րոպե սպասում էին ինձ, հետո չներկայացած էին նշանակում, անվանս դիմաց գրում՝ «պարտված», հետո էլ, որպես հաղթած տղերք, փողոցում քիթները վեր ցցած ու շողարձակելով քայլում էին, իսկ ես չէի էլ մտապահում ո՛չ մարտերի օրերը, ո՛չ էլ պատճառները: Հեշտությամբ նրանց էի նվիրում առանց կռվի ինձ ջախջախիչ պարտության մատնելու բերկրանքը, որովհետև ես հաղթող կոչվելու հավակնություններ վաղուց արդեն չունեի:

...Ինձ արդեն էլ հնարավոր չէր ոչ հաղթել ոչ պարտվել որովհետև ես կարող էի նույն օրը լսարան մտնել ու հայտարարել որ ես մտավոր հետամնաց եմ ու բացարձակ ոչինչ չգիտեմ ադղների. չերքեզների ու օսերի ավանդական մշակույթից որովհետև ես կարող էի նույն օրը հատակից բարձրացնել տիկին Հարությունյանի թափված թղթերն ու շնորհակալության չսպասելով դուրս գալ լսարանից որովհետև ես կարող էի ու որևէ խնդիր չունեի հայտարարելու որ ասենք իմ այս կամ այն պատմվածքը աղբ է կամ հազիվ երեքի ձգող պատճեն (այո ես ինքս իմ մասին եմ խոսում) որովհետև ես կարող եմ ու խնդիր չունեմ հրապարակավ հայտարարելու որ իմ որևէ տեքստ արտագրություն է Սարոյանից կամ օրինակ Ֆոլքներից ինչու՞ չէ կուզեք նաև ձեզնից կամ ասենք իմ երրորդ դասարանի շարադրությունների կանաչ տետրից դրանից ոչ իմ ընթերցողների ոչ էլ գլխիս մազերի թիվը չի պակասելու որովհետև ես էլ հավակնություն չունեմ հաղթող օծվելու որովհետև ես կարող եմ ու հենց հիմա էլ հայտարարում եմ որ տղան ում հետ միջանցքում ինձ տեսել էր տիկին Հարությունյանը ինձ ձանձրալի մեկը համարեց ու լքեց որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ որ ես բնավ գեղեցիկ չեմ ու ամեն առավոտ հայելու մեջ նայելով համոզվում եմ որ չկա աշխարհում ավելի անիմաստ ու ասիմետրիկ դիմագծերով մեկը քան ես եմ որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ որ ես երազում եմ բոլոր տիկինհարությունյանների տղամարդկանց մասին (եթե նրանց կողքը այդպիսիք կան) որովհետև ես երազում եմ իմանալ ինչի՞ մասին են զրուցում տղամարդիկ սովորական կանաց հետ որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ որ ես ծնվել եմ ավելի անհաջող ընտանիքում քան դուք բոլորդ միասին վերցրած ու հիմա ամեն կերպ փորձում եմ խմբագրել դա որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ որ էս զզվելու չափ մեծ արևի տակ առանց հոր եմ մեծացել ու նախանձում եմ ձեզ բոլոր հոր հովանու ներքո ապրողներիդ որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ որ երրորդ սորտի ապրանք են բոլոր մտքերս քայլերս ու լռությունս ու դուք կարիք չունեք էլ մեջքիս հետևից քմծիծաղելու որովհետև ձեր լեգենդների դեմ ես խուլ եմ համր ու կույր որովհետև թող ձեզ լինի ճշմարտությունը ու Նիկեն թող միշտ անկողին մտնի ձեզ հետ ես հավակնություններ չունեմ որովհետև ես կարող եմ ու հենց հիմա հայտարարում եմ.

Հանգիստ թողեք ինձ միշտ ու անբավարար նշանակեք, որ չհանդիպենք մագիստրատուրայում. ես չեմ ներկայանալու վերաքննությանը, տիկնայք:

Մեկնաբանություններ (30)

հարություն
Ապրես: Եւ մի էլ փորձիր արդարանալ կամ բացատրել ինքդ քեզ, չարժի:
tamara
Հարգելի Greg Tamazian, կարծիք ունենալն ու արտահայտելը չեմ համարում խնդիր ունենալ, անկախ նրանից՝ կարծիքը դրական է, թե բացասական: Կարծիք գրելն ու խորհուրդ տալը մարդու ազատություններն են, այլ բան է, թե հեղինակն այդ կընդունի, թե ոչ, դա արդեն հենց իր գործն է: Իսկ ստեղծագործությանը ես փորձում եմ նայել որպես իրական կյանքից հատված, փորձում եմ ինձ դնել հերոսուհու տեղում եւ գալիս եմ մի եզրակացության, որ կան շատ հարցեր, որոնց համար չի կարելի մեղադրել ոչ ոքի, առաջին հերթին պետք է գտնես քո մեղքի բաժինը, հետո ուրիշներինը: Սա իմ կարծիքն է:
Հետք
Իսկ ես կածում էի թե ապուշության պաշտպանները քիչ են:
Samvel
Անկեղծությունն անհրաժեշտ առաքինություն է, բայց բավարար չէ: Ինչ-որ մեկն ասել է՝.«Քանի մարդը ցավ է զգում՝ նա ողջ է: Քանի մարդը ուրիշի ցավ է զգում՝ նա մարդ է»: Անի ջան, եթե տեքստը հորինված չէ, ապա կարող են, սիրում են և կսիրեն Ձեզ, ինչպիսին որ կաք (մեկնաբանություններն ապացույց): Խնդիրն այսպիսին է. արդյոք պատրա՞ստ եք Դուք հոմանիտար սիրով մարդկանց սիրելու: Որովհետև անհրաժեշտ պահին բացատրությունից ձեռնպահ մնալը չի նշանակում բարի և ուժեղ կամք: Որովհետև երբ ճչում է հպարտությունը, որը նկատելի է Ձեր պարագայում, անկասկած լռում է սերը: Իսկ ում չի դիպչել սերը, գնում է խավարով, ինչքան էլ գեղեցիկ մատուցելու ընդունակություն և կարողություն էլ ունենա: Մարդիկ ապրում են զգացմունքներով, իսկ զգացմունքների համար միևնույն է ով է ճիշտ, ով է սխալ, ով է հարուստ, ով է շիկահեր և այլն: Քանի որ մարդուն խելքը տրված է հասկանալու համար, որ միայն խելքով չի կարելի ապրել: Ու հասկանում է միայն նա, ով ուզում է հասկանալ: Հարմոնիան՝ դա սեր է: Եվ մարդը պետք է ձգտի զգալ այդ սերը ու այդ դեպքում կարիք չի ցգացվի մենակությունով սփոփվել, բողոքել, կամ հարբել, կամ ուրիշ այլ ձևերով դժգոհել մարդկանցից և սեփական ճակատագրից, որոնք դեպրեսիայի (կարելի է ասել ինքնաոչնչացման) թաքնված, կամ բացահայտ տարատեսակներ են: Իսկ ավելի ճիշտ՝ սերը մեզ տրված է կյանքի հետ միասին և մենք իրավունք չունենք նրանց ինչ որ ձևերով խոչնդոտելու, կամ մեռցնելու, քանի որ մեզ չեն պատկանում: Հավատացեք, որ ''թքած'' ունենալը՝ դա ամենադյուրինն է, իսկ դրա համար ծափահարում են միայն իրենց ուժեղ համարող թույլերը, որոնք ծույլ են հոգեպես:
Դիանա
եթե իմանայի, որ հորինված պատվածքա, ուղղակի կերտած ինչ որ աղջկա կերպար, միգուցե ինչ-որ արժեք ներկայացներ, կամ կասեի հետաքրքիր ոճովա շարադրած, կարդացվողա, միգուցե մտածեի, վերլուծեի... բայց կարդալով հեղինակի այլ գրառումներ, ֆեյսբուքյան ստատուսներ, միշտ նույն եզրահանգումն եմ անում. հեղինակի մոտ ամեն ինչ պտտվումա սեփական «ԵՍ»ի շուրջ, երևի մտածումա, թե շրջապատում 99 տոկոսը խավարամիտ են, տխմարոտ,իրա արյունն էլ կապույտա...հա, կան մարդիկ , որ այֆոնով հայելու մեջ նկարվում են, տխմար տեքստերով նկարների վրա ամբողջ օրը թագ են անում, եվրատեսիլ են նայում, անցած դարի սկզբներից եկող մեթոդներով համալսարան են սովորում ու ավարտում,ֆորմա են հագնում ու վաճառող են աշխատում (ընդորում մարդիկ անսեռ չեն լինում), բայց պետք չի իրանց ցածրացնել, որ էդ ֆոնի վրա քեզ բարձր զգաս, էդ կարդացած մարդու պահվածք չի, էդ խելացի չի, էդ բոլորից մի քանի քայլ առաջ գտնվող մարդու արարք չի, էդ ինչ որ տեղ նաև ..զզվելիա
Gary canada
Es kargi stextsagortsutyun grelu Hamar erku vichakum Piti gtnves... 1. Ahavor depression Or 2. Under point 8 marichuanayi kam cocaine azdecutyan talk. respects to author.
Gary canada
Es kargi stextsagortsutyun grelu Hamar erku vichakum Piti gtnves... 1. Ahavor depression Or 2. Under point 8 marichuanayi kam cocaine azdecutyan talk. respects to author.
hagop
Hi Ani, since I came to read you for the first time -at that time it related to your feelings towards the supermarket cashiers- I did not miss any of your articles, in fact this is my seventh one, and want to say you continue, you are very interesting person and what you write brings a lot of freshness
Naira
Ani jan chem karcum vreja et meke hastat haskaca vrej kliner ayn jamanak erb nsteir arjevi nstaranin u voxjuneir nrancic yuraqanchyurin irenc hatuk cinik u vochinch chasox jpitov .cavoq qo patmutyune miake chi .bayc du mi hiastapvi vochinch haratev chi ......haskacar inc .u heto es vat baner groxneric voch mek ete gone inqn ir het derasanutyun chi anum uremn es patmutyune hastat iren canota ete kashvi vra chi zgacel apa acqerov tese akanjov el lsela ....cavoq xul u hamren chevanum shatere et hastat ,ancav gluxe avetarani tak chdnoxnern en ......apres hamarcak u chisht datoxutyunner es anum .isk komentneric haskaca vor der goyatevum en en mardiq vor mtacum en te horinvac grqer kardalov aveli kirt u graget kmecanas qan kianqi dproc ancnelov ,teyev qo gragitutyane kaskacel petq chi ,ete iharke kardacoxe mtavor hetamnac chi ......
Varujan
Best wishes for you from Montreal.
Armen
Ինչ ել սիրուն աղջիկ էս... Ինչի էս կյանքից եդպես հիասթափված?
Gayane
Ani jan teqstt shat lavn er apres .............. aprir inqt qez voqevorelov ev mardkanc el apacucir vor du LAVN es bolor nrancic ovqer qez vatnen hamarum
Հայկո
Հավաքական իմաստով մենակ կարելի ա հայտարարի գալ, որ էս աղջիկը պարզապես ասելիք չունի ու խաբեբայությունների հետ ջերմ հարաբերությունների մեջա: Ողջ ծամծմածը, երկար -բարակ տատիական ու կլիշեավորված մտքերը լավ կլիներ մի նախադասության մեջ ամփոփեր, բայց չէ, մարդը ուզումա թպրտա, ուզումա ջուր ցանի, ինչ ասես: Բայց ինչ խոսք եթե նման իրարանցում ա կարողացել առաջացնել էս հիմար զառանցանքի տակ, ուրեմն կարելիա ոգևորել նրան, որ ավելի տափականա ու ավելի շատ զառանցի, ու ազատագրի հոգին միջակ ապրումներից: Հետքը լավությունա անում էլի փաստորեն:
Ասպիրին
ինձ լացելու չափ ցավացրեց: եթե կան մարդիկ, որ մտածում են էս տեքստը դասախոսի կամ վրեժի մասին էր, կորեք գրողի ծոցը ձեր պրիմիտիվ քոմենթներով, դուք ոչինչ չեք հասկացել
Lilit
Ապրված պատմություն: Ես ամեն բան հասկացա, բոլոր բառերն իմաստով են շարադրված, չկա ինքնանպատակ միտք... Հա, մի բան էլ... ես էլ եմ նախանձում հոր հովանու տակ ապրածներին, ովքեր միշտ կարծելու են, թե մեզանից լավն են, որովհետև հայր ունեն: Բայց ապրել ու պայքարել իմացողները նրանք են, ովքեր փոքրուց մենակ են հաղթահարում ամեն բան: Մենակ լինելը վատ չէ, եթե դու քեզ համար լավ ընկեր ես :)) իսկ դու հաստատ լավն ես:
Эдгар
Barev dzez. Kardaci dzer patmutyun@ u mi qani haytarari eka. shat hachaxeq krknum , vor dzez haxtecin. Porceq urish koxmic ayd situaciayin nael! Mez haxtumen ayn zhamanak , erb menq @ndunum enq mer partutyun@. Aynqan hesht u lucvox harca dzerd harc@ I'm karciqov , vor petq cher principi gnal u uxaki petqer ayd dasaxosuhun humovor kam ayl pozitiv tramadrutyamb stanal < 5 > . Ete karoxem ogtakar linel mec hachuyqov kzrucem dzer dasaxosi het. Misht karoxaceq hasnel dzer uzacin ev moraceq partutyun bar@.
Armine
Hiacac em uxaki..... Ev zarmacac mekanabanutyunneric amboxch tpavorutyuns pchacrecin... Chem sirum erb animast qnnadatuk en, bajc entadruk em vor Anii hamar hima da lriv mievnuynn e... Bravo
Հայկ
Մարդու ինքնահաղթահարման ճիգը մշտապես ուղեկցում է նրան: Սա դրա հերթական ակտերից մեկն է: Բայց սա Անիի ինքնահաղթահարման ակտը չէ, ոչ էլ կոնկրետ այլ մեկի, սա հավաքական իմաստ ունի, որը հեղինակը փորձել է ներկայացել առաջին դեմքով: Ինչ վերաբերում է վրեժի մասին ենթադրություններին: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն օրինակ Ջ. Օրուելը իր Անասնաֆերմոայում վրեժ էր լուծում խոզերից:
Hasmik
Ani jan kardaci cavoq verjum nayev eknabanutyunnery ev uzum em asel vor karces te voch voq cher haskacel dzer graci bun imasty, hamenayndepys indz hishecrec Jonatani chay patmvacqy u shat urax em vor magistratura chi gnacel Anin, inch ktar nran magistraturan? atum em amboxy, hogov struknerin, miguce nra texy urish hartutyan mej e, miguce na arvesti mard e, vory iren veragtnelu chish uxin e yntrel:)
Արևիկ
Անի ջան, կարդում եմ գրածներդ. դրանք լավն են, հետաքրքիր ու անկեղծ: Էս մեկը հատկապես լավն էր, որովհետև ցավից ծնված պատմություն էր ինքնավստահության և սեփական կանոնների մասին: Իսկ գրված կարծիքներից էլ վերցրու էն ամենը, ինչ քեզ ուժ կտա:
Դասատու
Նկարդ շատ վատը չի: Հա տակի «իմիպրտնի» անուններն էլ դզզզզզզզզզող են՝ ուրիշ կարգին բան չգտա՝ կներես՝
Greg Tamazian
Անի ջան ապրես, շատ լավն էր... Ինձ դուր եկավ պարզությունը, կյանքից վերցված դրվագն ու պատումը... Ես հաճույքով ընթերցեցի Հ.Գ. Հարգելի մեկնաբանություն գրողներ, պետք չէ տեքստին նայել, որպես կենցաղային բնույթի պատմություն ու մի բան էլ խորհուրդներ տալ... եթե դուք տեքստը հասկանում եք կենցաղային բնույթի դիրքերից ուրեմն խնդիրը ձեր մեջ է
Ծույլիկ
Դու կարող ես անտաղանդ լրագրող կամ գրող դառնալ՝ բոլորն էլ կարող են: Բայց նորմալ լրագրող կամ գրող դառնալ՝ ելնելով քո կենսագրությունից և այս գրածից՝ ՉԵՍ ԿԱՐՈՂ:
tamara
Չափազանց կենցաղային բնույթի պատմություն: Դուք ինքներդ եք մեղավոր Ձեր խնդիրների համար:
Գաբրիել
Սիրուն բառերը իր կողք շարելով սիրուն միտք չի ստացվում: Դուք պետք է Ժամանակին դասերից շատ չփախչեիք՝ կրթության պակասը Ձեր մոտ ակնառու է: Խորհուրդ կտամ այլ գործով զբաղվեք՝ բայց այդ նոր գործին համապատասխան կրթություն ստանալիս դասերից չփախչեք թե չէ էլի նույն «մասնագետը» կդառնաք:
Давид
И откуда столько ненависти к себе и окружающим?Мизонтрапию понимаю,даже приму,хотя автор говорит ,что ей одиноко,но при этом ничего не предпринимает.А вот ненависть к себе,не пойму.Может у вас с зеркалом что-то не то,потому что ваши фото не соответствуют вашим словам!!!
Harout Derghazarian
Hello from Los Angeles. Ani, it's very well written story.Please continue the good work.
անի ասատրյան
հարգելի Ռուզաննա, ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեր մեկնաբանության ու գնահատականների շարժառիթը մեր ամբիոնի դասախոս տիկին Հարությունյանի պաշտպանությամբ հանդես գալն է, բայց ուզում եմ նշել, որ տեքստիս բոլոր անունները հորինված են, բոլոր համընկնումներն էլ՝ պատահական:
Ռուզաննա
Անի ջան , դժվարանում եմ ասել, հաղթել եք թե պարտվել, դա ձեր ընկալումներն են, բայց կարծում եմ մի քիչ դեղին մամուլի է ձգտում ձեր նյութը ու շատ էլ չի տարբերվում ձեր դասախոսի արարքից, իսկ անձնականության սահմանների տեսանկյունից էլ ավելի մանր է, քանի որ դուք ձեր վրեժում ուղղակի պրիմիտիվ ԲԱՄԲԱՍԱՆՔ եք շրջանառում ու դրա խայծի կառուցում ձեր վերլուծական պատմությունը...պարբերաբար կարդում եմ ձեր նյոթերը ու դրանք իրոք հետաքրքիր են , բայց այս մեկը իսկապես տարրական չարացած վրեժ է....
Հովհ.
թե մագիստրատուրայի թե ընդհանրապես բարձրագույն կրթության առումով մեր օրերում պետք է հասկանալ որ դիպլոմը զուգարանի թղթի արժեք ունի, դիպլոմին նայելով ձեզ աշխատանքի չեն ընդունելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter